ՈՒՂՂԱԹԻՌ ՉՈՒՆԵՆ ՈՒ ԴԵՌ ԼՌՈՒՄ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն մի քանի օր է՝ ԱԺ ԲՀԿ խմբակցության նախկին պատգամավոր, ապարանցի Լյովա Խաչատրյանն ահազանգում է՝ Արա լեռան անտառը շտապ բուժման կարիք ունի թրթուրներից: Նախկին պատգամավորի ահազանգին անդրադարձել էր նաեւ «Ժողովուրդ» օրաթերթը, իսկ ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը լռում է: Պարզվում է՝ նախարարությունը զբաղված է օդային տրանսպորտ հայթայթելով: ՀՀ շրջակա միջավայրի նախարարության մամուլի քարտուղար Դավիթ Գրիգորյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտնեց, որ նախկինում Պաշտպանության նախարարությունն ուղղաթիռ է տրամադրել, որով հնարավոր է եղել դեղորայք շաղ տալ այն բոլոր հատվածների վրա, որտեղ թրթուրներ են եղել:

«Բայց երկու տարի առաջ այդ ուղղաթիռը խոտանեցին: Այն օգտագործվում էր նման ծայրահեղ դեպքերում՝ հրդեհաշիջման աշխատանքների կամ տեղանքն ուսումնասիրելու համար: Այն, որքանով հասկանում եմ, ԱԻՆ-ի, մեր եւ մնացած բոլոր գերատեսչությունների համար էր, որոնք կարող է ինչ-որ կարիքներ ունենային օդային տրանսպորտի հետ կապված: Հիմա այդ ուղղաթիռը չկա, եւ մենք չունենք մեր անձնական օդային փոխադրամիջոցը, որի միջոցով կկարողանանք այդ աշխատանքներն իրականացնել»,- տեղեկացրեց մամուլի քարտուղարը: Հարցին՝ հնարավոր է այս հարցով դիմենք հարեւան երկրներին, մամուլի քարտուղարն արձագանքեց. «Նախարարի պարտականությունները կատարող Վահե Ջիլավյանը, փոխնախարար Վարդան Մելիքյանը Վրաստանի հետ կապի մեջ են, նաեւ Իրանի հետ են շփվում, որպեսզի կարողանանք հասկանալ՝ արդյոք այնտեղից օդային փոխադրամիջոց կարող ենք ներգրավել այստեղ, թե ոչ: Իհարկե, տեղի մասնավոր ընկերությունների հետ էլ ենք շփվում, որոնք ունեն օդային միջոցներ, բայց ամեն բան ծախսի հետ է կապված՝ օդաչուներ, վառելիք…»:

Այսպիսով, պատկան մարմիններն անզոր են ամենակարող թրթուրների դեմ: Ու եթե հիմա լուծում չգտնվի, նման խնդիր առաջ մենք կարող ենք կանգնել նաեւ հաջորդ գարնանը: «Ժողովուրդ» օրաթերթը Դավիթ Գրիգորյանից հետաքրքրվեց՝ արդյոք չեն ուշացել. «Այդ շրջանը կարճ է տեւում՝ 15 օր, վատագույն դեպքում՝ մեկ ամիս, մինչեւ նախապես ծրագրում ես, այդ թրթուրները հասցնում են իրենց գործն անել ու պատյանավորվում են: Ու հենց պատյանավորվեցին, էլ վնաս չեն ներկայացնում, դեղ ցանելն անարդյունավետ է»: Զրույցի ընթացքում պարզվեց, որ այժմ քննարկվում է նաեւ սեփական օդային փոխադրամիջոց ունենալու հարցը, բայց այդ հեռանկարը դեռ շատ մշուշոտ է:

Հ.Գ. Տեղեկացնենք նաեւ, որ նույն պատկերն է նաեւ Արցախի Հանրապետությունում. այստեղ թրթուրները ներթափանցել են արդեն մարդկանց տներ, բակային տարածքներ եւ վնասներ են հասցնում խնձորի այգիներին: Արցախի գյուղատնտեսության նախարար Աշոտ Բախշիյանը «Ժողովուրդ» օրաթերթին փոխանցեց, որ տեղի իշխանությունը անվճար թունաքիմիկատներ է բաժանում մարդկանց, որպեսզի կարողանան պայքարել թրթուրների դեմ:

 

 

 

«Բարգավաճ Հայաստան», «Հայրենիք» եւ «ՀՅԴ» կուսակցությունները, երբ չկարողացան համագործակցության հուշագիր կնքել, մի պահ խռովեցին իրարից, հիմա անցել են պլան բ-ին։ Եռյակը պայմանավորվածություն է ձեռք բերել ստեղծել կուսակցությունների ներկայացուցիչներից բաղկացած աշխատանքային խումբ: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ արդեն հստակացվել է, թե ընդդիմադիր ուժերից ովքեր են այդ աշխատանքային խմբում լինելու: ԲՀԿ-ից այդ աշխատանքային խմբում են լինելու ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավորներ Արթուր Գրիգորյանն ու Իվետա Տոնոյանը, ՀՅԴ-ից լինելու են Արծվիկ Մինասյանն ու Լիլիթ Գալստյանը, իսկ արդեն «Հայրենիք» կուսակցությունից՝ Արա Սահակյանն ու Արսեն Բաբայանը: Ըստ այս աշխատանքային խմբի ներկայացուցիչների՝ իրենք պետք է լայն համախմբում ապահովելու նպատակով մշակեն համատեղ գործողությունների ծրագիր եւ ճանապարհային քարտեզ: Հետաքրքիրն այն է, որ նախապես հայտարարված 5 քաղաքական ուժերից մնացել են ընդամենը երեքը, որոնք պետք է միասին աշխատեն, իսկ այս կուսակցությունների հետ «քայլող» «Ազգային օրակարգ» եւ «Մեկ Հայաստան» կուսակցությունները դուրս են մնացել գործընթացից: Երեկ ողջ օրվա ընթացքում «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց պարզել, թե ինչու որոշում կայացվեց այդ ուժերի հետ չհամագործակցել, սակայն երկու կուսակցությունների լիդերները մեր հեռախոսազանգերին չպատասխաեցին:

 

 

 

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ դատական համակարգում մեծ աղմուկ է հասունանում, եւ չի բացառվում, որ որոշ դատավորների լիազորություններ կասեցվեն: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը կրկին կարգապահական վարույթ է հարուցել Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նաիրա Մխիթարյանի նկատմամբ: Եվ եթե այս անգամ էլ Բարձրագույն դատական խորհուրդը դատավորին կարգապահական պատասխանատվության կանչի, ապա նրա լիազորությունները կկասեցվեն: Հիշեցնենք, որ Բարձրագույն դատական խորհուրդը, 2020 թվականի ապրիլի 2-ի նիստում քննության առնելով արդարադատության նախարարի կողմից ներկայացված միջնորդությունը՝ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նաիրա Մխիթարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ, որոշում է կայացրել: Որոշման համաձայն՝ արդարադատության նախարարի կողմից ներկայացված միջնորդությունը բավարարվել է, Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նաիրա Մխիթարյանին հայտարարվել է խիստ նկատողություն: Հավելենք, որ ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Նաիրա Մխիթարյանը նշանակվել է 2017 թվականի հունիսի 1-ին՝ ՀՀ նախագահի հրամանագրով: Հավելենք. որ այս իրավիճակի պատճառն այն է, որ դատավորի վարույթում գտնվող գործերի առնչությամբ լուրջ բացթողումներ են հայտնաբերվել:

 

 

 

ՀՀ վիճակագրական կոմիտեն հրապարակել է այս տարվա հունվար-մայիս ամիսների սոցիալ-տնտեսական վիճակի վերաբերյալ վիճակագրական տվյալները: ՎԿ տվյալներով՝ Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը հունվար-մայիս ամիսներին, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, նվազել է 3.9 տոկոսով: Իսկ, ահա, ապրիլի նկատմամբ ՏԱՑ-ը աճել է 13.3 տոկոսով: Նկատենք, որ արդյունաբերական ծավալի արտադրանքը հունվար-մայիսին, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, 2.4 տոկոսով աճել է, իսկ շինարարության ծավալները մեկ տարվա ընթացքում նվազել են 23.4 տոկոսով, բայց մայիսին, ապրիլի համեմատ, հակառակը՝ զգալի աճ է գրանցվել՝ 112.9 տոկոսով: ՀՀ-ում առեւտրի շրջանառության ծավալներն են պակասել 10.8 տոկոսով, իսկ գնաճը կազմել է 0.3 տոկոս: ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ արտաքին առեւտրաշրջանառությունը նույնպես այս տարվա 5 ամիսներին նվազել է 11.2 տոկոսով, որից արտահանման անկումը կազմել է 8.1 տոկոս, իսկ ներմուծմանը՝ 12.8 տոկոս: Իհարկե, այսպիսի պատկերի պատճառը կրկին համավարակն է եւ դրա հետեւանքով մարտի 16-ին հայտարարված եւ մինչն օրս շարունակվող արտակարգ դրությունը: Եվ չնայած շատ ոլորտներում սահմանափակումները հանվել են, սակայն դրանք արդեն վատ հետեւանք են ունեցել տնտեսության վրա:




Լրահոս