Նախկին պատգամավոր Վանիկ Ասատրյանի դեմ ցուցմունք են տվել, տունն էլ՝ խուզարկել, տարել փաստաթղթեր. նոր մանրամասներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քիչ առաջ Factor.am-ը տեղեկություն տարածեց, որ հայտնի ընտրակաշառքի գործով կալանավորվել է «Ծառուկյան» խմբակցության նախկին պատգամավոր Վանիկ Ասատրյանը:

ArmLur.am-ը զրուցել է նրա փաստաբան Էմին Բեգլարյանի հետ՝ հասկանալու համար, թե ինչ է ասել իր պաշտպանյալն այս առնչությամբ: «Ընտրակաշառք բաժանվելու համար է մեղադրանք առաջադրվել: Ասատրյանն իրեն առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչում, խոսքը վերաբերում է 2017 թվականի Ազգային ժողովի ընտրություններին, որի ընթացքում վերջինս Լոռու մարզից ընտրվել էր որպես Ազգային ժողովի պատգամավոր: Քիչ առաջ դատարանը հրապարակեց որոշում, որով քննիչի միջնորդությունը բավարարվեց եւ երկու ամիս ժամանակով որպես խափանման միջոց ընտրվեց կալանավորումը», – հայտնեց փաստաբանը:

Փաստաբանից հետաքրքրվել ենք՝ կա արդյոք կոնկրետ անձ, որը ցուցմունք է տվել Վանիկ Ասատրյանի դեմ: «Զուտ նախաքննության գաղտնիությունից ելնելով ՝ ես չեմ կարող ամբողջ ծավալով ինձ հասու տեղեկությունը բացահայտել, սակայն ընդամենը կասեմ, որ առաջադրված մեղադրանքի եւ մեզ ներկայացված նյութերի համաձայն՝ կա, ով ցուցմունք է տվել, սակայն մենք անմիջապես միջնորդել ենք, որ առերես հարցաքննություն իրականացվի, մեզ հրավիրել են հարցաքննության շաբաթ օրը, 5-6 ժամ սպասել ենք, սակայն այն այդպես էլ տեղի չի  ունեցել: Սա մեզ հիմք է տալիս ենթադրելու, որ այն անձը, որը ցուցմունք է տվել Վանիկ Ասատրյանի դեմ, արդեն իսկ՝ առկա հակասությունն է վերացել եւ հիմքերը վերացել են, քանի որ հակասություն չկա: Դա զուտ մեր ենթադրությունն է», – հավելեց նա:

Գալստյանը նաեւ նշեց, թե այդ միջնորդությունը գրավոր է ներկայացված եղել եւ խնդրել էին այն անհապաղ իրականացնել: «Դեռ քննիչի որոշումը չենք ստացել՝ մեր միջնորդությունը բավարարվել է, թե ոչ: Բայց, քանի որ մեզ հրավիրել էին ԱԱԾ, ենթադրում եմ, որ բավարարվել էր, պարզապես ես այս պահին թղթային տարբերակով չունեմ, որպեսզի ավելի հստակ ասեմ: Դատավարական ժամկետներ կային քննության առնելու եւ դրանք դեռ չեն ավարտվել, մենք սպասում ենք դիրքորոշման եւ քանի որ կանչել էին, մտածում ենք, որ այն բավարարվել էր, սակայն չենք կարող ասել, թե ինչու այն տեղի չունեցավ», – հավելեց Գալստյանը:

Նախկին պատգամավոր Վանիկ Ասատրյանի փաստաբան Էմին Գալստյանը հայտնեց, որ վերջինիս տանը դեռեւս հունիսի 26-ին խուզարկություն էր կատարվել, բայց կոպիտ խախտմամբ: «Դրա վերաբերյալ չեմ ցանկանում շատ բան ասել, սակայն խախտումն այնքան ակնհայտ է, որ հավասար է առանց դատարանի որոշման անձի տունը խուզարկելու: Հայտնաբերվել են ինչ-որ փաստաթղթեր, որոնք մեր գնահատմամբ, գործի հետ չեն կարող որեւէ նշանակություն ունենալ: Չեմ կարող այդ մասին բարձրաձայնել, բայց դրանք չէին կարող մեղադրանքի հետ նշանակություն ունենալ», – եզրափակեց Գալստյանը:

Հավելենք, որ Վանիկ Ասատրյանը ԱԺ պատգամավոր էր ընտրվել 2017 թվականին, Լոռու մարզից: Այս գործով մեղադրանք է առաջադրվել նաև ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանին՝ 154.2 հոդվածով (ընտրողի կողմից թեկնածուներից, կուսակցություններից (կուսակցությունների դաշինքներից), հանրաքվեի քարոզչական նախաձեռնություններից կաշառք ստանալը կամ թեկնածուների, կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների), հանրաքվեի քարոզչական նախաձեռնությունների կողմից ընտրողներին կաշառք տալը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը)` ընտրակաշառքների հետ կապված: Հենց այս մեղադրանքն է  առաջադրված նաեւ Վանիկ Ասատրյանին:

Քնար Մանուկյան




Լրահոս