Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Վլադիմիր Վարդանյանը, Աննա Կարապետյանը, Հայկ Գեւորգյանն ու Վահագն Հովակիմյանը ներկայացրել են օրենսդրական նախաձեռնություն, որով ցանկանում են փոփոխություն կատարել ԱԺ կանոնակարգ օրենքում։ Ինչպես հայտնի է, այժմ գործող կարգավորումներով պատգամավորները գործուղման լինելու ժամանակ կարող են նախապես գրավոր կարգով իրենց քվեարկության ձևը թողնել ԱԺ նիստերում քննարկվող նախագծերի վերաբերյալլ։ Այժմ պատգամավորներն առաջարկում են մի դրույթ, որով այդպես կարող են վարվել նաեւ այն պատգամավորները, որոնք ժամանակավորապես անաշխատունակության վիճակում են գտնվում, այսինքն վատառողջ են։
Հիմնավորման մեջ նախագծի հեղինակները ևս նկատում են, որ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքով գրավոր քվեարկության հնարավորությունը տրված է միայն Ազգային ժողովի կողմից գործուղման մեկնող պատգամավորներին: Սակայն նրանք նաև նշում են, որ ամբողջ աշխարհում տարածված ԿՈՎԻԴ-19 համաճարակը խորհրդարանի գործունեության համար նոր մարտահրավերներ է ստեղծել: Փաստացի կարող է առաջանալ այնպիսի իրավիճակ, որ խորհրդարանի պատգամավորների մի մասը, բացառված չէ անգամ զգալի թվով, հնարավորություն չունենան խորհրդարանի աշխատանքներին ֆիզիկապես մասնակցել, ըստ այդմ, զրկվելով քվեարկելու հնարավորությունից:
Եվ ահա, այս փոփոխության ընդունման պարագայում, ժամանակավորապես անաշխատունակության վիճակում գտնվող պատգամավորները հնարավորություն կունենան իրենց քվեարկությունն ուղարկել հանձնաժողովների նախագահներին` հանձնաժողովում քննարկվող հարցերի վերաբերյալ, ԱԺ նախագահին` Խորհրդի կամ ԱԺ նիստերում քվեարկությունների վերաբերյալ:
Նաիրա Հովհաննիսյան