Հունիսի 15-ին Հայաստանի ռեստորանային բիզնեսի ներկայացուցիչները պատրաստվում են կառավարության դիմաց կրկին բողոքի ակցիա իրականացնել: Ոլորտի ներկայացուցիչների կարծիքով՝ արդեն չորս ամիս է, ինչ նրանք մատնված են անգործության, իսկ կառավությունն ականջալուր չէ նրանց խնդիրներին:
«Մեր ոլորտն այսօր բառացիորեն կաթվածահար է եղել, հազարավոր մարդիկ կարող են կորցնել իրենց աշխատանքը, հաճախորդները ցանկանում են հետ վերադարձնել իրենց կանխավճարները, որոնք տրվել էին մի քանի ամիս առաջ, եւ այս ամենը կարող է լարվածության աճի հանգեցնել: Մարգարյանը հիշեցրեց, որ իրենք հանդիպել են կառավարության անդամների հետ, ներկայացրել են իրենց պահանջները եւ պատրաստակամություն են հայտնել զիջումների գնալ, բայց մինչ այժմ որեւէ արձագանք չի եղել»,- օրերս այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է հաղորդավար Եփրեմ Մարգարյանը:
Նշենք, որ սույն թվականի մայիսի 21-ին «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը ռեստորանային եւ հանդիսությունների ոլորտում արգելքների չեղարկման վերաբերյալ առաջարկություն էր ներկայացրել կառավարությանը, սական կառավարությունից հայտնել էին, որ մշակույթի եւ զվարճությունների հատվածի տնտեսական գործունեության մի շարք տեսակների վերաբացումը վարակի տարածման ներկա փուլում, հանրային առողջության պահպանման նկատառումներից ելնելով, նպատակահարմար չէ:
Այս կապակցությամբ «Ժողովուրդ» օրաթերթը դերասան Սարգիս Գրիգորյանից հետաքրքրվել է, թե այս անգամ եւս մասնակցելու է իր ոլորտին առնչվող բողոքի ակցիային, թե ոչ:
«Ես կազմակերպիչներից չեմ ու չգիտեմ, թե ինչու անցած անգամ տեղի ունեցած բողոքի ակցիան այնպես ստացվեց, որ ես էի կազմակերխել, բայց ես իրականում կապ չունեի: Կարծում եմ՝ իմ անձի վրա շեշտը դրվեց, քանի որ ես մեջներից ամենահայտնին էի, ինձ էին ճանաչում: Ուրախ եմ ամսի 15-ին կայանալիք բողոքի ակցիայի համար, ուրախ եմ, որ բողոքի ձայնը հնչում է, քանի որ այս ոլորտը գտնվում է սարսափելի վիճակում: Սա առաջին հերթին ձեռք չի տալիս իշխանություններին, սեզոնային բնույթ է կրում, եւ ամեն մի օրը ոսկուց թանկ է: Երեք ամիսը եթե անցավ, մինչեւ մյուս տարվա հունիսի մեկը իշխանությունը մեծ խնդիրների է ունենալու ոչ թե հազար, այլ 100 հազար մարդու կարիքները հոգալու համար, ու դրանցից 80 տոկոսն աղքատության ու սոված լինելու շեմին են: Եթե իշխանությունն անտեսում է, ապա առաջին հերթին դա ի վնաս իրենց է արվում, իսկ մնացածը թող իրենք հասկանան. չգիտեմ, թե ինչ կլինի ու ոնց կլինի»,- նշում է նա:
Հարցին` ի՞նչ սպասելիքներ ունեք հունիսի 15-ին կազմակերպվող բողոքի ակցիայից, մեր զրուցակիցը պատասխանել է. «Լարվածություն կլինի, թե չի չինի, դա ինձ համար այնքան երկրորդական ու երրորդական է՝ հաշվի առնելով այն փաստը, որ հարց ի վերջո պետք է լուծվի: Իսկ հարց լուծելը բռնելով, սադրելով չի լուծվի: Գիտեք, ինչ ասես, կարող ես անել, բայց դրանից խնդիրը չի լուծվում, հակառակը՝ ինչ ասես, պետք է անես, որ խնդիրը լուծվի: Եթե էլի կփորձեն մարդկանց տանել, ապա դա միայն խնդիրը կբարդացնի ու հարցի լուծմանը ոչ մի սանտիմետր մոտիկ չի թողնի: Չգիտեմ՝ ինձ համար դա այնքան երրորդային է, որ դրա մասին չեմ ուզում մտածել: Ես հարց լուծող մարդ եմ, ոչ թե հարց ստեղծող: Սա էլ ես եմ փորձել բարձրաձայնել ու ասել, որ վտանգ կա: Աղքատության ու սովի շեմին է մոտենում մի ամբողջ ոլորտ, որի մեջ 15 մասնագիտություն կա, որը ծնվում է ռեստորաններից: Ես չեմ ասում՝ բացեք, ես ասում եմ, եթե փակում եք, դրա դիմաց ի՞նչ եք առաջարկում: Շատ նորմալ բանական հարց եմ տալիս. ո՛չ բացում են, ո՛չ դրա դիմաց որեւէ բան են առաջարկում»:
Սակայն մեզ հետ զրույցում Սարգիս Գրիգորյանը նշել է, թե տարակուսանքի մեջ է՝ արդյոք կմասնակցի հունիս 15-ին կայանալիք բողոքի ակցիային, թե ոչ:
«Դեռ չգիտեմ՝ կմասնակցեմ, թե չէ բողոքի ակցիային, քանի որ դա կախված է կազմակերպվածության մակարդակից, ասելիքից: Եթե անցած անգամվա նման մի քանի հոգի բարձրացան վերեւ, իրար չլսեն, եթե այս անգամ նույնը լինի, ապա իմաստ չեմ տեսնում ընդհանրապես գնալու: Գնալ միայն ռեկլամ լինելու համար, ես չեմ ուզում»,-ընդգծում է նա:
Հիշեցնենք, որ մայիսի 20-ին ռեստորանային բիզնեսի ներկայացուցիչները բողոքի ցույց էին անցկացրել կառավարության շենքի դիմաց, որի արդյունքում մի քանի մասնակից բերման էր ենթարկվել, այդ թվում նաեւ դերասան Սարգիս Գրիգորյանը, իսկ ավելի ուշ ազատ էին արձակվել:
«ՀՈՒՅՍ ՈՒՆԵՄ՝ ՄԱՐԴԻԿ ԿՎԵՐԱՆԱՅԵՆ ԻՐԵՆՑ ԿՅԱՆՔԸ». ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՊԵԼՅԱՆ
«Ժողովուրդ» օրաթերթը սիրված երգչուհի Քրիստինե Պեպելյանից հետաքրքրվել է, թե ինչպես է հաղթահարում համաշխարհային տարածում ունեցող կորոնավիրուս համավարակը, որն է երգչուհու փիլիսոփայությունն այս օրերին:
-Քրիստինե՛, Դուք, լինելով շատ զգացմունքային, էմոցիոնալ դաշտ ունեցող անձնավորություն, ինչպե՞ս եք ինքներդ Ձեր մեջ հաղթահարում այս համաճարակը:
-Ինձ թվում է էմոցիոնալ եւ ոչ էմոցիոնալ մարդկանց համար նույն ձեւով է անցնում, քանի որ իրականում շատ ծանր շրջան է ստացվել ամբողջ աշխարհի համար, մեր երկրի համար եւս: Բնականաբար, կարծում եմ, որ մարդիկ անհամբերությամբ են սպասում այս համաճարակի ավարտին, որպեսզի վերադառնան իրենց սովորական կյանքին: Անկեղծորեն պետք է ասեմ, որ սա իսկապես դժվար շրջան է:
-Համաճարակից հետո ի՞նչ եք կարծում, արդյոք մարդկանց մոտ արժեհամակարգային փոփոխություններ կլինե՞ն:
-Այնքան էլ համոզված չեմ, որ շատ բան է փոխվելու, չնայած որ շատ մարդիկ ասում են, որ շատ բաներ պետք է փոխվեն, որ մարդիկ վերանայել են շատ գաղափարներ, հարաբերություններ, արժեհամակարգեր, բայց ինձ թվում է՝ մարդը հենց կրկին հայտնվում է իրեն համար հարմարավետ զոնայում, կրկին մոռանում է արժեքների մասին, ու այդ հարմարավետության, կոմֆորտի զգացողությունը շատ բաներ մոռացնել է տալիս, եւ ես հույս ունեմ, որ մարդիկ կսկսեն վերանայել իրենց կյանքն ու հարաբերություները եւ ավելի գնահատող կդառնան, բայց, կարծում եմ, դա մասսայական բնույթ չի կրի, քանի որ դա ավելի շատ տեսակի հարց է:
-Ո՞րն է Ձեր փիլիսոփայությունը այս օրերին:
-Իմ փիլիսոփայությունը կյանքի առումով, նաեւ այս շրջանի հետ կապված, նույնն է. «Եթե դու չես կարողանում փոխել իրավիճակը, ապա պետք է փոխես վերաբերմունքդ իրավիճակի հանդեպ»: Մնում է սպասել եւ հուսալ, որ ինչ-որ բան կփոխվի, այլ կերպ հնարավոր չէ ինչ-որ բան անել: Եթե մենք ուշադիր լինենք մեր շրջապատի հանդեպ, կարծում եմ՝ արդեն իսկ մեծ գործ արած կլինենք, որովհետեւ հարցը ոչ միայն մեր առողջությանն է վերաբերում, այլ նաեւ այն մարդկանց, ովքեր ամիսներ շարունակ իրենց տների դռները չեն թակել եւ հանուն մեզ աշխատում են 24 ժամ: Գնահատենք եւ լինենք առողջ:
Նյութերը՝ ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԻ
ՄՈԼԱԽՈՏԵՐ ԵՆ ԱՃՈՒՄ
Մյունխենի «Բավարիայի» «Ալյանս Արենա» ստադիոնում սկսել են մոլախոտեր աճել: Կորոնավիրուսի համավարակի պատճառով «Բավարիայի» աշխատակիցները զբաղվում են միայն «Ալյանս Արենայի» խոտածածկի խնամքով, ինչի հետեւանքով տրիբունաների հատվածում մոլախոտերը սկսել են դուրս գալ բետոնե շերտի տակից: Կորոնավիրուսի պատճառով շուրջ 2 ամիս «Բավարիայի» համակարգի այն աշխատակիցները, որոնք զբաղվում են ստադիոնի մաքրությամբ, հնարավորություն չեն ունեցել մտնել ստադիոն:
ՆԿԱՐԱՀԱՆՎԵԼ Է ՀՈԼՈՎԱԿՈՒՄ
Կատալոնական «Բարսելոնայի» եւ Արգենտինայի ազգային հավաքականի առաջատար Լիոնել Մեսին նկարահանվել է սպորտային հագուստ եւ պարագաներ արտադրող ամերիկյան Adidas ընկերության հոլովակում: «Այս դադարի ընթացքում ես հասկացա՝ ինչքան մեծ դեր ունի ֆուտբոլը իմ եւ մարդկանց կյանքում: Այն իսկական նվեր է մարդկանց: Ֆուտբոլը վերադառնում է, եւ ես պատրաստ եմ այդ վերադարձին»,- հոլովակում ասում է 32-ամյա հարձակվողը:
Կորոնավիրուսի պանդեմիայի հետեւանքով դադարեցված Իսպանիայի առաջնության վերսկսումից հետո իսպանացի Էնրիկե Սետիենի գլխավորած թիմը հունիսի 13-ին կհյուրընկալվի «Մալյորկային»։
ՄԵԾԱԳՈՒՅՆ ԿԻՆՈՀԵՐՈՍԸ
Հայտարարվել է պատմության ընթացքում մեծագույն կինոհերոսը. հայտնում է «Empire» ամսագիրը, որը հարցում է անցկացրել իր ընթերցողների շրջանում։ Ցանկի առաջատար է դարձել հնագետ Ինդիանա Ջոնսը, որի դերը կատարել է Հարիսոն Ֆորդը։ Երկրորդ հորիզոնականում Էլեն Ռեփլին է «Օտարը» ֆիլմաշարից. նրա կերպարը մարմնավորել է Սիգուրնի Ուիվերը։ Film News կայքը հրապարակել է ամբողջական ցանկը, որը ներկայացվել է «Empire»-ի տպագիր տարբերակում։ Եռյակը եզրափակել է Երկաթե մարդը։ Բացի այդ, ցանկում են հայտնվել Կապիտան Ամերիկան, Լյուկ Սքայուոքերը, Բեթմենը, արքայադուստր Լեան, Ջեյմս Ջոնդը, Սուպերմենն ու Սեւ հովազը։ Փետրվարին հայտնի է դարձել, որ Հարիսոն Փորդը կնկարահանվի արկածներ որոնող Ինդիանա Ջոնսի մասին հերթական ֆիլմում։ Կինոպրոդյուսեր, Lucasfilm-ի նախագահ Քեթլին Քենեդին հաստատել է 77-ամյա դերասանի մասնակցությունը ֆիլմաշարի հինգերորդ ժապավենում։ Նրա խոսքով՝ նոր կինոֆիլմը «շարքի շարունակությունը եւ ոչ թե վերաթողարկումը» կլինի։