ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովեսփյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում անդրադարձել է այն տեղեկություններին, ըստ որի՝ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի շուրջ համախմբում է լինելու իրենց խմբակցության պատգամավորների շրջանում: Ըստ իմքայլական պատգամավորի՝ նման տեղեկությունները հորինված են, իրականության հետ կապ չունեն եւ դրանք զուտ տարածվում են ինչ-որ շրջանակների կողմից:
-Երեկ որոշվեց, որ պետք է արտակարգ դրությունը երկարացվի, որովհետեւ կորոնավիրուսը չի նահանջում Հայաստանում: Ընդդիմությունն ասում է, որ ոչ թե սա երկարացվում է կորոնավիրուսի համար, այլ իշխանությունն է երկարաձգում: Դուք ինչպե՞ս եք դրան վերաբերվում:
-Ես կարծում եմ, որ իշխանության երկարաձգման ճանապարհը ընդդիմությունը իրավունք չունի որոշելու, եւ դա իր կորած երազանքն է: Որեւէ կերպ չեմ կապում, չեմ ուզում անգամ գնահատել ընդդիմության կարծիքը: Ես միայն հետեւյալը կասեմ. կախված այսօրվա խնդիրներից եւ ելնելով այն իրավիճակից, որը կա՝ նպատակահարմար գտնվեց, որպեսզի երկարացնեն: Իսկ դրանից անմիջապես հետո միգուցե մեկ շաբաթ հետո այլեւս կարիքը չլինի, նոր քննարկում լինի եւ չեղարկվի: Բայց այս պահին որոշվել է մեկ ամիս երկարացնել, կանոնները պահպանել, հնարավորություններ տալ այն տնտեսվարողներին, որոնք կանոնները պահելով կաշտախեն, աշխատեն:
-Տիկի՛ն Հովսեփյան, Ձեր իշխանությունների դեմ նոր, հզոր ընդդիմություն է ձեւավորվում՝ ի դեմս ԼՀԿ-ի, դրսում, որպես արտախորհրդարանական ուժ, Արթուր Վանեցյանի, ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի, որը պահանջում է իշխանության հրաժարականը: Արդյոք կարծո՞ւմ եք, որ ընդդիմությունը կհասնի իր նպատակին: Կարծո՞ւմ եք, որ պետք է կառավարությունը հրաժարական տա, իսկ Ձեր իշխանությունը պետք է հեռանա:
-Նախ հզորությունն էլ պետք է չափենք: Ո՞վ է որոշել չափել այդ հզորությունը: Ես չափման միավորը դեռ չեմ գտել: Ես ակնկալում եմ ընդդիմությանը, երբ պահանջում է 100 տոկոսով հրաժարական, ավելի բաց խոսել եւ ավելի հասկանալի խոսել: Միգուցե բնակչությունն ուզում է լսել այն նոր կառավարութան իրենց տեսլականը, որը դեռ մինչեւ այսօր չի հնչեցվել: Ես առաջարկում եմ ավելի բաց տեքստով խոսել: Իսկ ինչ վերաբերում է կառավարության հրաժարականին, դա կարող է միայն լինել այն լեգիտիմացնող, ընտրող քաղաքացիների պահանջով:
-Ձախողումներ ունեցա՞ք այս ժամանակահատվածում, քանի որ պարոն Ծառուկյանն ասում է, որ բոլոր ոլորտներում կառավարությունն ունեցել է ձախողում: Իսկապես ունեցե՞լ եք ձախողում:
-Բոլոր ոլորտների հետ կապված ուղղակի չեմ գնահատի, որովհետեւ մենք շատ մեծ ոլորտներում շատ լուրջ հաջողություններ ունենք: Կան, իհարկե, ոլորտներ, որտեղ սխալներ կան: Այսինքն՝ այնպես չէ, որ ես ինքս Ազգային Ժողովում չեմ բարձրացրել հարցեր, միեւնույն ժամանակ հնչեցնելու նրա համար, որ ուշադրություն դարձվի, քանի որ կարող է այս կամ այն հարցն ուշադրության կենտրոնից դուրս մնացած լինել: Եթե նկատել եք, որ դրանից հետո անմիջապես քայլեր են ձեռնարկվել, ոչ միայն իմ, այլ նաեւ այլ պատգամավորների կողմից:
-Ինչո՞ւ հիմա ԲՀԿ-ն խոսեց ու դժգոհություն հայտնեց: Ըստ վարչապետի մամուլի խոսնակի՝ քրեական գործեր կան հարուցված, ինչի համար պարոն Ծառուկյանը պահանջեց ե՛ւ վարչապետի, ե՛ւ կառավարության հրաժարականը: Դա կապո՞ւմ եք միմյանց հետ:
-Վերջին ժամանակահատվածի տեղի ունեցած իրադարձությունները, այսինքն՝ օրենքների ընդունումները, քրեական գործերը, մի շարք մարդիկ, որոնք պետք է պատասխանատվության ենթարկվեին, եւ քայլերը, որոնք արվել են, եւ միեւնույն ժամանակ ընդդիմություն-կոալիցիա վիճակները, որ ստեղծվել են, ես կարծում եմ՝ բերեց այս ամենին: Քրեական գործերին շատ չեմ ծանոթացել, միայն մամուլին եմ հետեւում, որովհետեւ, կարծում եմ, որ այս պահին դա իրավապահ մարմինները պետք է անեն: Ես սպասում եմ իրենց գնահատականին՝ ինչու իրենք ուզեցին:
ՓՈԽՎԵՑԻՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՀՈ
Երեկ տեղի ունեցավ կառավարության արտահերթ նիստ, որի ժամանակ քննարկվեց արտակարգ դրության ժամկետը երկարաձգելու մասին հարցը: Նախագծում մի քանի փոփոխություններ են կատարվել. օրինակ՝ այժմ նախագծի 17-րդ կետում սահմանված է, որ Պարետի որոշմամբ սահմանված տարածքներում արգելվում է հանրային միջոցառումների կազմակերպումը, անցկացումը եւ դրանց մասնակցությունը: Այժմ այդ կետում փոփոխություններ են կատարվելու եւ պարետի որոշմամբ «սահմանված տարածքներ» բառերը փոխարինվելու են «Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում» բառերով:
Սույն կետի իմաստով հանրային միջոցառումներ են 20 եւ ավելի անձանց մասնակցությամբ անցկացվող հետեւյալ միջոցառումները,
համերգները, ցուցահանդեսները, ցուցադրությունները, թատերական ներկայացումները եւ սպորտային, մշակութային, կրթական այլ միջոցառումները,
ժամանցային միջոցառումները,
տոնական եւ հիշատակի միջոցառումները, ներառյալ, բայց չսահմանափակվելով` ծննդյան (տարեդարձի), հարսանյաց (նշանադրության), թաղման միջոցառումները,
պարետի ցուցումով որպես հանրային միջոցառում որակված այլ միջոցառումներ:
Բացի այդ, նախատեսվում է, որ կառավարության կողմից որպես աջակցություն ստացած դրամական միջոցների վրա արգելանք չի կարող դրվել: Մասնավորապես, այսպիսի դրույթ է սահմանվում. «Ֆիզիկական կամ իրավաբանական անձի կողմից իր հետ աշխատանքային կամ այլ պայմանագրային հարաբերություններում չգտնվող ֆիզիկական անձին որպես աջակցություն տրամադրված դրամական միջոցների վրա արգելանք դնելու կամ բռնագանձում տարածելու լիազորությունը: Սույն ենթակետի իմաստով աջակցություն են համարվում այն դրամական միջոցները, որոնք տրամադրվել են 2020 թվականի մարտի 16-ից հետո` անհատույց կերպով` կորոնավիրուսի հետեւանքով սոցիալական խնդիրների առաջացումը կանխարգելելու կամ կորոնավիրուսի հետեւանքները չեզոքացնելու (հաղթահարելու) համար: Սույն ենթակետում նշված դրամական միջոցների վերաբերյալ տեղեկատվությունը Հարկադիր կատարումն ապահովող ծառայությանը տրամադրում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը՝ հիմք ընդունելով աջակցության շահառուների շրջանակի որոշման գործընթացում ներգրավված պետական մարմնից կամ աջակցություն տրամադրող անձից ստացված տեղեկատվությունը՝ աջակցության նպատակի, շահառուների շրջանակի, աջակցություն տրամադրողի, ինչպես նաեւ այն հաշվեհամարի վերաբերյալ, որից փոխանցվել (փոխանցվելու) են դրամական միջոցները»:
Նյութեը՝ ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ
ՈՎՔԵ՞Ր ԵՆ ՈՒՂԵԳՐՎՈՒՄ
ՀՀ առողջապահության նախարարությունը տեսանյութ է հրապարակել՝ տեղեկացնելով, թե ովքեր են ուղեգրվում COVID-19-ի թեստավորման։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, COVID-19-ի թեստավորման են ուղեգրվում այն անձինք, ովքեր հիվանդ են ծանր սուր շնչառական վարակով, ունեն բարձր ջերմություն ու հազ կամ հեւոց, շփվել են հաստատված COVID-19-ի վարակով անձի հետ եւ ունեն քրոնիկ հիվանդություններ, նրանց մոտ առկա է ջերմություն կամ շնչառական վարակներին բնորոշ ախտանշաններ։ COVID-19-ի թեստավորման են ուղեգրվում նաեւ այն անձինք, որոնց մոտ ախտորոշվել է թոքաբորբ, մանկաբարձական ստացիոնար ընդունվող ծննդկաններ կամ կանանց կոնսուլտացիա հաճախող հղիներ, որոնց մոտ առկա է ջերմություն, հազ կամ հեւոց, հաստատված COVID-19-ով մորից ծնված նորածինը, բուժաշխատողներ, որոնք աշխատում են որեւէ բժշկական հաստատությունում, որոնք ունեն ջերմություն, հազ կամ հեւոց։ Բացի այդ, թեստավորման են ուղեգրվում 2020 թվականի ամառային զորակոչի ընթացքում բժշկական հետազոտում անցնող զորակոչային տարիքի անձինք, ովքեր ունեն սուր շնչառական վարակին բնորոշ անհագստացնող ախտանիշներ։
26 ՆՈՐ ԴԵՊՔ
Հունիսի 12-ի դրությամբ Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 26 նոր դեպք, եւս 12 հոգի առողջացել է, արձանագրվել է մահվան 1 նոր դեպք։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է մարզպետ Գնել Սանոսյանը։ Նա, մասնավորապես, գրել է. «Հունիսի 12-ի դրությամբ Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 26 նոր դեպք, եւս 12 հոգի առողջացել է, արձանագրվել է մահվան 1 նոր դեպք։ Մահվան դեպքի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտը եղել է 69 տարեկան կին: Ունեցել է ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։ Հաստատված դեպքեր ունենք մարզի Վարդենիս, Շատվան, Սոթք, Նորակերտ, Սեւան, Դդմաշեն, Գեղամավան, Զովաբեր, Մարտունի (քաղաք), Խաչաղբյուր, Արեգունի, Լճաշեն, Վերին Գետաշեն, Վարսեր, Արփունք, Փոքր Մասրիկ, Վարդաձոր, Չկալովկա, Արծվանիստ, Ներքին Գետաշեն, Ձորագյուղ, Ծովագյուղ, Ակունք, Լուսակունք, Վաղաշեն, Գավառ, Կարմիրգյուղ, Նորատուս, Ճամբարակ, Սարուխան, Ծովասար, Լանջաղբյուր, Վահան, Լճափ եւ Ծովինար (ցավով պետք է արձանագրենք, որ տեւական դադարից հետո Ծովինարում կրկին նոր դեպք է հաստատվել) համայնքներում: Մեծ Մասրիկ, Զոլաքար, Ծովազարդ, Ծովակ, Ծակքար, Աստղաձոր, Գանձակ եւ Վարդենիկ համայնքներում վերջին շրջանում նոր դեպքեր չեն գրանցվել, իսկ բոլոր պացիենտներն ապաքինվել են։ Գեղարքունիքի մարզի հարգելի՛ բնակիչներ, իմ խնդրանք հորդորն է ձեզ` ոչ մի պարագայում չթուլացնել զգոնությունը, սոցիալական բարձր պատասխանատվություն դրսեւորել, հետեւել հակահամաճարակային կանոններին, կրել դիմակ, խուսափել մարդկային կուտակումներից եւ շփումների ժամանակ պահպանել ֆիզիկական հեռավորություն»։