ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բենզինի գինը բարձրացել է. ինչ փոփոխություններ կլինեն առաջիկայում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում բենզինի գները 20 դրամով բարձրացել են. ռեգուլյար տեսակի բենզինի մեկ լիտրը ՀՀ բենզալցակայաններում վաճառվում է 300 դրամով: Իսկ պրեմիում տեսակի բենզինի մեկ լիտրը 300 դրամից թանկացել է՝ դառնալով 320 դրամ: Մինչդեռ վերջին ամիսների ընթացքում նավթամթերքն այնքան էր էժանացել, որ «ռեգուլյար» տեսակի բենզինի մեկ լիտրն այսօր Հայաստանում վաճառվում էր 280 դրամով:

Տեղեկացնենք, որ նավթի գնի նվազման ու կորոնավիրուսի կողմնակի հետևանքներից մեկը հենց բենզինի էժանացումն էր։ Սակայն այժմ նավթի համաշխարհային գները աճում են, ինչի արդյունքում բարձրանում են նաեւ բենզինի գները: Բացի այդ 20 դրամով թանկացել է նաեւ դիզելային վառելիքը: Ինչպես հայտնի է, դիզվառելիքը կիրառվում է գյուղատնտեսության ոլորտում:

ArmLur.am-ը ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով դիմեց եւ հետաքրքրվեց, թե ինչն է բենզինի գնի բարձրացման պատճառը: Մեր հարցին ի պատասխան Հանձնաժողովից փոխանցեցին, որ բենզինի եւ դիզելային վառելիքի շուկաները մշտապես գտնվում են իրենց ուշադրության կենտրոնում: Բացի այս, Հանձնաժողովից հայտնեցին նաեւ, որ այս շուկաներում ցանկացած գնային փոփոխություն Հանձնաժողովն արձանագրում է եւ հետևողական է լինելու, որպեսզի այդ փոփոխությունները լինեն համարժեք, այդ թվում՝ գնային փոփոխությունները համաչափ լինեն տնտեսվարող սուբյեկտների կողմից ձեռքբերման արժեքների փոփոխությունների հետ, որոնք էլ իրենց հերթին պայմանավորված են լինում արտաքին շուկաների փոփոխություններով:

Ըստ ՏՄՊՊՀ-ի՝ այս պահին հնարավոր է, որ որոշ մանրածախ իրացման կետերում նկատվեն 20 դրամի սահմանում գնային փոփոխություններ, որոնք կարող են պայմանավորված լինել ներկրված վառելիքի նոր խմբաքանակներով: Հանձնաժողովից տեղեկացրին, որ արձանագրված կտրուկ գնային իջեցումից հետո ռուսական շուկայում նավթամթերքի գինը միտված է կայունացման, իսկ ՀՀ-ն վառելիքի գերակշիռ մասը ձեռք է բերում և ներկրում է Ռուսաստանի Դաշնությունից։

Մանրամասները՝ տեսանյութում

Սյունէ Համբարձումյան




Լրահոս