ՎԱՐՉԱՊԵՏԻ ՀԵՏ ՉԻ ՔՆՆԱՐԿՎԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օրեր առաջ «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի բժշկուհի Թեհմինե Ղալեչյանը բաց նամակ էր գրել ՀՀ վարչապետին եւ տեղեկացրել մի շարք խնդիրների մասին։

 

Բժշկուհու խոսքով՝ «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի ընդունարան դիմած հիվանդների զգալի մասն արդեն իսկ գալիս է համակարգչային շերտագրումով (ՀՇ) Covid 19 բնորոշ թոքաբորբ պատասխանով: Իրենք այդ հիվանդներին դիտարկում են որպես կասկածելի դեպք, հոսպիտալացնում (եթե իհարկե տեղ ունեն) ու 2 օր հետո, երբ ունենում են ՊՇՌ դրական պատասխան, փորձում են տեղափոխել Covid 19 դրական հիվանդանոց: Տեղափոխման համար 1-03 պետք է գա, իսկ 1-03 կանչելը գրեթե անհնար է, ինչի համար նույնիսկ տնօրենին են դիմում, որ 1-03 կանչի, իսկ երբ Covid 19-ի համար վերապրոֆիլավորված հիվանդանոցներում տեղ չի լինում (իսկ այդպես հաճախ է լինում), կրկին տնօրենին են դիմում, որ տեղափոխումն էլ կազմակերպի, քանզի ընդունարանում լինում են հիվանդներ միջին ծանրության եւ ծանր, որոնք սպասում են բաժիններում տեղերի ազատման, իսկ դրա համար հաստատված հիվանդները պետք է տեղափոխվեն:

Թեհմինե Ղալեչյանն առաջարկում է համակարգչային շերտագրումով Covid 19 բնորոշ թոքաբորբ պատասխանով հիվանդներին դիտել որպես Covid 19 դրական հիվանդ ու նրանց չքաշքշել մի հիվանդանոցից մի հիվանդանոց, 1-03 ն էլ այդպիսով մի քիչ թեթեւացնել:

Բժշկուհու դիտարկմանն արձագանքել էր նաեւ առողջապահության նախարարի խոսնակ Ալինա Նիկողոսյանը։

«Համակարգչային շերտագրումով COVID-19 բնորոշ թոքաբորբ պատասխանով անձանց որպես COVID-19 դրական պացիենտ դիտարկելու բժշկուհու առաջարկի կապակցությամբ հարկ է նշել, որ ըստ ԱՀԿ-ի՝ COVID-19 դեպքի սահմանումը 2020 թվականի մայիսի 29-ի դրությամբ հետեւյալն է. «COVID-19 հաստատված դեպք» (U07.1 ըստ ՀՄԴ-10) պահանջում է հետադարձ-տրանսկրիպտազային պոլիմերազային շղթայական մեթոդաբանությամբ (ՀՏ-ՊՇՌ, RT-PCR) SARS-CoV-2 հայտնաբերում, իսկ «COVID-19 հնարավոր դեպք»-ի պարագայում պահանջում է կլինիկական եւ համաճարակաբանական չափանիշներ կամ դիագնոստիկ չափանիշներ (COVID-19-ի հետ համատեղելի ռադիոլոգիական, այդ թվում համակարգչային շերտագրումով): Առողջապահության նախարարի՝ 14.06.2020թ. թիվ 06-Ց ցուցմամբ՝ հանձնարարվել է հիվանդանոցային բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող բոլոր կազմակերպություններում առանձնացնել թերապեւտիկ բաժանմունք/բաժանմունքներ՝ COVID-19 ՊՇՌ հետազոտության դրական արդյունք չունեցող, սակայն հոսպիտալացման ցուցում ունեցող «թոքաբորբ» ախտորոշմամբ պացիենտների հիվանդանոցային բժշկական օգնությունը եւ սպասարկումը կազմակերպելու նպատակով…»,- մասնավորապես գրել էր Նիկողոսյանը:

Այս առնչությամբ ArmLur.am-ը նաեւ փորձել է կապ հաստատել ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գեւորգյանի հետ՝ հասկանալու համար, թե ինֆեկցիոն կենտրոնի բժշկի բարձրացրած մտահոգությունների մասին ինչ վերաբերմունք ունի վարչապետը։ Մեր հարցմանն ի պատասխան՝ վարչապետի խոսնակը պատասխանել է, որ Նիկոլ Փաշինյանի հետ նման քննարկում չեն ունեցել։

«Իսկ պատասխանատու մարմինը կետ առ կետ պատասխանել է բարձրացված հարցերին»,-նշել է նա։

ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 

 

ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ

ԵՊՀ մեծ դահլիճում երեկ տեղի է ունեցել Հոգաբարձուների խորհրդի՝ համալսարանի ստորաբաժանումներից առաջադրված պրոֆեսորադասախոսական կազմի թեկնածուների ընտրության երկրորդ փուլը: Հիշեցնենք, որ նախօրե ունեց ին տեղի ած քվեարկության արդյունքում ԵՊՀ պրակտիկայի ղեկավար Արա Աթայանը, Քրեական իրավունքի ամբիոնի վարիչ Արա Գաբուզյանը եւ Աշխարհագրության եւ երկրաբանության ֆակուլտետի դեկանի տեղակալ Սարգիս Քելյանը հավաքել էին հավասար միավորներ, ինչի պատճառով, ըստ նախապես հաստատված կարգի, երեկ անցկացվել է քվեարկության երկրորդ փուլը:

Հաշվիչ հանձնաժողովի նախագահ Արմեն Ավետիսյանն առցանց եղանակով ԵՊՀ գիտխորհրդի անդամներին տեղեկացրել է, որ քվեարկության երկրորդ փուլին մասնակցել է 82 անդամ, անվավեր են ճանաչվել 1 քվեաթերթիկ:

 

 

ՎՐԱՍՏԱՆՈՒՄ՝ ՈՉ ՄԻ ԴԵՊՔ

Վրաստանում վերջին մեկ օրվա ընթացքում կորոնավիրուսով վարակման ոչ մի դեպք չի գրանցվել: Ըստ Վրաստանի հիվանդությունների վերահսկման եւ հանրային առողջության ազգային կենտրոնի տնօրեն Ամիրան Գամկրելիձեի՝ այսօր առավոտվա դրությամբ վերջին 24 ժամում Վրաստանում կորոնավիրուսով վարակման ոչ մի դեպք չի գրանցվել: Ինչ վերաբերում է ապաքինվածներին, ապա վերջին մեկ օրվա ընթացքում Վրաստանում կորոնավիրուսից բուժվել է 20 մարդ: Այսպիսով, վերջին տվյալներով՝ Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 879 դեպք, վարակվածներից 724-ը բուժվել է, 14-ը` մահացել: 2710 մարդ գտնվում է Վրաստանի կարանտինային գոտիներում, եւս 267 մարդ հսկողության տակ է գտնվում հիվանդանոցներում: Նշենք, որ նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվն ամբողջ աշխարհում 8.120.087 է, մահացել է 439.228 մարդ:

 

 

ԽՈՐՀԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը պաշտպանության բանակի սննդի մատակարարման թեմայով աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել: Երկրի ղեկավարը նշել է, որ ԱՀ կառավարությունը շահագրգռված է, որ մատակարարման ծրագրում ավելացվեն տեղական արտադրության գյուղմթերքի տեսակները: «Վերջին տասնամյակում այս ուղղությամբ ձեռքբերումներն ակնառու են, բայց նախանշված ծավալների ավելացումը եւ մատակարարման գործում նոր ընկերությունների ներգրավումն ավելի կխրախուսեն տեղական արտադրությունը»,- ասել է նախագահ Ա. Հարությունյանը: Քննարկվել են բանակի ու մասնավոր հատվածի միջեւ համագործակցության հնարավորությունները եւ այդ ուղղությամբ գործող պետական աջակցության ծրագրերը:

 

 

ՉՎԵՐԹՆԵՐ՝ ԴԵՊԻ ԵՐԵՎԱՆ

Հունիսի 18-ին դեպի Երեւան եւ հակառակ ուղղություններով 3 չվերթ կիրականացվի. տեղեկանում ենք Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի պաշտոնական էջից: «Ս. թ. հունիսի 18-ին կիրականացվի Մինսկ-Երեւան-Մինսկ չվերթը «Belavia» ավիաընկերության կողմից (ժամանում դեպի Երեւան՝ 02:45, Երեւանից մեկնում՝ ժամը 03:35): Ս. թ. հունիսի 18-ին կիրականացվի Մոսկվա-Երեւան չվերթը «Red Wings» ավիաընկերության կողմից (ժամանում դեպի Երեւան՝ 21:40): Պարետի ցուցումով ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեն կուղեկցի ժամանած ուղեւորներին դեպի ինքնամեկուսացման վայրեր, այսինքն՝ ուղեւորների կողմից նախապես տրված հասցեներ։ Ուստի խնդրում ենք ժամանող ուղեւորների հարազատներին անհարմարություններից զերծ մնալու նպատակով չգալ օդանավակայան»:

 

 

ՓԵԹԱԿԸ ՓԱԿ Է

ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնից հայտնում են, որ «Փեթակ» առեւտրի կենտրոնի աշխատանքն արգելվեց 24 ժամով։ Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի ստուգայցն այստեղ արձանագրել է մի շարք խախտումներ` տաղավարների գերխիտ դասավորություն, մինչեւ 20 քմ տարածքով վաճառակետում 2 անձից ավելի անձանց ներկայության չբացառում, գծանշումների, ջերմաչափման, սոցիալական հեռավորության պահպանման, դիմակները պատշաճ չկրելու եւ մի շարք այլ խախտումներ։ Տնտեսավարողին կարգադրվել է անհապաղ դադարեցնել աշխատանքը եւ շտկել խախտումները։

 

 

ԱՐԱԳ ԹԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱՆԵՐ

Արցախի բոլոր հսկիչ անցակետերում գործում են արագ թեստավորման լաբորատորիաներ: Հանրապետություն մուտք գործող անձինք կարող են տեղում թեստավորվել, եթե բացակայում են ՀՀ-ում իրականացված պոլիմերազային շղթայական ռեակցիայի թեսթի կամ արագ թեսթի պատասխանները:

Արդեն տեղադրված են տերմինալները, որով հնարավոր է կատարել դրամական փոխանցում՝ 7000 դրամ, հատուկ հաշվեհամարին, որից հետո թեստավորվել: ԱՀ առողջապահության նախարարության աշխատակազմի պետական հիգիենիկ եւ հակահամաճարակային տեսչության մասնագետները գործուղվել են Արցախի Հանրապետության Շահումյանի եւ Քաշաթաղի շրջաններ՝ «Նոր Խարխափուտ» եւ «Աղավնո» սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետերում իրականացվող աշխատանքները վերահսկելու եւ մեթոդական օգնություն ցուցաբերելու նպատակով:

Նշենք՝ Արցախի Հանրապետություն կարող են մուտք գործել պարետի թույլտվություն ունեցող եւ թեստավորված քաղաքացիները:

 




Լրահոս