Դատախազությունը ցույց տվեց, որ իրենք շահագրգիռ չեն, որպեսզի օբյեկտիվ քննվի Արամ Վարդանյանին առնչվող քրեական գործը. պաշտպան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր «Ժողովուրդ» օրաթերթը գրել է, որ Գլխավոր դատախազությունը գրություն է ուղարկել ՀՀ ոստիկանություն` մարտի 5-ին հեղինակություն համարվող Արամ Վարդանյանի` Վստրեչի Ապերի տանը ոստիկանների կատարած վայրի, ապօրինի գործողությունների մասով:

«Դատախազությունը ցույց տվեց, որ իրենք էլ շահագրգիռ չեն, որպեսզի օբյեկտիվ քննվի Արամ Վարդանյանին առնչվող քրեական գործը»:

Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Արամ Վարդանյանի՝ «Վստրեչի Ապերի», փաստաբան Լուսինե Սահակյանը: Ինչպես տեղեկացրել ենք՝ Դատախազությունը քրեական հեղինակություն համարվող «Վստրեչի Ապերի»՝ Արամ Վարդանյանի, տան խուզարկության ընթացքում կիրառված անհարկի ուժի, կատարված հափշտակությունների վերաբերյալ փաստաբան Լուսինե Սահակյանի ներկայացրած հանցագործության մասին հաղորդումն ուղարկել է Ոստիկանություն։

Ըստ դատախազության հենց ոստիկանություն է պետք է պարզի իր ծառայողների գործողություններում կան հանցագործության հատկանիշներ, թե ոչ ու եթե պարզվի, որ առկա են՝ ուղարկի ՀՔԾ։ Փաստաբան Լուսինե Սահակյանը գտնում է, որ Դատախազության որոշումը տարօրինակ է: «Ակնհայտ է, որ այստեղ տեղի են ունեցել մի շարք իրավունքների խախտումներ և ակնհայտ է, որ հանցակազմի հատկանիշներ կան: Ակնհայտ է, որ պետք է հարուցվեր քրեական գործ»,- նշեց Սահակյանը:

Բացի այդ՝ փաստաբանը նշեց, որ վիճարկվում են Ոստիկանության աշխատակիցների գործողությունները, ուստի՝ Ոստիկանությունը չի կարող արդյունավետ քննություն իրականացնել և նրանք շահագրգիռ են լինելու, որ քրեական գործ չհարուցվի: «Դրա համար էլ առանձին մարմիններ գոյություն ունեն, գոյություն ունի Հատուկ քննչական ծառայություն: Բազմաթիվ որոշումներ գոյություն ունեն ՄԻԵԴ-ի կողմից կայացված, որի համաձայն՝ շատ հստակ է, որ այն մարմինը, որի գործողությունները վիճարկվում են, չի կարող արդյունավետորեն քննել»,- նշեց Լուսինե Սահակյանը:

Ըստ նրա՝ պետությունը պետք է հասկանա, որ այնպիսի միջամտություն է տեղի ունեցել և այնպիսի հանցագործություն է տեղի ունեցել, որ պետք է լրջորեն քննվեր և հարուցվեր քրեական գործ:

Լուսինե Սահակյանի կարծիքով՝ Դատախազությունը, նույն մարմնին հանձնարարելով քննությունը, ցույց տվեց, որ իրենք ևս շահագրգիռ չեն, որ գործը օբյեկտիվ քննվի: Բացի այդ՝ փաստաբանը նշեց, որ Դատախազությունը ուշ է արձագանքել: «Լրատվամիջոցներով կար հրապարակումներ, Դատախազությունը ոչ մի գործողություն չձեռնարկեց: Հանցագործության մասին հաղորդում մեր կողմից ներկայացվեց և մենք տեսնում ենք, որ նրանք գտան ուղի, որպեսզի այս պրոցեսը երկարացվի և արդյունավետ քննություն չիրականացվի»,- ասաց Սահակյանը՝ հավելելով, որ հետևողական են լինելու: Նշենք, որ մարտի լույս 5-ի գիշերը ոստիկանական մեծ ուժեր՝ դիմակավորված եւ զինված, ներխուժել են Արամ Վարդանյանին ու նրա հարազատներին պատկանող տներ եւ, ինչպես երեւում են հրապարակված կադրերից, կիրառել անհարկի ուժ։ Նշված գործողությունների հետեւանքով տուժել է մանկահասակ թոռնուհին՝ 5 տարեկան։

Արձանագրվել են նաեւ հափշտակության դեպքեր։ Ինչպես արդեն հայտնել ենք՝ մարտի 9-ին Արամ Վարդանյանին որպես մեղադրյալ ներգրավվելու մասին որոշում է կայացվել և նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում։ Նրան մեղադրում են Էմիր Արամյանի կողմից 2016 թվականին կատարված կողոպուտը կազմակերպելու, 2019 թվականին նույն Էմիլի առեւանգումը կազմակերպելու, ապա 2020 թվականի մարտի 4-ին նրա նկատմամբ սպանության փորձ կատարելու մեջ։




Լրահոս