Ռեկտորի պաշտոնակատար Դիանա Գալոյանը պետք է շուտ դուրս գար, երեք շաբաթ ձգձգվեց. ԲՈԿ նախագահ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեռեւս հունիսի 8-ին «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ «Բարձրագույն որակավորման կոմիտեի (ԲՈԿ) նախագահ Սմբատ Գոգյանի հրաժարականը, կարծես թե, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի ընդունում: Բանն այն է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Սմբատ Գոգյանի հետ ու զրուցել նրա հրաժարականի պատճառների մասին: Մեր աղբյուրները փոխանցել էին, որ վարչապետը շատ է հավանել Գոգյանին ու նրա պրոֆեսիոնալիզմը բարձր է գնահատել, ինչի համար էլ չի ստորագրում նրա հրաժարականի դիմումը: Նշենք, որ Սմբատ Գոգյանը դեռեւս մայիսի 22-ին ներկայացրել էր իր հրաժարականի դիմումը:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ դեռեւս շարունակվում է Գոգյանի համար օրակարգային հարց մնալ ՀՊՏՀ արդեն նախկին ռեկտորի պաշտոնակատարի՝ Դիանա Գալոյանի, աղմկահարույց դոկտորական ատենախոսությանը: Գոգյանը փաստում է, որ Գալոյանի ատենախոսությունում առկա են ակնհայտ թարգմանություններ եւ արտագրություններ, բայց համապատասխան կապերի եւ հովանավորչության միջոցով Դիանա Գալոյանն զբաղեցնում է իր պաշտոնը։

Նշենք, որ երեկ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի (ՀՊՏՀ) ռեկտորի պաշտոնակատար Դիանա Գալոյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է այն մասին, որ դիմել է ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին իր լիազորությունները դադարեցնելու խնդրանքով՝ շահարկումներին վերջ տալու համար, որպեսզի մասնակցի ռեկտորի համար հայտարարվելիք մրցույթին:

Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ԲՈԿ ղեկավար Սմբատ Գոգյանի հետ՝ պարզելու, թե ինչ փուլում է իր հրաժարականի դիմումը ու արդյոք ճիշտ են այն տեղեկությունները, որ նրա օրակարգում դեռեւս Դիանա Գալոյանի ատենախոսությունը բացահայտելն է:

-Պարոն Գոգյան, Դուք մայիսի 22-ին ՀՀ վարչապետին աշխատանքից ազատվելու դիմում էիք ներկայացրել, ի վերջո վարչապետն ընդունել, թե մերժել է Ձեր դիմումը: Ի՞նչ փուլում է այն:

-Հիմա աշխատանքի եմ, չգիտեմ, պետք է վարչապետի աշխատակազմից հետաքրքրվեմ:

-Դուք չե՞ք հետաքրքրվում, թե Ձեր դիմումը ի՞նչ «ճակատագիր» է ունեցել:

-Ես մանրամասներից տեղյակ չեմ, չգիտեմ, որ դուք գրեք, ես կկարդամ արդեն: Դեռեւս ես իմ աշխատավայրում եմ, աշխատում եմ: Ես կարող եմ ասել, որ հարց եմ բարձրացրել եւ պատասխանի ակնկալիք ունեմ: Իմ գնալ-չգնալով այդ հարցը չի լուծվելու, հարցի պատասխանը ինձ համար շատ կարեւոր է:

-Ըստ մեր տեղեկությունների, Ձեր օրակարգում դեռեւս շարունակում է մնալ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի (ՀՊՏՀ) ռեկտորի պաշտոնակատար Դիանա Գալոյանի ատենախոսությունում առկա թարգմանություններ եւ արտագրություններ: Եւ ըստ մեր տեղեկությունների՝ Դուք պատրաստվում եք առաջիկայում փաստեր ներկայացնել այդ առումով՝ գնալու, թե մնալու պարագայում էլ:

-Իմ դիմումի պատճառներից մեկն էլ դա էր: Պետք լինի՝ կխոսեմ, տեսնենք դեռեւս…խոսում եմ, չի հետաքրքրում, սենսացիա չկա երեւի: Իսկ փաստերը ինտերնետում առկա են:

-Դիանա Գալոյանն արդեն դիմել է ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին իր լիազորությունները դադարեցնելու խնդրանքով, որպեսզի մասնակցի ռեկտորի համար հայտարարվելիք մրցույթին:

-Դե այդ սցենարը սպասելի էր, ինքը պետք է շուտ դուրս գար, դե երեք շաբաթ ձգձգվեց: Ռեկտորի ընտրության օրակարգը ԲՈԿ-ի օրակարգից դուրս է որպես այդպիսին, բայց հարցն այն է, որ գրագողը պետք է դառնա ռեկտոր, դրա մասին պետք է դիրքորոշում հայտնի նախարարությունը:

-Բայց, ըստ Ձեզ, նախարարությունը նման դիրքորոշում կհայտնի՞:

-Ես հույսով եմ, իմ դիրքորոշումը հայտնի է:

-Այս հարցի հետ կապված նախարար Արայիկ Հարությունյանի հետ հանդիպում չունեցա՞ք:

-Ոչ:

-Հրաժարականի դիմում ներկայացնելուց հետո էլ նախարարը չի նախաձեռնել Ձեզ հետ հանդիպո՞ւմ:

-Իրեն հարցրեք:

-Դուք նաեւ հանդիպում եք ունեցել ԱԺ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի հարցերի հանձնաժողովի անդամների հետ, դրանից հետո ի՞նչ փոփոխություն եղավ:

-Այո, Մխիթար Հայրապետյանի նախաձեռնությամբ հանդիպում ենք ունեցել, ես այդ հանդիպման արձագանքն էլ չիմացա: Հանձնաժողովն էլ վերջում որեւէ բան չասեց, մենք այնտեղ շատ հարցեր էինք քննարկել: Բայց հանձնաժողովը չասեց իր կարծիքը, ես տեղյակ չեմ իրենց կարծիքից:

Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԳՈՐՅԱՆԸ




Լրահոս