«ՓԱՇԻՆՅԱՆԻՆ ԻՄՊԻՉՄԵՆՏ ԵՆՔ ՀԱՅՏՆԵԼՈՒ». ԲՀԿ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Շաքե Իսայանը ArmLur.am-ի հետ զրույցում հայտարարեց, որ իրենք պատրաստվում են նոյեմբերի 26-ի արտահերթ նիստին, որի ժամանակ պետք է քվեարկեն ՀՀ-ում ռազմական դրությունը չեղարկելու հարցի համար: Դրանից հետո ընդդիմությունը պատրաստվում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ իմպիչմենտի գործընթաց սկսել:

 

-Ի՞նչ պլաններ են նախատեսում 17 կուսակցությունները: Առաջիկայում ի՞նչն է լինելու ձեր անելիքը: Դուք հայտարարել եք, որ ձեր միակ պահանջը Նիկոլ Փաշինյանի հրաժարականն է: Դրանից ավելի ի՞նչ եք պատրաստվում առաջիկայում իրականացնել:

-Չէ, բնավ այդպես չէ: Մենք հայտարարել էինք ոչ միայն Նիկոլ Փաշինյանի հրաժարականի մասին, այլ նաեւ հայտարարել ենք ազգային համաձայնության ժամանակավոր կառավարություն ստեղծելու եւ խելամիտ ժամկետներում արտահերթ խորհրդարանական ընտրություններ կազմակերպելու մասին: Մենք նոյեմբերի 26-ին  ունենք արտահերթ նիստ, օրակարգում ռազմական դրության չեղարկումն է, որից հետո պետք է անմիջապես սկսվի իմպիչմենտի գործընթաց: Արցախի նախագահն էլ հայտարարեց, որ  խաղաղապահները տեղակայված են, այսինքն՝ գործընթացը այս պահին, ընամենը քաղաքական նպատակահարմարությունից ելնելով, իշխանությունները շարունակում են չեղարկել: Մեր առաջին պահանջն է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, որի օրինական ճանապարհները մենք անում ենք խորհրդարանում եւ նաեւ փողոցերում հանրահավաքների, տարբեր ակցիաների միջոցով բարձրաձայնում ենք եւ փորձում ենք հանրային ճնշումը շարունակել: Այս գործընթացները լինելու են զուգահեռաբար ու շարունակվելու են այնքան ժամանակ, քանի դեռ Նիկոլ Փաշինյանը չի տվել հրաժարական: Մենք վստահ ենք, որ Ն. Փաշինյանը չի կարող կայունացնել երկիրը: Նա պարզապես չի կարող շարունակել ներկայացնել Հայաստանի Հանրապետությունն ու հայերին այդ խայտառակ փաստաթուղթը ստորագրելոց հետո: Ինքն էլ որքան շուտ դա գիտակցի, այնքան շատ ավելի լավ: Եթե իր մեջ հայրենասիրության ու արժանապատվության մի փոքր նշույլ անգամ կա, վստահաբար  հրաժարականը տա  եւ անցնցում հեռանա:

-Տիկի՛ն Իսայան, եթե Հայաստանում այլեւս ռազմական դրություն չլինի, դա  ի՞նչ է տալու ընդդիմությանը, եւ եթե լինի ռազմական դրություն, դա ինչո՞վ է օգնելու իշխանություններին, քանի որ դուք այս պահին էլ շարունակում եք բողոքի ակցիաներ իրականացնել:

-Այո, բայց եթե տեսնում եք, բազմաթիվ խոչընդոտների ենք հանդիպում: Ամեն անգամ, ինչ-որ թեկուզ ամենափոքրիկ ակցիան, որ պետք է իրականացնենք, ոստիկանությունը մշտապես խոչընդոտում է, եւ մենք բախվում ենք բազմաթիվ խոչընդոտների, քանի որ ռազմական դրության պայմաններում իրավունք չկա հանրահավաքներ անցկացնելու, ակցիաներ կազմակերպելու եւ այլն: Եվ ամենակարեւոր դիտարկումը. ռազմական դրության ընթացքում խորհրդարանը չի կարող սկսել վարչապետի իմպիչմենտի գործընթաց: Ես նորից եմ կրկնում՝ որեւէ մեկի համար, կարծում եմ, անգամ կասկածի ենթակա չէ այն հանգամանքը, որ այս պահին այս իշխանությունները ռազմական դրությունը պարզապես պահպանում են իրենց քաղաքական  իշխանությունը երկարաձգելու համար: Հակառակ պարագայում, իրենք էլ լրիվ քաջատեղյակ են, որ ռազմական դրությունը չեղարկվելու դեպքում առաջին հարցը ընդդիմության կողմից լինելու է վարչապետի իմպիչմենտի հարցը: Ես, օրինակ, շատ եմ զարմանալու «Իմ քայլը» պատգամավորին քվեարկության համար, որը հող հանձնող վարչապետին շարունակելու է պաշտպանել: Այսօր տեսնում ենք՝ ե՛ւ 17 կուսակցությունները, ե՛ւ խորհրդարանական խմբակցությունները՝ մենք, «Լուսավոր Հայաստան»-ը Նիկոլ Փաշինյանի հրաժարականի հարցն է բարձրացնում: Այսինքն՝ այս մեկ հարցի շուրջ կա կոնսենսուս. դա Նիկոլ Փոշինյանի հրաժարականն է, որովհետեւ որեւէ հայ չի կարող թույլ տալ, որ Նիկոլ Փաշինյանը իրեն առաջնորդի: Հիմա այս հարցերը որ լուծվեն, ինչպես արդեն ճանապարհային քարտեզը հրապարակվել է, ըստ հերթականության գնալու ենք առաջ: Այստեղ մեր խնդիրը, մեր կոչն այն է, որ երկիրը եւս մեկ անգամ անցումների չտանենք:

Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ

 

 

 

ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆ ԳՏՆԵԼ ԻՐԵՆՑ ՈՐԴԻՆԵՐԻՆ

Ղարաբաղում անհետացած տասնյակ զինծառայողների ընտանիքների անդամներ երեկ  Պաշտպանության նախարարության մոտ էին՝ պահանջելով գտնել իրենց որդիներին. հավաքված մարդկանցից շատերի երեխաները ո՛չ զոհվածների, ո՛չ անհայտ կորածների ցուցակում չկան։ «Գալիս ենք էստեղ այն նպատակով, որ դռնից ներս մի հատ պետական մարմին` կլինի նախարար, կլինի զինվորական մեկը, գա, մեզ պատասխան տա, ինչ-որ տվյալ իմանա, իմանանք էլի` ինչ ա կատարվում: Հասկանում ենք` պատերազմ է եղել, բայց մեզ արհամարհում են, բոլոր այս ծնողներին», – ասում է հավաքված կանանցից մեկը:

 

Մյուսը հավելում է. «Սպասում ենք, ամեն օր մեր պետությունը՝ խաբելով՝ գնացե՛ք, երկուշաբթի մի բան կասենք, գնացե՛ք, ուրբաթ օրը կգաք, մի բան կասենք, ու սենց շարունակ»:

Ընդ որում, կան մարդիկ, որոնք կորցրել են միանգամից ընտանքի 2 անդամի՝ հոր եւ որդու կամ 2 եղբայրների, որոնք միասին են ծառայել. «Երկուսն էլ իմ տղաներն են, պարտադիր զինծառայող են եղել հայրենիքի համար, էս հայրենիքի, որն արդեն ինձ համար հայրենիք չի կոչվում: Ջաբրայիլ, երկուսն էլ չկան, հոկտեմբերի 9-ին չեմ խոսել, ու մինչեւ առայսօր 2 ամիս է` ոչ մի պատասխան չունեմ, իրենցից եմ ուզում պատասխան, 2 ամիս ա` խաբում են, սաղիս տանում-բերում են»:

Բողոքի ակցիայի մեկ այլ մասնակցի՝ Գագիկ Իսախանյանի խոսքով՝ իրենք տեղեկություն են ունեցել, որ իր եղբայրը վիրավոր է, ու դեռ հույս ունեն, որ կարող են գտնել նրան. «Զանգում ես սպաներին, գալիս ես, էստեղ պահանջում ես, ասում ես` էտ նորակոչիկները վիրավոր պառկած են, մեկը վիրավոր ընկած է, ինչի՞ չեք հետեւից մարդ ուղարկում: Ասում է` դե մալադոյի համար կարո՞ղ է սպեցնազիս տանեմ, վարի տամ, հասկանու՞մ եք` ինչն ա, մարդկային չի, բացարձակ բարոյական չի այդ ամեն ինչը: Հիմա եկել եմ ես, նախարար Տոնոյանին հարց եմ տալիս, ասում եմ` ինչի՞ համար չեք էտ ամեն ինչը կազմակերպել, ասում ա` դե եկեք, էտ ամեն ինչին չանդրադառնանք, անցած լինի, անցել, գնացել է: Էտ մարդը խոսում ա, իր բառերը, ենթատեքստն ասում է նրա մասին, որ բացարձակ արժեք չունեն մեր երեխաներն իրենց համար»:

Ժամեր անց Պաշտպանության նախարարություն է այցելել ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը, ապա ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, որից հավաքվածները պահանջում էին իրենց հարցերին հստակ պատասխաններ։ Քոչարյանն ասել է, որ ավելի ուշ հավաքվածներին կընդունեն Պաշտպանության նախարարությունում։

Նշենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն՝ արցախյան պատերազմում գերեվարված զինվորականների եւ քաղաքացիական անձանց վերադարձի, անհետ կորածների ճակատագրերի պարզաբանման, ինչպես նաեւ նրանց ընտանիքների սոցիալական երաշխիքների հարցերի վերաբերյալ:

 

 

 

ԻՐԱՆԸ ԹՈՒՅԼ ՉԻ ՏՎԵԼ

Իրանը, երկրի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Խաթիբզադեի հավաստմամբ, թույլ չի տվել իր տարածքով դեպի Լեռնային Ղարաբաղ սպառազինության տեղափոխում։ Պաշտոնյան հավաստիացրել է, թե Իրանը անտարբեր չէ ցանկացած հակամարտության առնչությամբ եւ փորձում է օգնել լուծելու ղարաբաղյան խնդիրը խաղաղ ճանապարհով:

Խաթիբզադեն նաեւ ընդգծել է, որ Թեհրանի եւ Բաքվի հարաբերությունները գտնվում են պատմական մակարդակի վրա, եւ իրանական կողմը փորձում է է՛լ ավելի ամրապնդել դրանք: Ավելի վաղ ռուսական կողմը հայտնել էր Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի՝ նոյեմբերի 23-ին Մոսկվա նախատեսված այցի մասին, որի ընթացքում պլանավորվում էր քննարկել Լեռնային Ղարաբաղի հարցը: Մոսկվայից հետո Զարիֆը պետք է մեկներ Բաքու։ Նախօրեին, սակայն, հայտնի դարձավ, որ այցերը հետաձգվել են, ըստ իրանական կողմի՝ արտահերթ բյուջետային քննարկումներ անցկացնելու՝ երկրի կառավարության մտադրության հետ կապված։

 

 

ՀԱՑԱԴՈՒԼԻ ՄԵՋ Է

«Երկիր Մեդիա» հեռուստաընկերության լրատվական բաժնի տնօրեն, ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանն անժամկետ հացադուլ է հայտարարել՝ պահանջելովՀայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանիհրաժարականը։ ArmLur.am-ի հետ զրույցում նա ներկայացրեց այդպիսի քայլի դիմելու պատճառները՝ ասելով, թե յուրաքանչյուր մարդ պետք է նպաստի, որ Նիկոլ Փաշինյանը հրաժարական տա եւ այդ գործընթացն արագանա:

 

 

 

ԶԻՆՅԱԼՆԵՐԸ ԴԵՌ ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ԵՆ

Փորձագիտական շրջանակները դեռեւս չեն կարողանում հասկանալ՝ արդյոք Լեռնային Ղարաբաղում պատերազմին մասնակցած սիրիացի զինյալները կվերադառնան հայրենիք, թե որոշ ժամանակ շարունակելու են մնալ Հարավային Կովկասում: Այս խնդրով զբաղվող մասնագետները տարբեր տեսակետ են հայտնում: Օրինակ՝ հետաքննող լրագրող Լինդսի Սնելի խոսքով՝ Ադրբեջանի իշխանությունները եւ նրանց թուրք դաշնակիցները առայժմ չեն շտապում հրաժարվել վարձկանների ծառայություններից։ «Սիրիական ազգային բանակին» մոտ կանգնած աղբյուրները պնդում են, որ սիրիացի վարձկանները դեռ Ադրբեջանում են։ Բացի այդ, լուրեր են պտտվում նոր զինյալներ ուղարկելու հնարավորության մասին։ Այդ խոսակցությունների համաձայն՝ սիրիացիները Ադրբեջանում պետք է որոշ օբյեկտներ հսկեն, ինչպես նաեւ երկարաժամկետ հեռանկարում օժանդակեն թուրքական ռազմակայանների գործունեությանը»,-գրում է Սնելը։

 




Լրահոս