Բացասական մեկնաբանությունները վատ են անդրադառնում ընտանիքիս, ընկերներիս հետ շփումների վրա. ինչու՞ է Սարգիս Գրիգորյանը լքել օնլայն հարթակը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օրերս դերասան Սարգիս Գրիգորյանը գրել էր, որ այլեւս անելիք չունի «Ֆեյսբուք» սոցցանցում, եւ ուշագրավ մեկնաբանություն էր թողել. «Իմ վերջին գրառումն է FB-ում…Ոչ մի երջանիկ, ոչ մի ուրախ ու կյանքով լի հայտարարություն, նկար, գրառում ես չեմ տեսնում…Միայն քաղաքականություն, միայն չարախոսություն, միայն հաշվեհարդար ու միայն սպառնալիքներ…»: «Ժողովուրդ» օրաթերթը պարզել է՝ ինչ նկատի ունի նա, արդյոք դերասանին սպառնացե՞լ են: Մենք զրուցել ենք նաեւ վերջին ամիսներին Հայաստանում տիրող իրավիճակի եւ Սարգիսի սպասելիքների մասին:

-Սարգիս, հանրությանը հետաքրքրում է՝ արդյոք որեւէ մեկը սպառնացել, անհանգստացրե՞լ է Ձեզ: Այն, ինչ գրել էիք, սեփական անձի նկատմամբ հանրության նեգատիվի մասին էիք գրե՞լ:

-Ո՛չ, ո՛չ, պարզապես նկատի ունեմ, որ սոցցանցում մարդիկ շատ բացասական գրառումներ են կատարում, մեկնաբանություններ են թողնում, որոնք իսկապես վատ են անդրադառնում իմ տրամադրության վրա: Ես չեմ ուզում հազար հատ թունոտ մեկնաբանություն լսել, ասենք, Մանվել Գրիգորյանի մասին: Ավազակներ դեռ շատ ի հայտ կգան, չեմ ուզում անընդհատ բացասական գրառումներ կարդալ, անընդհատ վրեժի ծարավով ապրել: Եթե ամեն անգամ նման կերպ արձագանքենք, ուր կհասնի: Դա ինձ հաճելի չէ: Այն բացասական լիցքերը, որոնք ստանում եմ, անդրադառնում է ընտանիքիս, ընկերներիս հետ շփումների վրա:

-Կարճ ասած՝ ուզում եք ապրել սիրո եւ հանդուրժողականության մթնոլորտում: Այն մթնոլորտում, որի մասին այդքան խոսում էր Նիկոլ Փաշինյանը:

-Այո՛, մայիսի 8-ին սպիտակ հագած Հանրապետության հրապարակում հավաքվելը իմ միտքն էր, եւ դա պատահական չէր: Ես հեղափոխության ժամանակ իմ ակտիվ քայլն արել եմ, հիմա արդեն իմ գործով եմ զբաղված: Ունեմ թատերական, ֆիլմարտադրության ոլորտներին առնչվող նոր նախաձեռնություններ եւ սոցցանցերում դրանց եմ անդրադառնալու միայն: Ուզում եմ նոր Հայաստանում ողջամիտ մտքեր լսել, դրական էներգիա ստանալ: Դեռեւս չի ստացվում, ինչը նորմալ է:

-Սարգիս, այսօր մեր երկրում աննախադեպ ձերբակալություններ եւ հրաժարականներ են լինում: Սպասո՞ւմ էիք նման զարգացումների: Կպատկերացնեի՞ք, որ բավական արագ կնկատվեն նման տեղաշարժեր:

-Այո՛, իհարկե, ես գիտեի, որ ռադիկալ քայլեր պետք է արվեն, իսկ դրանցից մեկը հենց բյուջեն լցնելն է այն փողերով, որոնք գողացվել են: Բոլորս էլ քաջ տեղյակ ենք՝ այդ փողերը որտեղ են, ում մոտ են: Մեծ հույսեր եմ կապում այս կառավարության հետ, հավատում եմ, որ այն, ինչ արվում է, կհանգեցնի դրական տեղաշարժերի: Տեսնում եմ, որ քաղաքացին այսօր ժպտում է, մարդիկ փոխել են իրենց վերաբերմունքը ղեկավարության նկատմամբ, եւ ողջունում եմ այդ ամենը: Իսկ նախկինում շատերը թքած ունեին վաղվա օրվա վրա: Այսօր արդեն այդ վաղվա օրը նշմարվում է, ինչը հիանալի է:

-Իսկ չկա՞ արդյոք երկրի ղեկավարությանը, հատկապես վարչապետ Նիկոլ Փաշինյանին ֆետիշացնելու վտանգ: Դա ինչի՞ կարող է հանգեցնել: Արդյոք հենց ինքը՝ վարչապետը, չպե՞տք է մտածի այդ ուղղությամբ:

-Երկար տարիներ հայ մարդը երազել է իր իրավունքները վերականգնելու մասին, նա կորցրել էր իր վստահությունը: Եվ հանկարծ եկավ մեկը, ով կարողացավ քայլ անել, համախմբել մարդկանց, եւ, բնականաբար, այդ երեւույթը լինելու էր: Հաղթանակը միայն Նիկոլ Փաշինյանինը չէր, այլեւ ժողովրդինը, իսկ վերջինս երկար տոնում է այն: Բայց դա, կարծում եմ, վտանգավոր չի դառնա: Թերեւս վարչապետն էլ գիտակցում է, որ նման վտանգի դեմը պետք է առնի: Ի վերջո, ժողովուրդն էլ կհասկանա, որ այն, ինչ տեղի է ունենում, ոչ թե լավ է, այլ նորմալ է: Պարզապես այդ լավը այնքան երկար ժամանակ չէինք տեսել, որ արձագանքներն այսպիսին եղան: Ամեն դեպքում, վստահում եմ ներկայիս կառավարությանը եւ մաղթում եմ ամենայն բարիք:

Աննա Բաբաջանյան




Լրահոս