Հուլիսի 9-ի որոշումից հետո դատավորները կիմանան իրենց անելիքները : ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ դատական համակարգում շունչները պահած սպասում են, թե Բարձրագույն դատական խորհուրդը կկանգնի դատավոր Ազարյանի կողքին , թե կհաճոյանա իրավապահ համակարգին՝ պատսխանատվության կանչելով դատավոր Ալեքսանդր Ազարյանին : Այս որոշումից հետո դատավորները նոր կիմանան իրենց հետագա անելիքները:
Ինչպես հայտնի է, Բարձրագույն դատական խորհուրդն հունիսի 25-ին շարունակեց արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի միջնորդությունը՝ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ քննությունը, իսկ ահա որոշումը կհրապարակվի հուլիսի 9-ին:
Իսկ ի՞նչ էր արել դատավոր Ազարյանը : Դատավոր Ալեքսանդր Ազարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդության հիմքում Արդարադատության նախարարությունը դրել է «5-րդ ալիք» հեռուստաընկերության սեփականատեր Արմեն Թավադյանի խափանման միջոցի գործով դատական նիստի ընթացքում դատավոր Ալեքսանդր Ազարյանի հնչեցրած խոսքերը, որոնք Արդարադատության նախարարությունն ու ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը որակում են վերջինիս, ինչպես նաև ՀՔԾ աշխատակիցների նկատմամբ անհարգալից վերաբերմունք։
«Հույս ունեի, որ չէիք իջնի ՀՔԾ պետի մակարդակին և չէիք քննադատի օրինական ուժի մեջ մտած դատական ակտը»: Քննիչին ուղղված այս արտահայտությունն է արել դատավոր Ալեքսանդր Ազարյանը։ ԲԴԽ նիստի ընթացքում նա բացատրեց, թե ինչ է նկատի ունեցել ու ինչու է նման բան ասել։
Այսպիսով, զրուցեցինք Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանի հետ , թե նա ինչ սպասելիքներ ունի Բարձրագույն դատական խորհրդից : Ի պատասխան՝ վերջինս հայտնեց .«Ոչ միայն իմ, այլև բոլոր դատավոր գործընկերների շրջանում անխտիր, դատավոր Ազարյանն ունի անվիճելի բարձր հեղինակություն ու բարի համբավ. Հակառակ գեթ մեկ կարծիք երբևէ չեմ լսել: Ընդհանուր առմամբ ունեմ համոզմունք, որ ցանկացած «կարգապահական» միջամտություն պետք է ծայրահեղ սահմանափակ քանակով ու դեպքերում լինի. հակառակը, մեղմ ասած, չի նպաստի դատական համակարգի անկախությանը: Ինչ վերաբերում է Ազարյանի վերաբերյալ գործով ԲԴԽ-ի կողմից կայացվելիք ակտի վերաբերյալ կարծիքին, ակնկալիքին, ապա չեմ ուզում որևէ մեկին կաշկանդեմ: Կարծիք չեմ հայտնի, իրավասությունն էլ երևի չունեմ: Ինչ վերաբերում է հարցում նշվածին, թե ԲԴԽ-ն կկանգնի դատավորի կողքին, թե կհաճոյանա իրավապահ համակարգին, ապա չեմ կարծում, թե ԲԴԽ-ն հենց այդ երկընտրանքի առջև է կանգնած, չեմ կարծում նաև, թե իրավապահ մարմիններն ուրախանալու առիթ կունենան դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու առիթով. թե՛ իրավապահ կամ քրեական հետապնդման մարմինները, թե՛ փաստաբանները միշտ էլ առավել հարգում և ընդունում են Ազարյանի հատկանիշներն ունեցող դատավորներին: Օրինակով ասեմ, երբ իրավապահ համակարգում շուրջ 8 տարի աշխատելուց հետո 2011 թվականին տեղափոխվում էի դատական համակարգ, շատ դատավորների հետ էի առիթ ունեցել աշխատելու, ճանաչելու, բայց երբ անհրաժեշտ էր դատավորի աշխատանքի համար խորհուրդներ ու որոշումների օրինակելի նմուշներ, բոլորի նկատմամբ ունեցած մեծ հարգանքով հանդերձ, այդ հարցով դիմեցի ընդամենը երկու-երեք դատավորի, այդ թվում Ալեքսանդր Ազարյանին»:
Քնար Մանուկյան