Նախօրեին հայտնի ոճաբան Արայիկ Գաբաջյանի ծննդյան 35 ամյակն էր: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտնի դիզայները խոսել է ծննդյան անակնկալների եւ երգչուհի Գայա Արզումանայնի խենթ քայլի մասին:
«Այս տարի նշում եմ իմ 35 ամյակը: Կարծում եմ` 35-ը շատ հասուն եւ գիտակից տարիք է, քանի որ շատ բաներ ավելի փոքր տարիքում չես գիտակցում: Երբ արդեն գիտակից ես դառնում, նոր ես հասկանում, թե ինչ քաղցր բան է կյանքը: Ինչ ես արել ու ինչ պետք է դեռ անես, եւ կարծում եմ 35-ը հենց այդ տարիքն է »,-նշում է նա:
Ոճաբանն ընդգծում է, որ ամեն տարի իր տարեդարձը նշում է հանրապետությունից դուրս, սակայն այս տարի բացառություն է բոլորիս հայտնի պատճառով. «Ես իմ տարեդարձը նշում եմ ոչ Հայաստանի Հանրապետությունում, եւ ես չեմ սիրում իմ ծննդյան օրը, սիրում եմ առանձնանալ, եւ միշտ նշել եմ դրսում: Տարեդարձս նշել եմ մինչեւ 15-16 տարեկան ժամանակներս, դրանից հետո, նշել եմ քաղաքից դուրս մենակ կամ ինձ շատ հարազատ մարդկանց հետ: Այս տարի կարանտինի պատճառով երկրից դուրս գալ չկարողացա, բայց որոշել էի առանձնանալ ամառանոցում ու 12-ին դուռը բացվեց, բոլոր ընկերներս եկան, ու այդպես շատ լավ նշեցինք: Ես չեմ սիրում տարեդարձիս հյուրեր հրավիրել, եւ իմ ընկերները բոլորն էլ գիտեն այդ մասին, ով ցանկանում է գալիս է: Ամեն բան անկանխատեսելի է, դռները բաց են բոլորի առաջ»:
Իսկ, թե ի՞նչ անակնկալներ են տեղի ունեցել կեսգիշերին Արայիկ Գաբաջյանը հայտնեց.
«Կեսգիշերին 12-ի զարկի հետ մեկտեղ բոլոր ընկերներս ներս են մտել եւ մինչեւ առավոտ նշել ենք ծնունդս: Շատ հետաքրքիր բան էին կազմակերպել, ամեն տասը րոպեն մեկ ինձ նվեր էին անում, այն էլ ամեն մեկը մի քանի նվեր, այդ կերպ ուզում էին մինչեւ առավոտյան 6-ը իմ օրը նվերներով տոն դարձնել»:
Արայիկի Գաբաջյանը խոսքով նա մինչեւ կյանքի վերջ կունենա երազանքներ եւ նպատակներ, քանի որ սիրում է իր առաջ դնել նպատակներ ու այդ նպատակներն իրականացնել :
«Այս տարի մեծ ցանկություն ունեմ, որ շուտ վերջանա այս վիճակը, ու բոլորն անցնեն կյանքի բնականոն հունին, ամենակարեւորը առողջ լինեն, քանի որ եթե առողջությունը լինի, կյանքի մնացած հաջողություններն ու ամեն ինչը մեկը մյուսին կհետեւեն: Իսկ փոփոխություններ այդպիսին չեմ անելու, դրա փոխարեն ունեմ շատ նպատակներ, պրոեկտներ, որոնք այս համաճարակի պատճառով հետաձգվեցին, կիսատ մնացին: Փորձելու եմ, որքան հնարավոր է, կարճ ժամանակում դրանք իրագործել»,-ասում է նա:
Հարցին անձնականում որեւէ առաջընթաց սպասվելու է, թե ոչ, մեր զրուցակիցը պատասխանում է. «Անձնականի վերաբերյալ չեմ կարող ասել, երբ ժամանակը գա, բարին էլ հետը կգա: Ես անձնականը երկրորդ պլան չեմ մղում, եթե Աստված ցանկանա, միգուցե հենց վաղն էլ այդ ամեն ինչը կարգավորվի»:
Մեր զրուցակցի փոխանցմամբ նա ավելի շատ սիրում է նվիրել, այլ ոչ թե նվերներ ստանալ, բայց, ինչ խոսք, յուրաքանչյուր նվեր ոճաբանի համար թանկ է:
«Ես ավելի շատ սիրում եմ նվիրել, թեեւ հիմա դա շատ են ասում, բայց դա ինձ մոտ իրագործվում է, իհարկե, հաճելի է նվերներ ստանալ, եւ չկա այդպիսի կոնկրետ իր, որ ասեմ, ես սա կուզենայի, կամ նա: Ինձ համար յուրաքանչյուր նվեր էլ թանկ է, ինչպես նաեւ հաճելի: Այս տարվա ամենատպավորիչ անակնկալն արեց Գայա Արզումանյանը: Կարծում եմ ամեն մարդ չէր գնա նման քայլի: Նա իմ անունն էր դաջվածքի տեսքով գրել ձեռքին: Կարծում եմ դա շատ հաճելի եւ շոյվելու քայլ էր: Ես կողմ չեմ դաջվածքին, միգուցե որեւէ մեկի համար չէի անի, բայց Գայա Արզումանայնն արեց այդ խենթ քայլը»,-հավելում է նա :
Լիդա Եղիազարյան