ՖՈՏՈ. Իրենց կոչմանն ու գործին հավատարիմ բժիշկները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայրանալու բերկրանքն ամենաերանելի զգացումն է և արարման խորհուրդ ունի իր մեջ, իսկ երբ մայրանում ես չորրորդ անգամ, դու աշխարհի ամենաերջանիկ էակն ես: Անկրկնելի այդ զգացողությունն ապրելու համար երախտիքի խոսքերը երբեք շռայլ չեն կարող լինել: Թերևս խոսքերն ի զորու չեն նաև համարժեքորեն արտահայտել այն, ինչ զգում ու մտածում եմ ես՝ արդեն չորրորդ անգամ հանդիպելով բժիշկների, որոնց նվիրումի գաղտնիքը առաջին հերթին մարդկային հատկանիշներով է պայմանավորված, մարդու հանդեպ մեծագույն հոգատարությամբ: էրեբունի Բժշկական կենտրոնի բուժաշխատողներն այնպիսի ներդաշնակությամբ են համադրում մասնագիտական ու մարդկային բարձր որակները, որ էլ ավելի է մեծանում հավատն ու վստահությունը այս բուժհաստատության նկատմամբ:

Այդ վստահության երաշխավորը ամենից առաջ Էրեբունի ԲԿ գլխավոր տնօրեն Հարություն Քուշկյանն է՝ խոշորագույն այս կենտրոնի ղեկավարը, իր գործի գիտակը, հրաշալի մասնագետն ու Մարդը, ում մասնագիտական ու կառավարման հմտություններով են պայմանավորված, բուժհաստատության հաջողությունները: Ղեկավար, ով մեծապես նպաստել է, որ իր ղեկավարած բուժհաստատությունում բացի կարևորագույն, կյանքի ու առողջության համար կենսական նշանակություն ունեցող մյուս բաժանմունքներից ձևավորվի ծննդօգնության հսկայական բաժանմունք: Այն իր նվիրյալ, բանիմաց մասնագետներով ու մատուցած սպասարկման որակով հայտնի է ողջ հանրապետությունում: Սա պատասխանատվություն է ոչ միայն գործի, այլև մարդու, հայրենիքի, մայրության ու կյանքի նկատմամբ:

Ես երախտիքի իմ խոսքն եմ հղում նաև մայրության բերկրանքը վերստին ինձ պարգևած բժիշկներին՝ ի դեմս ծննդօգնության գծով փոխտնօրեն ԲԳԹ Անդրանիկ Պողոսյանի:

Ցանկանում եմ նրան կրկին ասել՝ իմ հարազատ, պաշտելի բժիշկ, խորին խոնարհում Ձեզ ու շնորհակալություն՝մարդկային ու մասնագիտական բարձր որակների համար, այն հույսի ու հավատի համար, որով համակում եք մայրացող կանանց: Դուք Բժիշկ եք, ում էության մեջ մեկտեղվել են բարությունն ու հոգատարությունը, սերը մարդու հանդեպ, որ վերաբերմունք է դառնում ծնունդ երևույթի նկատմամբ: Ուզում եմ հավաստիացնել, որ Ձեր վստահ աշխատաոճն ու հուսադրող խոսքը միայն ու միայն պաշտամունքի են արժանի: Ձեր ղեկավարությամբ այս բաժանմունքում աշխատում է բժիշկների մի հզոր թիմ, որը օրվա ցանկացած պահի, անկախ ժամից ու հանգամանքներից պատրաստ է օգնության հասնել, պատրաստ է իր մասնագիտական ողջ ներուժը ի սպաս դնել այն սրբազան գործին, որն ապահովում է կյանքի շարունակականությունը:

Իմ խորին երախտիքն եմ հայտնում նաև ծննդատան անեսթեզիոլոգիայի և վերակենդանացման բաժանմունքի վարիչ Լուսինե Դանիելյանին,

սիրելի բժիշկներ պատրաստակամ ու հոգատար Նորայր Ղուկասյանին,

բնույթով մեղմ, բայց գիտելիքներով փորձառու Դավիթ Աբովյանին:

Շնորհակալություն մանկաբույժ Արուսյակ Այվազյանին՝ իմ բալիկի հանդեպ ցուցաբերած հոգատար վերաբերմունքի համար:Շնորհակալություն բոլոր բժիշկներին, ովքեր անձնուրաց նվիրումով հավատարիմ են իրենց կոչմանն ու գործին: Երախտիքի խոսք եմ ուզում հղել նաև Էրեբունի ԲԿ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ, մեր շատ սիրելի Շուշան Հունանյանին, ում բարի կամքը, հոգատարությունն ու պատրաստակամությունը ևս բուժհաստատության ընդհանուր գործի մի մասն են կարծես:

Գաղտնիք չէ, որ հատկապես համավարակի այս օրերին հաճախ ենք շնորհակալական խոսքեր լսում բուժաշխատողների հասցեին, սակայն այսպիսի բուժաշխատողների մասին երախտիքի խոսքերը երբեք ավելորդ չեն: Շնորհակալություն:

Լիլիթ Ավետիսյան

 




Լրահոս