Բոլորդ էլ գիտեք իմ վերաբերմունքը հայրենիքի նկատմամբ. Արթուր Գրիգորյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս դժվարին իրավիճակում խորհուրդ եմ տալիս գնահատականները վերագնահատեն եւ իմանան, թե ինչն է ավելի կարեւոր մեր երկրի համար։ Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նման տեսակետ է հայտնել երգիչ, երգահան, «Երգի պետական» թատրոնի գեղարվեստական ղեկավար, ՀՀ ժողովրդական արտիստ Արթուր Գրիգորյանը՝ անդրադառնալով սահմանային լարված իրավիճակին եւ հակառակորդի սադրիչ գործողություններին:

Հարցին, թե արդյոք հնարավո՞ր է 2016 թվականի Ապրիլյան պատերազմը նորից կրկնվի Արթուր Գրիգորյանն ընդգծում է.

«Չեմ կարծում, որ 2016 թվականի Ապրիլյան պատերազմի դեպքերը նորից կկրկնվեն, բայց ամեն ինչի, հակառակորդի ամեն սադրիչ գործողության մեր բանակը պետք է պատրաստ լինի, իսկ բանակի մարտունակությունը գնահատում եմ նորմալ, թեեւ հիմա մի քիչ տխուր եմ, քանի որ ուսանողներիցս մեկը վաղը գնում է բանակ, բայց նաեւ ուրախ եմ, որ գնում է հայրենիքին ծառայելու»:

«Դուք բոլորդ էլ գիտեք իմ վերաբերմունքը հայրենիքի, բանակի նկատմամբ եւ գիտեք, որ դա սուտ չի, կեղծ չի, թեպետ ես քիչ եմ խոսում դրա մասին»,-հավելեց մեր զրուցակիցը:

Հիշեցնենք, որ հուլիսի 12-ին՝ ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները, ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձ են կատարել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո ադրբեջանական զինծառայողները, թողնելով ՈՒԱԶ ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրք:

Երեկոյան ադրբեջանական կողմը վերսկսել է հրետակոծել նույն դիրքի ուղղությամբ 82 մմ ականանետից եւ տանկից: Կրակոցները պարբերաբար տարբեր ինտենսիվությամբ շարունակվել են ամբողջ գիշերվա ընթացքում:Հուլիսի 13-ի առավոտյան հակառակորդը վերսկսել է սադրիչ գործողությունները՝ շարունակելով հրետակոծել հայկական դիքերի ուղղությամբ։ ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումների կողմից տրվել է համարժեք պատասխան։ Հայկական կողմից կորուստներ չկան:

Լիդա Եղիազարյան




Լրահոս