Կասեցվել է «Երևան մոլի» և «Մուլտի Գրուպ Կոնցեռն»-ի գործունեությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ պարետի որոշմամբ՝ այսօր 24 ժամով արգելվել է «Երևան մոլ»-ի գործունեությունը․ խոսքն առևտրի կենտրոնի ադմինիստրատիվ՝ գրասենյակային հատվածի կասեցման մասին է։ Նախորդիվ այստեղ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ստուգայցն արձանագրել էր գրասենյակների համար ՀՀ պարետի սահմանած անվտանգության նորմերի մի շարք խախտումներ՝ աշխատողները գրասենյակային պայմաններում առհասարակ չեն կրել դիմակներ, փակվող աղբամանները չեն համապատասխանել աշխատակիցների թվաքանակին, սոցիալական 1,5 մետր հեռավորությունն աշխատատեղում՝ գրասեղանների միջև, չի պահպանվել, ջերմաչափման մատյանը թերի է լրացվել, աշխատողները ջերմաչափվել են մեկ անգամ։ Այս խախտումների հիմքով և կայացվել է գործունեության ժամանակավոր արգելքի որոշումը։ Կենտրոնի առևտրային մասը շարունակել է գործել։

Ժամանակավորպես արգելվել է նաև «ՍՄՏ-Բեստ» ՍՊԸ-ի՝ բժշկական պարագաների արտադրությամբ զբաղվող գործարանի աշխատանքը․ խախտումներն այստեղ կոպիտ չեն, սակայն, հաշվի առնելով արտադրության առանձնահատկությունը, այս գործարանում նորմերի պահպանումը դիտարկվում է խստագույնս։
ԱԱՏՄ-ն այսօր 24-ժամյա կասեցում է կիրառել նաև «Մուլտի Գրուպ Կոնցեռն» ՍՊԸ-ի սրահներից մեկի հանդեպ․ այստեղ վճարման տաղավարի մոտ չի եղել գծանշում, աշխատողների ջերմաչափում առհասարակ չի կատարվել, առկա չեն եղել փակվող աղբամաններ։

Տնտեսավարողի գործունեությունն արգելվում է տեղեկացման պահից, երբ ԱԱՏՄ աշխատակիցների թիմն իրազեկում է կասեցման մասին և փակցնում դրա որոշումը մուտքի դռանը (դռներին)։
ԱԱՏՄ-ն հիշեցնում է՝ պարետի սահմանած անվտանգության նորմերը ենթակա են պարտադիր կատարման։




Լրահոս