13 բուժառու ուղեկցողների հետ ԼՂ-ից Հայաստան է տեղափոխվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր՝ հուլիսի 22-ին, ԼՂ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից 13 բուժառու ուղեկցողների հետ, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ, տեղափոխվել են ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ։

«Նախատեսվում է օրվա ընթացքում ԿԽՄԿ մեքենաներով Արցախ վերադարձնել 13 բուժառուի՝ ուղեկցողների հետ, որոնք ժամանակին պետական պատվերի շրջանակներում ուղեգրվել են ՀՀ՝ բուժում ստանալու համար։Ավելի քան 200 բուժառու սպասում են իրենց տեղափոխությանը Հայաստանի Հանրապետության մասնագիտական բժշկական կենտրոններ՝ անհապաղ բուժօգնություն ստանալու համար:

Չնայած իրականացված ջանքերին՝ Կարմիր խաչը տևական ժամանակ չի կարողանում ապահովել խիստ անհրաժեշտ դեղորայքի մատակարարում Հայաստանից, քանի որ ադրբեջանական կողմը շարունակաբար արգելում է նույնիսկ դեղորայքի մատակարարումը:

«Արևիկ» բուժմիավորումում այս պահին ստացիոնար բուժում է ստանում 24 երեխա, 7-ը գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքում:

«Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում ստացիոնար բուժում է ստանում 73 հիվանդ, 6 բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որոնցից 2-ը՝ ծայրահեղ ծանր վիճակում»,- ասված է ԼՂ առողջապահության նախարարության տարածած հաղորդագրության մեջ։




Լրահոս