Արամ Վարդանյանի պաշտպաններ Լուսինե Սահակյանն ու Երվանդ Վարոսյան հայտարարություն են տարածել այն մասին, որ Արամ Վարդանյանին որևէ նոր մեղադրանք չի առաջադրվել։ Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է․
«Այսօր քննչական կոմիտեն տարածել է հաղորդագրություն, որը Հայկական ժամանակի կայքը կապել է Արամ Վարդանյանի հետ։
Նշենք, որ, ըստ տարածված հաղորդագրության նշված անձին ՀՀ քրեական օրենսգրքի 169.1-րդ եւ 325-րդ հոդվածի 1-ին մասով որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշում է կայացվել։ Մենք, որպես Արամ Վարդանյանի պաշտպաններ, չենք կարող հայտնել, թե նշված հաղորդագրությունը ում է վերաբերվում, քանի որ Արամ Վարդանյանին նման մեղադրանք չի առաջադրվել, նման որոշում չի տրամադրվել։
Ինչ վերաբերում է Արամ Վարդանյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումներին, ապա հարկ է նշել, որ դրանք իրականացվում են բոլոր բարոյական և իրավական սահմանների անցմամբ։
Հիշենք, որ նույն Հայակական ժամանակ օրաթերթի հրապարակմամբ (կարծում եմ հարկ չկա հիշեցնել, թե ովքեր են դրա տերերը) Արամ Վարդանյանի անունը կապվում էր քաղաքական գործընթացների հետ։ Չնայած այն հանգամանքին, որ այդ տեղեկությունները շինծու էին և այդ մասին հայտարարեց Արամ Վարդանյանը, այդուհանդերձ նրա նկատմամբ քրեական հետապնդման ընթացքում զարգացումները ուղիղ կապ ունեն քաղաքական գործընթացների հետ։ Հարկ է ուղղակի հետևել նրա տան վրա հարձակումների, խուզարկությունների, մեղադրանքների ժամանակագրությանը։ Ինչ վերաբերում է արհեստական հետապնդումների ընթացքում նրան առաջադրված, գուցե առաջադրվելիք մեղադրանքներին, ապա դրանք բոլորը հերքվել, հերքվում են ու հերքվելու են ապագայում։ Իրավական վակխանալիան հավերժ տևել չի կարող»։