Վաղը ՀՀ Ազգային ժողովը արտահերթ նիստ կհրավիրի, որի օրակարգում լինելու են«Սահմանադրական դատարանի մասին» օրենքում փոփոխությունների իրականացումը, ապրիլի 5-ին նշանակված հանրաքվեի չեղարկումը:
Քիչ առաջ ԱԺ կայքում տեղադրվեցին ԱԺ Իմ քայլը խմբակցության պատգամավորներ Վահագն Հովակիմյանի եւ Սուրեն Գրիգորյանի հեղինակած նախագծերը՝ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին եւ «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագծերը, ինչպես նաեւ ԱԺ 35 պատգամավորների հեղինակած ««Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2020 թվականի փետրվարի 6-ի «Սահմանադրության փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու մասին» որոշումը ուժը կորցրած ճանաչելու մասին որոշման նախագծը:
Նախագծերի հիմնավորումներում նշվում է, որ նախագծերով պատգամավորները նպատակ ունեն հստակեցումներ մտցնել Սահմանադրական փոփոխությունների արդյուքում թոշակի գնացող ՍԴ անդամների կենսաթոշակի իրավունքի իրացման հարցում:
Մասնավորապես, ՍԴ մասին օրենքի 88-րդ հոդվածի րոշ կետեր ուժը կորցրած են ճանաչվում, փոխարենը ավելացվում են նոր կետեր. առաջարկվում են հետեւյալ փոփոխությունները.
«5.1. Սահմանադրության` 2020 թվականի հունիսի 22-ի փոփոխություններով 213-րդ հոդվածի 1-ին մասի ուժով լիազորությունների ժամկետը ավարտված եւ պաշտոնավարումը դադարած Սահմանադրական դատարանի անդամին (դատավորին), որպես սույն օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով լիազորությունները դադարած անձի, նշանակվում է կենսաթոշակ սույն օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան: Սահմանադրական դատարանի նախագահի լիազորությունները ժամանակավորապես կատարողը` այս մասին կազմում է արձանագրություն:
5.2. Մինչեւ Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված Սահմանադրական դատարանի անդամը, որի պաշտոնավարումը չի դադարել Սահմանադրության` 2020 թվականի հունիսի 22-ի փոփոխություններով 213-րդ հոդվածի 1-ին մասի ուժով, շարունակում է պաշտոնավարել որպես Սահմանադրական դատարանի դատավոր մինչեւ այդ պաշտոնում նրա պաշտոնավարման 12 տարին լրանալը` հաշվի առնելով նաեւ մինչեւ Սահմանադրության` 2020 թվականի հունիսի 22-ի փոփոխությունների ուժի մեջ մտնելը որպես Սահմանադրական դատարանի անդամ կամ դատավոր պաշտոնավարած ժամկետը:
5.3. Սահմանադրության` 2020 թվականի հունիսի 22-ի փոփոխություններով 213-րդ հոդվածի 1-ին մասի հիմքով առաջացած` Սահմանադրական դատարանի դատավորի երեք թափուր տեղերի համար առաջադրումները կատարվում են Սահմանադրության` 2020 թվականի հունիսի 22-ի փոփոխությունների ուժով` համապատասխանաբար Կառավարության, Հանրապետության նախագահի եւ դատավորների ընդհանուր ժողովի կողմից, Սահմանադրության` 2020 թվականի հունիսի 22-ի փոփոխություններն ուժի մեջ մտնելուց հետո` երկամսյա ժամկետում:
5.4. Սահմանադրության` 2020 թվականի հունիսի 22-ի փոփոխություններով 213-րդ հոդվածի հիմքով Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնավարումը դադարելու արդյունքում Սահմանադրական դատարանի նախագահի լիազորությունները ժամանակավորապես կատարողը սույն հոդվածի 5.3-րդ մասով սահմանված երկամսյա ժամկետի ավարտից ոչ ուշ, քան մեկ ամիս առաջ թեկնածու առաջադրելու անհրաժեշտության մասին տեղեկացնում է սույն հոդվածի 5.3-րդ մասով սահմանված` Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղերի համար թեկնածու առաջադրելու իրավունք ունեցող այն մարմնին, ով տվյալ պահի դրությամբ թեկնածու դեռեւս չի առաջադրել:
5.5. Սահմանադրության` 2020 թվականի հունիսի 22-ի փոփոխություններով 213-րդ հոդվածի 4-րդ մասի հիմքով առաջացած` Սահմանադրական դատարանի նախագահի թափուր պաշտոնում ընտրությունը կատարվում է սույն օրենքի 19-րդ հոդվածով սահմանված կարգով` Սահմանադրության` 2020 թվականի հունիսի 22-ի փոփոխություններով 213-րդ հոդվածի 1-ին մասի հիմքով առաջացած Սահմանադրական դատարանի դատավորների թափուր տեղերը համալրելուց հետո` տասնօրյա ժամկետում:
5.6. Քննության ընդունված այն գործերով, որոնցով սույն օրենքի 28-րդ հոդվածի 3-րդ մասում նշված աշխատակարգային որոշմամբ զեկուցող է նշանակվել Սահմանադրական դատարանի այն անդամը (դատավորը), ում պաշտոնավարումը դադարել է Սահմանադրության` 2020 թվականի հունիսի 22-ի փոփոխություններով 213-րդ հոդվածի 1-ին մասի ուժով, Սահմանադրության` 2020 թվականի հունիսի 22-ի փոփոխություններն ուժի մեջ մտնելուց հետո երեքշաբաթյա ժամկետում Սահմանադրական դատարանի նախագահի լիազորությունները ժամանակավորապես կատարողը Սահմանադրական դատարանի դատավորների կազմից նշված գործերով զեկուցող նշանակելու հարցը լուծելու նպատակով հրավիրում է աշխատակարգային նիստ»:
Բացի այդ, կարգավորումներ են առաջարկվում դատավորի թափուր տեղերի համար թեկնածուներ առաջադրելու հաջորդականության հարցում: Ըստ հեղինակների՝ կարգավորված չէ այն հարցը, թե ինչպես է գործելու թեկնածուների առաջադրման հաջորդականությունը այն դեպքում, երբ որեւէ մարմնի կողմից արդեն իսկ առաջադրվել եւ պաշտոնավարում են Սահմանադրությամբ նախատեսված`յուրաքանչյուր մարմնի հաշվարկով առավելագույն 3 դատավորները:
Այս մասով առաջարկվող փոփոխությունը հետեւյալն է. «Սույն մասով սահմանված հաջորդականությամբ հերթական առաջադրումն իրականացնելու իրավունք ունեցող մարմինը Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղի համար թեկնածու չի առաջադրում, եթե նրա կողմից առաջադրված եւ սույն օրենքի 12-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված տեղեկացումը համապատասխան մարմնին տրամադրելու պահին պաշտոնավարող Սահմանադրական դատարանի դատավորների թիվը, Սահմանադրության 166-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան, հավասար է երեքի:
Տվյալ դեպքում Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղի համար թեկնածու առաջադրում է սույն մասով սահմանված հաջորդականությամբ թեկնածու առաջադրելու իրավունք ունեցող այն մարմինը, որի մոտ առկա չեն սույն մասի երկրորդ նախադասությամբ սահմանված սահմանափակումները»: