«ԱՌԱՎՈՏՅԱՆ ՆՈՐԻՑ ԱՆՀԱՆԳՍՏԱՑՆՈՂ ԶԱՆԳԵՐ ԵՂԱՆ». ԶԱՌԱ ԱՐԱՄՅԱՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Զառա Արամյանն իր գործունեության ողջ ընթացքում տարբերվել է իր աշխատելաոճով, եթերում եղել է անկեղծ, իսկ ընտանիքում` ուղղակի Զառա, մայր, քույր ու կին: Նախօրեին Զառա Արամյանը նշում էր իր ծննդյան 50-ամյակը:  «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում սիրված դերասանուհին խոսել է իր զգացողությունների, ապրումների եւ երեխաների անակնկալ նվերի մասին:

 

«Երջանիկ եմ… Անկեղծ ասած, առաջին իսկ պահից՝ հենց 12-ը խփեց, աղոթեցի եւ շնորհակալություն հայտնեցի Աստծուն, որ հասա իմ կեսդարյան հոբելյանական տարիքին, քանի որ կարող էի չհասնել՝ առողջական լուրջ խնդիրների պատճառով: Ուրախ եւ երջանիկ եմ ինձ շրջապատող մարդկանց սիրով, բարեմաղթանքներով մտնում եմ երկրորդ դարակես: Հայելու մեջ նայում եմ, զգում եմ, որ արդեն 50 տարեկան կին է ինձ նայում, բայց չեմ ընդվզում, ուրախ եմ, քանի որ սիրտս ու հոգիս շատ մեծ է, եւ հոգուս լույսերը շատերին եմ տալիս, ինչից ինձ շատ երջանիկ եմ զգում: Ես դրա մասին շատ եմ խոսել. եթե սիրտդ ու հոգիդ խաղաղ է, եւ հոգիդ բարի, ապա դա անպայման քեզ հետ է գալու, դա իմ կյանքի փորձից եմ ասում: Այսօր այնքան հեշտ է վատ մտքերին տրվելը, այսօր առավոտյան ինձ նորից անհանգստացնող զանգեր եղան, քանի որ այս երեք ամիսներին, պանդեմիայով պայմանավորված, բանկերում վճարումներ չեմ կատարել, բայց, ինչեւէ, ես ինձ թույլ չտվեցի, որ տրամադրությանս վրա այդ ամենն ազդի։ Սիրով ընդունում եմ բոլորի շնորհավորանքները, եւ դա ինձ պարզապես ապրեցնում է»,-նշում է Զառան:

Խոսելով երազանքների մասին՝ մեր զրուցակից. ընդգծում է, որ հիմա նրա բոլոր երազանքներն ու նպատակները կապված են երեխաների, նրանց լավ ապագայի հետ։ «Ժամանակին, երբ ծնողներս ինձ ասում էին՝ Զառա ջան, լավ ուսում ստանաս, հերիք է, Զառա ջան, լավ ամուսնանաս, Զառա ջան, լավ երեխաներ ունենաս, եւ հազար անգամ փառք տիրոջը՝ այդ ամենն ի կատար է ածվել ։ Առաջ, երբ այս ամենն ինձ ծնողներս էին ասում, ամբողջ խորությամբ չէի հասկանում, իսկ հիմա ես ինքս, անցնելով այդ ճանապարհով, իմ բոլոր երազանքներն ու իղձերը կապված են երեխաներիս հետ, իրենց կայանալու, ինչու չէ, նաեւ յուրաքանչյուր ծնողի նման ես էլ եմ ցանկանում՝ նրանք ունենան լավ ուսում, լավ ընտանիք»,-ասում է նա:

Զառա Արամյանը ծննդյան առաջին անակնկալը ստացել է երեխաների կողմից, ինչը մեծ զարմանք ու հիացմունք է պատճառել նրան. «Այս տարի զարմացած եմ, իսկ ինձ դժվար է զարմացնելը։ Իմ կյանքում ես միշտ եղել եմ ուշադրության էպիկենտրոնում, ստացել եմ շատ գեղեցիկ ծաղկեփնջեր, բայց այն ծաղկեփունջը, որ այս գիշեր փոքրիկ վառվող տորթիկով նվիրեցին երեխաներս, դա ինձ համար ամենաքաղցր նվերն էր, որ ես ստացել էի մինչ այսօր: Զարմացած եմ, թե ինչպես էին կարողացել տանը թաքցնել այդ մեծ ու ճոխ ծաղկեփունջն այնպես, որ ես չնկատեմ, եւ մատուցեն այդ գեղեցիկ անակնկալն ինձ: Չգիտեմ անգամ, թե որտեղից եւ ինչպես են հայթայթել գումար` լինելով անչափահաս, որովհետեւ առաջին անգամ է, որ իրենց գումարով էին գնել, ոչ թե իմ տված: Իսկ ամուսինս կողքս չէր, քանի որ այս ժամանակահատվածում ամառանոցում զբաղված է ծառերի խնամքով, բայց, իհարկե, առաջին զանգը հենց իրենից էր: Մենք՝ կանայքս, ընդհանրապես վախենում ենք բարձրաձայնել, բայց իրականում մենք շատ բարի ու ջերմ խոսքերի կարիք ունենք, որովհետեւ դրանք մեզ ապրեցնում են, մեզ երջանկություն են պարգեւում, յուրաքանչյուր բառ` քաղցր, ջերմ, տաք, թե ուղղակի գրված երկտող»:

Իսկ թե ինչպես եւ ում հետ է նշելու հոբելյանական 50-ամյակը, Զառան նշում է, որ այս համաճարակի պատճառով հյուրեր կամ մեծ խնջույք չի լինելու:

«Բարեբախտաբար, անցած տարի մեծ խնջույքով նշել եմ ծննդյանս տարեդարձը, բայց այս տարի, համաճարակով պայմանավորված, բացարձակ ոչ մի հյուր չի լինելու: Լինելու ենք միայն ես եւ երեխաներս մեր շնիկի՝ Միմիի հետ միասին: Ինձ արդեն արտասահմանից ընկերուհիներս ծաղիկներ են ուղարկել, ջերմագին շնորհավորել, իսկ այստեղ գտնվող ընկերուհիներս, որքան էլ որ ուզում են այդ օրը կողքիս լինել, հասկանում են, որ չեն կարող ինձ հետ հանդիպել, քանի որ գիտեն՝ առողջական խնդիրներ ունեմ, եւ պետք չէ ինձ շատ հանրության մեջ լինել: Ես իմ երկրի պառտաճանաչ, գիտակից քաղաքացին եմ եւ ընդունում եմ, որ պետք է պահպանել անվտանգության բոլոր կանոնները՝ հանուն մեր բոլորիս առողջության, եւ անգամ մի քանի հոգու իրար մոտ գտնվելը կարող է ռիսկային գոտի ստեղծել։ Շատ ուրախ, երջանիկ անցկացնելու եմ տանը եւ օգտվելով առիթից՝ այսօրը բոլոր ծնվածներին շնորհավորում եմ, բոլորիս մաղթում եմ համբերություն, ամեն ինչ լավ է լինելու։ Շուտով կավարտվի այս համաճարակը, եւ դաշնամուրի սեւ ստեղներին կփոխարինեն սպիտակները, ինչպես լինում է կյանքի բոլոր դժվարին փուլերում։ Ընդմիշտ ձեր՝ Զառա Արամյան»,- եզրափակում է ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Զառա Արամյանը։

ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 

 

 

ՆԵՐՍԻԿ ԻՍՊԻՐՅԱՆԸ՝ ԱՄԱՌԱՅԻՆ ՀԱՆԳՍՏԻ ՄԱԽՋՖ

Շատերի համար ամառային հանգիստն ամենասպասվածն է, երբ կարող ես վայելել ծովափնյա հանգիստը կիզիչ արեւի տակ, սակայն այս տարի աշխարահն ուրիշ պլաններ էր նախատեսել մարդկանց համար` համաշխարհային համաճարակ, որը ճեղքում է յուրաքանչյուր պատնեշ:

 

«Ժողովուրդ» օրաթերթը, շարունակելով ամառային հանգստին վերաբերող շարքը,  այս անգամ ազգագրական երգերի սիրված կատարող Ներսիկ Իսպիրյանից հետաքրքրվել է, թե  այս համաշխարհային պանդեմիայի պայմաններում ինչպես եւ որտեղ է պատրաստվում անցկացել ամառային հանգիստը:

Մեզ հետ զրույցում Ներսիկ Իսպիրյանը նշում է, որ այս տարի  ամառային հանգիստն անցկացնելու է ընտանիքի հետ միասին  իրենց ամառանոցում, որը գտնվում է հայրենի Ծովազարդ գյուղում՝ կապուտաչյա Սեւանի ափին մոտ:

«Այս տարի այլ տարբերակ պարզապես չկա, եւ կարող եմ ասել, որ արդեն իսկ մեկուսացել ենք  մեր ամառանոցում, որտեղ կա մաքուր բնություն, ծառեր, օդ»,- ընդգծում է սիրված երգիչը:

Ներսիկ Իսպիրյանը մեզ հետ զրույցի վերջում մաղթում է մեր ժողովրդին համբերություն, զգոնություն՝ հուսալով, որ շուտով այս համաճարակը կնահանջի:

Լ. ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 

 

ՄԱՐԶԻՉԸ ՎՍՏԱՀԵՑՐԵԼ Է

Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան վստահեցրել է, որ ակումբը կկարողանա նոր պայմանագրի հարցում համաձայնության գալ թիմի գաբոնցի հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգի հետ: «Մենք բանակցում ենք Պյերի, նրա ներկայացուցիչների եւ ընտանիքի հետ: Վստահ եմ, որ նա մնալու է ակումբում: Յուրաքանչյուր խաղում Օբամեյանգն ապացուցում է, որ աշխարհի լավագույն հարձակվողներից մեկն է: Ես շատ գոհ եմ Օբամեյանգի մրցելույթներից եւ ցանկանում եմ, որ նա շարունակի հանդես գալ «Արսենալում»»,- Արտետայի խոսքը փոխանցում է «Արսենալի» մամուլի ծառայությունը:

Ավելի վաղ 30-ամյա Օբամեյանգը հայտարարել էր, որ չի ցանկանում շարունակել համագործակցությունն «Արսենալի» հետ եւ մտադիր է այլ ակումբ տեղափոխվել: Գաբոնի ազգային հավաքականը ներկայացնող ֆուտբոլիստի պայմանագիրն «Արսենալի» հետ նախատեսված է մինչեւ 2021 թվականի հունիս:

 

ՉԻ ՇԱՐՈՒՆԱԿԻ

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Անխել Գոմեսը չի շարունակի մրցելույթները նորվեգացի Ուլե-Գունար Սուլշերի գլխավորած թիմում: «Մանչեսթեր Յունայթեդը» որոշել է չշարունակել համագործակցությունը 19-ամյա ֆուտբոլիստի հետ: Նրա պայմանագիրը նախատեսված էր մինչեւ հունիսի 30-ը: Անխել Գոմեսը «Մանչեսթեր Յունայթեդի» ակադեմիայի սան է: Ակումբի հիմնական թիմի կազմում նա մասնակցել է 10 հանդիպման: Ավելի վաղ Ուլե-Գունար Սուլշերը հայտարարել էր, որ Անխել Գոմեսը «Մանչեսթեր Յունայթեդի» լավագույն պատանի ֆուտբոլիստն է:

 

ԽՈՍԵԼ Է ՀԱՆԴԻՊՄԱՆ ՄԱՍԻՆ

Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Իլկայ Գյունդողանը խոսել է Պրեմյեր լիգայի 33-րդ տուրի «Լիվերպուլի» դեմ հանդիպման մասին: «Մենք մրցելու ենք Անգլիայի նորընծա չեմպիոնի հետ: «Լիվերպուլն», իրոք, հրաշալի մրցաշրջան անցկացրեց եւ արժանի էր չեմպիոնության: «Մանչեսթեր Սիթին» այս մրցաշրջանում շատ սխալներ թույլ տվեց, այդ պատճառով մենք զրկվեցինք չեմպիոնի տիտղոսը պահելու հնարավորությունից: Այնուամենայնիվ, խաղադաշտ ենք դուրս գալու հաղթելու նպատակով եւ կփորձենք հերթական 3 միավորը վաստակել»,- ասել է Գյունդողանը:




Լրահոս