ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՃԱՄՊՐՈՒԿԱՅԻՆ ՏՐԱՄԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՀՀ փոխոստիկանապետ Հայկ Մհրյանն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել: Ինչպես հայտնի է, Մհրյանը նախկին ոստիկանապետ Արման Սարգսյանի մանկության ընկերն էր, եւ հենց վերջինս էր նրան համակարգ վերադարձրել: Մինչ այդ Մհրյանը զբաղեցնում էր Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի պաշտոնը: Եվ, ահա, Արման Սարգսյանի գնալուց հետո հեռանում է  նաեւ նա: Մենք տեղեկացանք, որ նա աշխատանքից ազատման դիմում էր ներկայացրել հունիսի 10-ի երեկոյան եւ սպասում էր մակագրման: Ընդ որում, բազմիցս էր գրվել այն մասին, որ նա  համակարգ բերեց ոստիկանությունից ազատված (6 տարի) եւ «ՀՀ ոստիկանության մասին» օրենքով այլեւս ոստիկանության համակարգում աշխատելու իրավունք չունեցող Մհրյանին: Եվ ավելին, արտակարգ դրության ընթացքում հենց նա էր ոստիկանությունից հանդիսանում իրավիճակի պատասխանատուն եւ ընդգրկված էր պարետատան կազմում: «Ժողովուրդ» օրաթերթը նաեւ գրել էր, որ Արման Սարգսյանի՝ ոստիկանապետ դառնալուց հետո տարբեր համակարգերում աշխատանքի անցան նախկին ոստիկաններ. նրանց թիվը հատկապես մեծ էր քաղաքապետարանում, քանի որ Արման Սարգսյանն ու Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը ընկերներ են: Եվ, ահա, Արման Սարգսյանի հեռանալուց հետո ոստիկանապետ նշանակվեց նրա տեղակալը՝ Վահե Ղազարյանը, որը, մեր տեղեկություններով, առաջիկայում կադրային փոփոխություններ է անելու ոստիկանության համակարգում: Եվ Մհրյանը բնավ էլ առաջին մարդը չէ, որը հրաժեշտ տվեց իր պաշտոնին ոստիկանապետի նշանակվելուց հետո: Ամեն դեպքում, նկատենք, որ նա անձամբ է աշխատանքից ազատման դիմում ներկայացրել ընկերոջ հեռանալուց հետո:

 

 

 

Երեկ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը նիստ է անցկացրել եւ քննարկել առաջիկա անելիքները: Բանն այն է, որ այսօր խորհրդարանում պետք է հատուկ նիստ գումարվի Հայաստանում հաստատված արտակարգ դրությունը երկարացնելու համար, իսկ հունիսի 16-ին էլ մեկնարկելու է Ազգային ժողովի հերթական նստաշրջանը: Եվ այսօր պատգամավորները քննարկել են, թե ինչպես իրենց պետք է դրսեւորեն վաղը եւ մյուս օրերին: «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ թեժ օրեր են սպասվում, եւ պատգամավորներին զգուշացված է, որ արտահերթ նիստերը շատ են լինելու: Եվ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ երեկվա նիստի գլխավոր թեման կրկին եղել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության զբաղեցրած դիրքը, եւ որոշվել է մի որոշ ժամանակ ավելի հանգիստ պահվածք դրսեւորել: Եվ որոշվել է, որ այսօր կայանալիք հատուկ նիստի ժամանակ եւս չեզոք դիրք գրավեն, որեւէ կերպ, որեւէ քննադատական խոսք չհնչեցնեն ԲՀԿ-ի հասցեին եւ այնպես անեն, որ ամեն ինչ հանգիստ ընթանա: Իհարկե, սա այն դեպքում, եթե սադրանքներ կամ շատ քննադատական ելույթներ չլինեն: «Ժողովուրդ» օրաթերթը նաեւ տեղեկացավ, որ կենտրոնական գրասենյակում տեղի ունեցած նիստից հետո պատգամավորները քննարկումներ են ունեցել նաեւ խորհրդարանում եւ որոշել՝ ով վաղը պետք է ելույթ ունենա, ինչ հարց պետք է տան եւ այլն:

 

 

 

Ինչպես հայտնի է, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 24-ին մեկնելու է  Մոսկվա՝ Հայրենական մեծ պատերազմի 75-ամյակին նվիրված զորահանդեսին մասնակցելու։ Բնականաբար, վարչապետը Մոսկվա միայնակ չի մեկնելու, նրան կուղեկցեն անվտանգության աշխատակիցներ, աշխատակազմի ներկայացուցիչներ, ինչպես նաեւ ներկայացուցիչներ: Պաշտպանության նախարարությունից եւ անձամբ նախարար Դավիթ Տոնոյանը: Եվ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Մոսկվա մեկնելուն իշխանությունները բավականին լուրջ են նախապատրաստվել՝ հաշվի առնելով կորոնավիրուսային իրավիճակը, եւ մինչեւ հունիսի 24-ը Մոսկվա բոլոր մեկնողները պետք է 3-4 օրը մեկ պարբերականությամբ կորոնավիրուսի վարակվածության թեստ հանձնեն, որպեսզի վստահ լինեն, որ վարակված չեն: Ընդ որում, թեստ են հանձնում բոլորը, այլ ոչ թե միայն ղեկավար կազմի ներկայացուցիչները: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Պաշտպանության նախարարությունից հաստատեցին, որ Դավիթ Տոնոյանն արդեն իսկ կորոնավիրուսի թեստ հանձնել է, եւ նրա պատասխանը բացասական է: Սակայն ինչպես նշեցինք, մինչ այդ կրկին պետք է թեստեր հանձնեն մի քանի անգամ: Այստեղ ընդգծենք, որ կորոնավիրուսի թեստի բացասական պատասխանն անհրաժեշտ է նաեւ Արցախ մեկնելու համար: Եվ, ահա, երեկվանից Արցախ է մեկնել ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը, որը եւս մինչ այդ թեստ է հանձնել, եւ պատասխանը բացասական է եղել:

 

 

 

Երեւանի վարչական շրջանների մի մասում ապրիլին, մարտի համեմատ, բնակարանների գները չեն բարձրացել, պահպանել են նախորդ ամսվա մակարդակը: Օրինակ, Կենտրոն վարչական շրջանում բնակարանի մեկ քմ-ն ե՛ւ մարտ, ե՛ւ ապրիլ ամիսներին արժեցել է 670 հազար դրամ: Բայց եթե այս գները համեմատենք նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ, ապա թանկացումը զգալի է՝ 80 հազար դրամ: Արաբկիր վարչական շրջանում ապրիլին բնակարանների մեկ քմ-ի գինը կազմել է 465 հազար դրամ, բայց մեկ տարի առաջ այն կազմել է 404 հազար 100 դրամ: Այսինքն՝ Արաբկիր վարչական շրջանի դեպքում մեկ տարվա ընթացքում գները բարձրացել են 60 հազար 900-ով: Պաշտոնական վիճակագրության տվյալներով՝ Քանաքեռ-Զեյթուն, Նոր Նորք, Ավան, Էրեբունի, Շենգավիթ, Դավիթաշեն, Աջափնյակ, Մալաթիա-Սեբաստիա եւ Նուբարաշեն վարչական շրջաններում եւս բնակարանների մեկ քմ-ի գները ապրիլին, մարտի համեմատ, չեն բարձրացել, այլ մնացել են նույնը: Ի դեպ, նշենք, որ Ավան վարչական շրջանում բնակարանի մեկ քմ-ն արժե 303 հազար 50 դրամ, Դավթաշենում` 350 հազար դրամ: Թերեւս անշարժ գույքի շուկայում տիրող իրավիճակը պայմանավորված է աշխարհը փոթորկած կորոնավիրուսով, երբ մարդկանց անգամ չի հետաքրքրել բնակարան գնելը կամ վաճառելը:

 

 




Լրահոս