ԱԺ «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները շարունակում են սահմանադրական փոփոխությունների նախագիծը ՍԴ-ում վիճարկելու համար քննարկումները:
Հիշեցնենք, որ «Բարգավաճ Հայաստան»-ը մտադիր է Սահմանադրական դատարանում վիճարկել Ազգային ժողովի կողմից երեկ ընդունված սահմանադրական փոփոխությունների մասին օրենքը՝ որակելով այն հակասահմանադրական, սակայն այս խմբակցության պատգամավորների թիվը 25 է, իսկ Սահմանադրական դատարան դիմելու համար անհրաժեշտ է առնվազն 27 ստորագրություն, հետևաբար՝ առանց «Լուսավոր Հայաստան»-ի աջակցության ՍԴ դիմելու հնարավորություն չի լինի։
«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն այսօր հրավիրված ասուլիսում հայտնել է, որ իրենք պատրաստ են ՍԴ դիմել միայն հուլիսի 7-ի` Քոչարյանի գործի լսումներից հետո:
Armlur.am-ի հետ զրույցում «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Շաքե Իսայանն ասաց, որ անձամբ ինքը չի կիսում տեսակետը, թե պետք է սպասել մինչև Ռ. Քոչարյանի գործի քննության ավարտը, և իր համար էական չէ, թե որ պահին ում գործն է քննվում ՍԴ-ում:
«Յուրաքանչյուր քաղաքական ուժ ունի իր օրակարգը, առաջնորդվում է իր նախընտրություններով ու համոզմունքներով: Իրավական առումով և՛ մենք, և՛ «Լուսավոր Հայաստանը» վերահաստատում ենք, որ տեղի է ունեցել սահմանադրության կոպտագույն խախտում, ոտնահարում, հակասահմանադրական նախագիծ է ներկայացվել»,-ասաց Իսայանը:
Նա հայտնեց, որ «Լուսավոր Հայաստանի» կարծիքով, մինչև Քոչարյանի գործի քննության ավարտը պետք է աշխատել ՍԴ ուղարկվելիք դիմումի կետերի վրա, քանի որ ԼՀԿ պատգամավորները որոշ դիտարկումներ ունեն ԲՀԿ-ի ներկայացրած փաստաթղթի դրույթների վերաբերյալ:
«ԼՀԿ-ն նոր նախաձեռնությամբ հանդես չի գալու, դիմումի վրա աշխատանքները շարունակվելու են, մինչև Քոչարյանի գործն ավարտվի, իրենք էլ միանան մեր ստորագրություններին և ՍԴ ուղարկենք փաստաթուղթը: Մեր ձայները չեն բավականացնում, ուստի քննարկումները կշարունակենք, կհասկանանք հուլիսի 7-ից հետո ինչպիսին է իրենց նախատրամադրվածությունը, և առհասրակ այդ դիմումը տալու իմաստ կլինի, թե ոչ, արդյոք ՍԴ-ն այն վարույթ կընդունի»,-ամփոփելով խոսքն ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավորը:
Սոնա Գևորգյան