Չնայած շրջանառվող տեղեկությունների համաձայն Վենետիկի հանձնաժողովը նախապես բանավոր կերպով դրական է արտահայտվել ՀՀ իշխանությունների ներկայացրած մոդելին՝ Սահմանադրական դատարանի մասով, սակայն ArmLur.am-ը տեղեկացավ, որ գրավոր եզրակացությունն այնքան էլ իշխանությունների սրտով չի լինելու եւ վերջիններս արդեն գիտեն այդ մասին։ Նախ նշենք, որ երեկ Աժ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները շրջանառության մեջ են դրել նոր օրենքի նախագիծ, որի ընդունման պարագայում կդադարի ՍԴ այն անդամների պաշտոնավարումը, որոնք արդեն 12 տարի է՝ ՍԴ անդամ են, ինչպես նաեւ Հրայր Թովմասյանը կդադարի լինել կառույցի նախագահ։ Այս մոդելի ընդունման պարագայում իրենց պաշտոններին հրաժեշտ կտան Ալվինա Գյուլումյանը, Ֆելիքս Թոխյանն ու Հրանտ Նազարյանը։
Ինչպես արդեն նշեցինք, Վենետիկի հանձնաժողովի ընդհանուր եզրակացությունն այնքան էլ դրական չի լինելու եւ մեր տեղեկություններով, այս ընթացքում նրանք բուռն քննարկումների մեջ են եւ փորձում են նաեւ մեղավորներ գտնել՝ ստեղծված իրավիճակի համար։ Իմքայլականնեըը վերջին օրերին թեժ քննարկումների ժամանակ կարծիք են արտահայտել, թե սա առաջին հերթին արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի ձախողումն է, որը չի կարողացել նորմալ աշխատել եւ բանակցել եվրոպական կողմի հետ։ Որպես մյուղ «մեղավոր» նշվում է ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների նախագահ Ռուբեն Ռուբինյանի անունը, որը կարծես թե մոռացել է իր պարտականություններն արտաքին ոլորտում եւ իհարկե պետաիրավական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը եւ մյուս անդամները։ Այդ առումով, մենք տեղեկացանք, որ մեծ դժգոհություն է հասունանում եւ որքան էլ նրանք փորձում են գոնե Սահմանադրական դատարանի հարցում միասնական լինել, սակայն փաստ է, որ այս անգամ եւս ամեն իրենց ցանկացածի պես չի դասավորվել։
Հավելենք, որ սոցիալական ցանցերում առկա տեղեկությունների համաձայն, Վենետիկի հանձնաժողովը նաեւ դժգոհել է, որ փաստացի պատգամավորների նախագիծն ու իրենց եզրակացությունը տրվում է նույն օրը։
Ս․Գ․