Ես պետք է գնամ ՍԴ, ինձ դռնից հանեն, իսկ ես լուսամուտից մտնե՞մ. Ալվինա Գյուլումյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սահմանադրական դատարանի դատավոր Ալվինա Գյուլումյանն ամենայն հավանականությամբ այսօր ՍԴ չի գնա: Նրա խոսքով, համավարակի ժամանակ ՍԴ-ն հեռավար է աշխատել և ՍԴ գնալն այժմ ձևական կլինի: «Երևի այսօր ՍԴ չեմ գնա, չգիտեմ օրվա ընթացքում ինչպես կտրամադրվեմ, բայց այս պահին տրամադրված չեմ ՍԴ գնալուն: Կարծում եմ՝ ՍԴ գնալն այլևս իմաստ չունի»,-այս մասին այսօր ArmLur.am-ի հետ զրույցում ասաց Գյուլումյանը:

Հարցին՝ մտավախություն չունե՞ք, որ ՍԴ գնալու դեպքում իրավապահ մարմինները Ձեզ ներս չեն թողնի, նա բացասական պատասխան տվեց ու ասաց, որ չի կարծում, թե բանը դրան կհասնի: «Ինձ վրա այս փոփոխությունները չեն տարածվում, բայց շարունակել աշխատելը միայն դատավորից կախված չէ, դատավորին պետք է գործ մակագրվի, նա պետք է քննարկումների մասնակցի, և ես չգիտեմ, թե այս ամենն ինչպես կլինի: Հիմա եթե հանկարծ չթույլատրեն, դա ի՞նչ է նշանակում, որ ես պետք է գնամ ՍԴ, ինձ դռնից հանեն, իսկ ես լուսամուտից մտնե՞մ: Ոչ, բնականաբար այդպես չի լինելու»,-շեշտեց ՍԴ դատավորը:

Անդրադառնալով հարցին, թե նախորդ անգամ ՍԴ-ում ինչպես են իրեն դիմավորել, նա հայտնեց, որ որևէ արտառոց բան չի եղել, ամեն ինչ եղել է սովորականի նման: Հարցին՝ Վահե Գրիգորյանի հետ խոսակցություն ունեցե՞լ եք, այդ օրը պարոն Գրիգորյանն էլ էր ՍԴ եկել, նա պատասխանեց. «Այո՛, եղել է խոսակցություն, բայց թե ինչ խոսակցություն է եղել, չեմ պատրաստվում առանց մյուս կողմի համաձայնության մանրամասներ հայտնել: Ես աշխատում եմ իմ հարաբերություններում պահպանել բարոյականության չափորոշիչները, իսկ թե ինչպես է վարվում մյուս կողմը, դա ինձ չի հետաքրքրում»:

Սոնա Գևորգյան




Լրահոս