ՆՊԱՏԱԿԱՄՂՎԱԾ ԵՆ ԴԱՏԱՐԱՆԻՑ ՀԱՆԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը երեկ հրապարակել է սահմանադրական փոփոխությունների նախագիծը: Հունիսի 26-ից՝ 00:01-ից սկսած, Հրայր Թովմասյանը կդադարի լինել ՍԴ նախագահ, իսկ  անդամներ Ալվինա Գյուլումյանը, Ֆելիքս Թոխյանը եւ Հրանտ Նազարյանը կլքեն Սահմանադրական դատարանը:

 

ArmLur.am-ը զրուցել է Սահմանադրական դատարանի անդամ Ալվինա Գյուլումյան հետ՝ պարզելու համար, թե ինչ են պատրաստվում անել, կլքեն աշխատասենյակները, թե ոչ:

-Տիկի՛ն Գյուլումյան, երեկ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հրապարակեց Սահմանադրական դատարանի փոփոխությունների  որոշումը, որի համաձայն՝ սահմանադրական ուժով պետք է դադարի ե՛ւ սահմանադրական դատարանի նախագահի, ե՛ւ երեք դատավորների պաշտոնավարումը: Ո՞րն է լինելու Ձեր հետագա քայլը, եթե արդեն ունեք որոշում։ 

-Նախ ես մի հարց տամ. այդ որոշման մեջ որեւէ դատավորի անուն նշվա՞ծ է։

-Դատավորի անուն նշված չէ, բայց հաշվարկով 12 տարին լրացած դատավորները պետք է հեռանան։

-Ո՞վ պետք է այդ հաշվարկը կատարի։ Դրա գնահատականը պետք է մեկը տա։ Որեւէ ձեուվ, որեւէ իրավական հիմք պետք է լինի։ Ով ինչ կհայտարարի, դա ինձ համար ո՛չ օրենք է, ո՛չ իրավական ակտ է։

-Իրավական հիմքերը կներկայացանե՞ք, որոնք հենց Ձեզ են վերաբերում։

-Ես պնդում եմ, որ իրենց ասած այդ 12 տարին իմ պարագայում չի լրացել, որովհետեւ ես պաշտոնավարում եմ 2014թ. օգոստոսի 3-ի հրամանագրով, նոյեմբերի 1-ից։ Թե նախկինում քանի անգամ ընտրված կլինեի, գնացած եւ վերադարձած կլինեի, այս սահմանադրական փոփոխություններից չի երեւում, որ նախկին բոլոր ժամկետները պետք է գումարվեն, եւ դա չի բխում նաեւ իրավունքից, որպես այդպիսին։ Բնականաբար, ես լսում եմ հակառակ կողմի հայտարարությունները, կարծիքները, որ ոչ դա գումարվում է, որովհետեւ մենք գրել ենք ընդհանուր տեւողությամբ։ Ձեր ընդհանուր տեւողությունը վերաբերում է նրան, որ Դուք հաշվարկում եք ե՛ւ մինչեւ սահմանադրական փոփոխությունները, ե՛ւ սահմանադրական փոփոխություններից հետո։ Քննարկվել է նաեւ այնպիսի տարբերակ, որ բոլորի նախկին պաշտոնավարածը զրոյացվի,  եւ սահմանադրական փոփոխությունների պահից հաշվարկվի 12 տարի, որը կլիներ առավել իրավական, կլիներ առավել տրամաբանական։ Այսինքն՝ նոր ընդունված օրենքը հետադարձ ուժ չէր ունենա։ Սա ընդհանրապես եմ ասում, իսկ հիմա ասեմ իմ պարագայում։ Ես նախկինում պաշտոնավարել եմ, դրանից հետո երկու անգամ սահմանադրություն է փոխվել։ Այն ժամանակ, երբ ես պաշտոնավարում էի, պետք է պաշտոնավարեի մինչեւ 70 տարեկան, երբ վերադարձա, նորից սահմանադրությունը փոխվել էր, դարձել 65 տարեկան: Երբ խոսակցություններ էինք ունենում, ասում էիք, որ, այո, դու այս սահմանադարությամբ ես նշանակվել, դու 65-ով պետք է գնաս, որեւէ մեկն այն ժամանակ ինձ ասե՞ց, որ, ոչ,  տիկի՛ն Գյուլումյան, դու 70-ով պետք է գնաս, որովհետեւ դու նախկինում պաշտոնավարել ես։ Սա աբսուրդի թատրոն է, սա միայն նպատակամղված մեկին այս դատարանից հանելու ցանկություն է։ Իրենք էլ գիտեն, որ այդպես չի կարելի մեկնաբանել։ Իրենք էլ գիտեն, որ Վենետիկի հանձնաժողովի եզրակացության խորհրդատվական կարծիքի  մեջ ուղիղ շեշտվել է, որ իմ պարագայում ժամկետը չի լրացել։

-Կա՞ փաստաթուղթ։

-Իհարկե կա։

-Այսինքն՝ դա հի՞մք է, որ կարողանաք ապացուցել։

-Սա հիմք չէ, ինձ համար հիմքը Սահմանադրությունն ու օրենք է։ Ես էլ այսպես եմ մեկնաբանում, Դուք այդպես եք մեկնաբանում, ես՝ այսպես։ Պետք է լինի մեկ այլ իրավական փաստաթուղթ, որը կասի՝ ես եմ ճիշտ մեկնաբանում, թե Դուք։ Վերջիվերջո, ո՛չ նախարարն ունի դրա իրավասությունը, ո՛չ Պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահը, ո՛չ ես։ Ես կարող եմ այդ մեկնաբանությունը թողնել դատարանին, բայց մինչեւ դատարանին թողնեմ, պետք է լինի մեկ այլ ակտ, որով ինձ ասեն, որ դու ազատվել ես, որով ես վիճարկում եմ։

-Ինչպե՞ս եք պատկերացնում հանգուցալուծումը։ Ի՞նչ է լինելու, եթե արդեն պաշտոնական տեղեկագրում  հրապարակվի, որ երեք դատավոր պետք է հեռանան։

-Պաշտոնական տեղեկագրում չեն ասում, որ երեք դատավոր պետք է հեռանա։ Ասում են, որ նրանք, ովքեր պաշտոնավարել են ընդհանուր տեւողութամբ 12 տարի եւ ավել, պետք է հեռանան։

-Այսինքն՝ Դուք մնալո՞ւ եք։ Այնպես չէ՞, որ Դուք լքելու եք Սահմանադրական դատարանի շենքը եւ այլեւս աշխատանքի չեք գնալու։

-Բնականաբար, եթե կամայական մոտեցում լինի, ես կլքեմ եւ կպայքարեմ։ Ես չեմ ասում, որ ինքնանպատակ է ինձ համար, ես այս շենքից դուրս չեմ գա։ Բայց շենք վերադառնալու համար ես երկար եմ մտածել՝ արժե վերադառնալ, թե չարժե։

Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ

 

 

ՎԱՐԱԿԻ ՌԵԿՈՐԴԱՅԻՆ ԹՎԵՐ

Վատ իմաստով ռեկորդային թիվ՝ վերջին մեկ օրում կորոնավիրուսի վարակի 771 նոր դեպք 2 հազար 336 թեստավորվածներից, իրավիճակը ներկայացրել է ՀՀ առողջապահության նախարարը՝ այն բնորոշելով լարված, բայց կայուն: «Տոկոսի առումով ընդհանուր թվի մեջ կրկին տատանվում է նոր դրական դեպքերի թիվը 30 տոկոսի շրջանակներում կատարված հետազոտություններից, այսինքն` այդ իմաստով կարծես թե վիճակը չի փոխվում», – ասել է նա։ 11 հոգի է մահացել կովիդի հետեւանքով, այս թվում` 44 եւ 46 տարեկան կանայք՝ քրոնիկ հիվանդություններով:

 

Այս պահին արհեստական շնչառական սարքին է միացված 40 հոգի, ծայրահեղ ծանր վիճակում են 103 քաղաքացիներ, 502-ը ծանր են։ Արսեն Թորոսյանը շեշտեց՝ բուժհաստատություններում տեղերի խնդիր չկա. այսօր առավոտյան 51 քաղաքացի սպասում էր հոսպիտալացման ախտորոշիչ կենտրոններում, օրվա ընթացքում նրանք կտեղափոխվեն «կովիդ-հիվանդանոցներ», պիկ չկա նաեւ վերակենդանացման բաժանմունքներում։ Բոլոր վերակենդանացման բաժանմունքներում մի քանի ազատ տեղեր կան, բայց կրկին այդ տեղերի ազատվելը եւ զբաղվելը շատ արագ է տեղի ունենում:

Ինչպիսի՞ն է վարակի տարածվածության պատկերը. հետաքրքրվել է վարչապետը։ 10-15 օր առաջ կարծիքներ էին հնչում, թե հնարավոր է` վարակակիրների թիվը 100 հազարի է հասնում։ Արսեն Թորոսյանի պարզաբանմամբ՝ մեկ օրում եթե որոշեն հետազոտել Հայաստանի ողջ բնակչությանը, միեւնույնն է, իրական պատկեր չի ստացվի, քանի որ վիրուսն ախտորոշվում է վարակից օրեր անց, ամեն դեպքում հույս ունի՝ թիվը 100 հազարից պակաս է։

Հայաստանում են Առողջապահական համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչները, Նիկոլ Փաշինյանն ասաց` նրանց հետ հանդիպման ժամանակ էլ արձանագրվել է` հակահամաճարակային երեք գլխավոր կանոններն ընդհանուր են ողջ աշխարհում, եւ միակ խնդիրը կարգապահությունն է: «Մեր վերլուծությունները ցույց են տալիս, որ այսօր մեր առաջնային ամենակարեւոր օջախները բակերն են, ամենակարեւոր օջախները բակ, շենք, թաղամաս»,-ասել է նախարարը։

Ոստիկանության պետ Վահե Ղազարյանի փոխանցմամբ էլ՝ նախօրեին  397 հոգի Երեւանում տուգանվել է բակում դիմակ չկրելու համար, նույն օրը ավելի քան 1700 վարչական արձանագրություն է կազմվել:

 

 

ՄԵԿՈՒՍԱՑԱԾ 

Ազգային Ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ծովինար Վարդանյանը կորոնավիրուսի վարակվածության թեստ է հանձնել, որի պատասխանը դրական է: «Ցանկանում եմ տեղյակ պահել, որ ինձ լավ եմ զգում: Հիվանդությունն ինձ մոտ ընթանում է հետեւյալ ախտանշաններով` աչքերի շուրջ ցավ, մեջքի մկանային ցավ եւ ջերմություն, բայց ոչ բարձր»,-հայտնում է պատգամավորը: Հիշեցնենք, որ երեկվա դրությամբ այս խմբակցությունում երկու հաստատված դեպք է առկա՝ Վիկտոր Ենգիբարյան եւ Քրիստինե Պողոսյան, մյուսները թեստ են հանձնել, սպասում են պատասխանին կամ էլ սիմպտոմներ չունեն, սակայն որոշել են ինքնամեկուսանալ: Օրինակ, նույն խմբակցության պատգամավոր Մխիթար Հայրապետյանը, չնայած խորհրդարան չի գալիս, սակայն նրա օգնականը մեզ հետ զրույցում նշեց, թե վերջինս կորոնավիրուսի թեստ չի հանձնել, ախտանշան չունի, եւ բացակայությունն այլ պատճառով է: Մեկուսացած պատգամավորների թվում են նաեւ Հակոբ Սիմիդյանը,  Արեն Մկրտչյանը: Նշվում էր նաեւ Հայկ Սարգսյանի անունը, սակայն նա մեզ հետ զրույցում հայտնեց, թե կորոնավիրուսի թեստ չի հանձնել, մեկուսացած չէ եւ իրան լավ է զգում:

 

ՄԵՔԵՆԱ՝ ՊՎԾ-ԻՆ

Կառավարության  նիստում որոշում կայացվեց Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմին ամրացված 2012 թվականի արտադրության «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենան փոխանցել Պետական վերահսկողական ծառայությունը: Ավելին, այդ նույն որոշման երկրորդ կետով Պետական վերահսկողական ծառայության  հաշվեկշտռում գտնվող 2012 թվականի արտադրության «Toyota Cruiser» մակնիշի ավտոմեքենան կփոխանցվի վարչապետի աշխատակազմին: Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ ՀՀ վարչապետի աշխատակազմի բնականոն աշխատանքային գործունեությունն անխափան իրականացնելու նպատակով նախագծով առաջարկվում է ՀՀ վարչապետի աշխատակազմի հաշվեկշռում հաշվառված «TOYOTA CAMRY 2.5 GAS» մակնիշի, 190LL50 պետհամարանիշի, 2012 թվականի  արտադրության ավտոմեքենան փոխարինել ՀՀ պետական վերահսկողական ծառայության հաշվեկշռում հաշվառված «TOYOTA LAND CRUISER 200 4.0» մակնիշի, 001WW01 պետհամարանիշի, 2012 թվականի արտադրության ավտոմեքենայով:

 

ԱՅՍՕՐՎԱՆԻՑ՝ ՈՒԺԻ ՄԵՋ

Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը երեկ  պաշտոնական տեղեկագրում հրապարակել է  Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունները: Պաշտոնական տեղեկագրում հրապարակվելուց հետո այն ուժի մեջ կմտնի վաղվանից, եւ Հրայր Թովմասյանը կդադարի լինել ՍԴ նախագահ, իսկ Հրանտ Նազարյանը, Ֆելիքս Թոխյանն ու Ալվինա Գյուլումյանը կդադարեն լինել ՍԴ անդամներ:

 

 

 




Լրահոս