Նոր փոփոխություն տնտեսվարողների համար. ինչ հարց է ընգդրկված ԱԺ նիստի օրակարգում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն հայտնել էինք, որ այսօր՝ 17:00-ին, տեղի կունենա ԱԺ արտահերթ նիստ: Նշենք, որ օրակարգում Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին հարցն է:

Ըստ այդ փոփոխությունների, շահութահարկ վճարողները կազատվեն 2020 թվականի 2-րդ եռամսյակի համար շահութահարկի կանխավճարներ կատարելու պարտավորությունից։ Նշենք, որ այս հարցով վերջնաժամկետը հունիսի 20-ն էր։

Բացի այդ, պատգամավոր Բաբկեն Թունյանը հայտնում է, որ նախագծով ամբողջությամբ կվերանայվի շահութահարկի կանխավճարների համակարգը՝ սահմանելով, որ յուրաքանչյուր եռամսյակի շահութահարկի կանխավճարը կատարվում է նախորդ տարվա արդյունքներով հաշվարկված շահութահարկի գումարի 20 տոկոսի և նախորդ եռամսյակի իրացման շրջանառության 2 տոկոսի գումարներից նվազագույնի չափով։ Զուգահեռաբար, վերացվում է կանխավճարի որևէ եղանակի ընտրության համար հայտարարություն ներկայացնելու պահանջը։

Նկատենք սակայն, որ այս փոփոխությունը ոչ թե ժամանակավոր է, այլ մշտական։ Այսինքն, տնտեսվարողներն այլևս ստիպված չեն լինի ամեն տարի մինչև մարտի 20-ը հայտարարություն ներկայացնել, թե որ տարբերակով են շահութահարկ վճարելու։ Ավտոմատ կընտրվի այն տարբերակը, որն ի օգուտ տնտեսվարողի է։ Պատգամավորը նկատում է, որ այս նախագծի ընդունումը ինչ-որ առումով հակաճգնաժամային միջոցառում է՝ հարկային արձակուրդ, որը թույլ կտա մեղմել կորոնավիրուսի հետևանքով տնտեսվարողների մոտ ծագած իրացվելիության խնդիրը՝ ազատելով նրանց 2-րդ եռամսյակի համար շահութահարկի կանխավճարներ կատարելու պարտավորությունից ։

Հավելենք, որ նախագծի երկրորդ ընթերցումը նախատեսվում է իրականացնել 24-ժամյա ռեժիմով: Այսինքն՝ մինչև հունիսի 20-ը օրենքը ընդունված ու ստորագրված կլինի։




Լրահոս