ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ով է մարզպետներից ամենահարուստը. ինչ են գնել կամ վաճառել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը ներկայացնում է ՀՀ բոլոր մարզպետների՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացված հայտարարագրերը։

Ներկայացված հայտարարագրերի համաձայն, Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը ոչ մի անշարժ գույք չունի. համենայնդեպս այդ մասին տվյալ հայտարարագրում առկա չէ: Դրա փոխարեն մարզպետն ունի 2005 թվականի արտադրության VOLVO մակնիշի ավտոմեքենա, որը նա ձեռք էր բերել դեռ 2014 թվականին: Այսինքն, 2019 թվականին, նա ավտոմեքենա չի գնել: Սակայն հետաքրքիր են նրա դրամական միջոցների մասին տվյալները. մասնավորապես մարզպետը բանկում ունի 10 մլն դրամ և 7 հազար դոլար: Ընդ որում, տարվա սկզբում նա բանկային հաշիվների վրա ունեցել էր 3 մլն դրամ: Իսկ ահա որպես կանխիկ, մարզպետը տարվա սկզբին ունեցել էր 95 հազար դրամ և 17 դոլար, իսկ տարվա վերջին՝ 231 հազար դրամ և 834 դոլար: Ուշագրավ է, որ որպես շահերի բախում մարզպետը ներկայացրել է <<ԲԻԶՆԵՍ ՔԱԼՉՐ>> ՍՊԸ-ն, որի հավատարմագրային կառավարիչը Եվգենիա Ասրիյանն է: Եվ հետաքրքիր է, որ կայքում տեղադրված է միայն մարզպետի հայտարարագիրը. նրա ընտանիքի անդամներից ոչ մեկինը տեղադրված չէ:

Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը, հայտարարագրի համաձայն, համատեղ սեփականությամբ ունի անհատական բնակելի տուն Արարատի մարզի Նոր Կյանք համայնքում: Հայտարարագրի համաձայն, նա չունի տրանսպորտային միջոց և ոչ էլ ձեռք է բերել: Մարզպետի բանկային հաշիվներում տարվա ավարտին եղել է 859 հազար դրամ, իսկ կանխիկ՝ 180 հազար դրամ:

Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը հայտարարագրել է մեկ բնական՝ Երևանի Կենտրոն վարչական շրջանում, 2019 թվականին շարժական և անշարժ գույք ձեռք չի բերել: Տվյալների համաձայն, նա բանկային հաշիվներում ունեցել է 2 մլն 155 հազար դրամ, իսկ որպես կանխիկ գումար՝ 2 հազար դոլար և 2 մլն 300 հազար դրամ:

Չնայած Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը 2019 թվականին շարժական կամ անշարժ գույք չի գնել, սակայն նա 2019 թվականի դրությամբ ունի 1 անհատական բնակելի տուն և 2 հողամաս: Երեք շինությունն էլ Գեղարքունիքի մարզի Ծակքար համայնքում է, իսկ տունն էլ ստացել է որպես ժառանգություն: Նա մեքենա ևս չի գնել, սակայն ունի 2002 թվականի արտադրության MERCEDES-BENZ մակնիշի ավտոմեքենա:  Հետաքրքիր է, որ մարզպետը տարվա սկզբում իր հաշվին ունեցել է 469 հազար դրամ, իսկ տարվա վերջում՝ 653 դրամ: Իսկ որպես կանխիկ գումար նա հայտարարագրել է 1 մլն 400 հազար դրամ և 70 հազար ռուբլի:

Հայտարարագրի համաձայն, Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանն ունի 4 անշարժ գույք, որից երեքը Լոռու մարզում, իսկ մեկ բնակարանը՝ Երևանի Կենտրոն վարչական շրջանում: Նա մեքենա չի գնել, բայց ունի 2007 թվականի արտադրության MERCEDES-BENZ մակնիշի ավտոմեքենա:  Մարզպետը բանկում գումար չի ունեցել, իր ամբողջ գումարը՝ 7 մլն դրամ, նա կանխիկ է պահում:

Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը, հայտարարագրի համաձայն,  ունի 3 անշարժ գույք, որից երկուսը բնակարան, մեկը՝ հողամաս: Ընդ որում, 2019 թվականին մարզպետը Արաբկիր վարչական շրջանում գնել է 51 մլն դրամ արժողությամբ բնակարան և 17 մլն դրամով վաճառել Աբովյանում գտնվող բնակարանը: Սակայն մարզպետը մեքենա չի գնել, սակայն ունի 2004 թվականի արտադրության BMW մակնիշի ավտոմեքենա: Ռոմանոս Պետրոսյանը բանկային հաշիվներում ունեցել է 1 մլն 922 հազար դրամ, իսկ կանխիկ՝ 850 հազար դրամ:

Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը Գյումրի քաղաքում 2019 թվականին գնել է 19 մլն դրամ արժողությամբ բնակարան: Նա ունի նաև TOYOTA մակնիշի ավտոմեքենա, որը գնել էր 2017 թվականին: Մարզպետը բանկում ունեցել է 305 հազար դրամ, իսկ կանխիկ՝ 2 մլն դրամ:

Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը, հայտարարագրի համաձայն, չունի շարժական և անշարժ գույք, ոչ էլ ձեռք է բերել 2019 թվականի ընթացքում: Բանկում մարզպետն ունեցել է 796 հազար դրամ, 6920 դոլար, իսկ կանխիկ՝ 12 մլն դրամ և 8 հազար դոլար:

Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը ևս շարժական կամ անշարժ գույք չի հայտարարագրել, սակայն որպես բանկային հաշվում առկա գումար հայտարարագրել է  6 մլն 870 հազար դրամ: Սակայն ուշագրավ է, որ նա 2019 թվականի համար որպես եկամուտ հայտարարագրել է ձեռնարկատիրական գործունեությունից ստացված եկամուտ՝ տարբեր գումարների չափով:

Իսկ ահա Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը չունի անշարժ գույք, ձեռք չի բերել, սակայն ունի 2006 թվականի արտադրության LEXUS, որը ձեռք է բերել 2018 թվականին: Մարզպետն առձեռն ունեցել է 10 մլն դրամ, իսկ բանկում՝ 737 հազար դրամ: Որպես շահերի բախում հանդիսացող ընկերություն մարզպետը նշել է ՖՐԻՆԵՐՋԻ ՍՊԸ-ն, որից 2019 թվականին ստացել է 448 հազար դրամ:

Մանրամասները՝ տեսանյութում

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս