Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ հուլիսի 6-ին տեղի
է ունեցել պարետատան հերթական նիստը:
Հանրապետությունում նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման գործընթացի շրջանակներում
վերջին մեկ ամսվա ընթացքում կատարած աշխատանքների համառոտ նկարագիրը ներկայացրել է պարետ,
պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը: Նախագահը լսել է նաև առողջապահության նախարարի
պաշտոնակատար Արայիկ Բաղրյանի զեկույցը, որն ընդգրկում էր կորոնավիրուսային հիվանդացության
միջազգային, հայաստանյան ու արցախյան վիճակագրությունն ու առողջապահության նախարարության
կողմից իրականացվող աշխատանքերի ամփոփ նկարագիրը: Արայիկ Բաղրյանը մանրամասներ է ներկայացրել
Ստեփանակերտում և շրջաններում նոր օջախների առաջացման պատճառների ու հետևանքների վերաբերյալ,
կարևորել պոլիմերազային շղթայական լաբորատորիայի աշխատանքը:
Հանրապետության նախագահն անդրադարձել է բուժհաստատություններում արձանագրված
համավարակի վերջին դեպքերին՝ պատասխանատուներից պահանջելով դիմել խիստ միջոցների՝ դրանք
հետագայում բացառելու կամ հնարավորինս նվազեցնելու նպատակով: Արայիկ Հարությունյանը հանձնարարել
է առավելագույն խստություն ցուցաբերել առաջին հերթին պետական համակարգում ընդգրկված բոլոր
աշխատողների և տնտեսվարողների նկատմամբ, ովքեր պատշաճ չեն կատարում պարետի համապատասխան
որոշումներն ու ցուցումները: