Սեպտեմբերի 26-ին աշխատանքային այցով Գերմանիայում գտնվող Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են Հայաստան-Գերմանիա բարեկամական խմբի ղեկավար Արտակ Դավթյանը, ԱԺ աշխատակազմի ղեկավար Գեղամ Ղարիբջանյանը, ԳԴՀ-ում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Արմեն Մարտիրոսյանը, Պոտսդամում այցելեց Յոհաննես Լեփսիուսի տուն-թանգարան: ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը շրջեց Լեփսիուսի տուն-թանգարանում, հանդիպում ունեցավ թանգարանի գիտաշխատակազմի հետ: Տուն-թանգարանի տնօրեն, “Յոհաննես Լեփսիուս” հասարակական կազմակերպության խորհրդի նախագահ Հանց-Ուլրիխ Շուլցը մանրամասն ներկայացրեց Լեփսիուսի կյանքն ու գործունեությունը: Նշենք, որ գերմանացի հասարակական գործիչ, հոգեւորական, արեւելագետ Յոհաննես Լեփսիուսը երկար տարիներ զբաղվել է Հայկական հարցով: Նա դատապարտել է թուրքական իշխանությունների` հայերի բնաջնջմանն ուղղված գործողությունները եւ իր երկրի կառավարությունից պահանջել ջանքեր գործադրել դադարեցնել հայերի կոտորածները: Նա իր աշխատություններում ապացուցել է, որ Արեւմտյան Հայաստանում եւ Օսմանյան կայսրության հայաբնակ վայրերում Առաջին աշխարհամարտի ժամանակ իրագործվել է հայերի ցեղասպանություն: Լեփսիուսը մասնակցել է հայերի սպանդի դեմ բողոքի ցույցերի կազմակերպմանը, իր ելույթներում ընդգծել, որ այդ հանցագործությունը կատարել է թուրքական կառավարությունը` սուլթանի գլխավորությամբ: Արեւմտահայերին օգնելու նպատակով նրա նախաձեռնությամբ ստեղծվել է «Գերմանահայկական ընկերություն», իսկ 1915 թ-ի սեպտեմբերին շվեյցարական թերթում տպագրվել է նրա «Մի ամբողջ ժողովրդի ոչնչացումը» հոդվածը, որը հայապաշտպան մեծ արշավի սկիզբը դրեց: «Եթե մի ազգ իր բնական հատկանիշներով կոչված է դառնալու բարձր մշակույթի կրող, ապա դա հայ ազգն է»,-գրել է Յոհաննես Լեփսիուսը: Պարոն Շուլցը ԱԺ նախագահին նվիրեց Լեփսիուսի «Հայ ժողովրդի վիճակը Թուրքիայում» աշխատությունը: Դիմելով ներկաներին` Հայաստանի խորհրդարանի ղեկավարը անգնահատելի համարեց Լեփսիուսի դերը Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի սկզբնավորման գործում: Նրա խոսքով` հայ ժողովուրդը երախտագիտությամբ է հիշում Լեփսիուսին, քանի որ նա առաջինն էր, որ իր աշխատություններում եւ հոդվածներում բարձրաձայնեց Օսմանյան Թուրքիայում հայերի նկատմամբ պետական մակարդակով իրագործվող մասսայական բնաջնջումը եւ սպանդը: Հովիկ Աբրահամյանը հույս հայտնեց, որ 20-րդ դարի սկզբին տեղի ունեցած առաջին ցեղասպանությունը արժանանալու է համընդհանուր ճանաչման ու դատապարտման եւ վերականգնվելու է պատմական արդարությունը: «Յոհաննես Լեփսիուսը միայնակ դուրս եկավ պայքարի հանուն հայ ժողովրդի եւ փորձեց անել հնարավորը հայերի ջարդերը կասեցնելու համար: Պայքարեց բռնության ու անարդարության, վայրագությունների եւ դաժանության դեմ` հետագայում իր կյանքը նվիրելով աշխարհասփյուռ հայերի ճակատագրի բարելավմանն ուղղված բարեգործությանը: Ահա թե ինչու այս թանգարանի, ես կասեի Հիշատակի տան նշանակությունը անցնում է ոչ միայն Բրանդենբուրգ երկրամասի, այլ նաեւ Գերմանիայի սահմաններից: Դոկտոր Լեփսիուսի կյանքը մենք հիրավի դիտում ենք որպես ժամանակաշրջանի հայ ժողովրդի պատմության մաս»,-նշեց Հովիկ Աբրահամյանը: «Հայոց ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը ոչ միայն հայ ժողովրդի, այլեւ ամբողջ միջազգային հանրության խնդիրն է, քանզի ժամանակին ճանաչված եւ դատապարտված չլինելով, այն ճանապարհ հարթեց 20-րդ դարի ընթացքում աշխարհի տարբեր անկյուններում տեղի ունեցած ցեղասպանությունների ու էթնիկ բնաջնջումների համար: Ուստի Հայոց ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը միջազգային հանրության եւ, հատկապես, Օսմանյան կայսրության իրավաժառանգորդ հանդիսացող Թուրքիայի կողմից, մենք դիտում ենք որպես նման ոճրագործությունների կանխարգելման լավագույն երաշխիք»: ԱԺ նախագահի խոսքով` պատմական արդարության վերականգնումը Հայաստանի Հանրապետությունը կարեւորում է նաեւ երկու հարեւան երկրների միջեւ եւ տարածաշրջանում փոխադարձ վստահության մթնոլորտի բարելավման համատեքստում: «Թուրքիան պետք է հետեւի Գերմանիայի օրինակին, որ ճանաչեց Հոլոքոստը որպես պատմական իրողություն, եւ ճանաչի Հայոց ցեղասպանությունը»,- ասաց ԱԺ նախագահը: Հովիկ Աբրահամյանը նշեց, որ Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի նախաձեռնությամբ փորձ կատարվեց բարելավել հարաբերությունները Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ: Բարելավել առանց նախապայմանների: Միջազգային բարձր միջնորդությամբ Ցյուրիխում ստորագրվեցին սահմանների բացման եւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման վերաբերյալ արձանագրություններ: «Ցավոք, Թուրքիան պատրաստ չէր, եւ այսօր էլ պատրաստ չի իր տրամաբանական ավարտին հասցնել սկսած գործընթացը` արձանագրությունները ստորագրելուց անմիջապես հետո առաջ քաշելով նախապայմաններ, ինչը բացարձակապես անընդունելի է հայկական կողմի համար: Միեւնույն ժամանակ հարկ եմ համարում նշել, որ Թուրքիայի հետ հարաբերությունների բարելավման ձգտումով Հայաստանը երբեք կասկածի տակ չի դրել Հայոց ցեղասպանությունը եւ հայրենազրկման իրողությունը: Միջազգային հանրությանը հայտնի է, որ Հայաստանը մշտապես հանդես է եկել կառուցողական նախաձեռնություններով»,- նշեց Հովիկ Աբրահամյանը: Հանդիպման վերջում ԱԺ նախագահը գրառում կատարեց պատվավոր հյուրերի գրքում: ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը Պոտսդամում այցելեց «Սեսիլ հոֆ», որտեղ 1945 թ. տեղի է ունեցել Պոտսդամի հայտնի կոնֆերանսը: Սեպտեմբերի 27-ին նախատեսվում է ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հանդիպումը ԳԴՀ Բունդեսթագի նախագահ Նորբերտ Լամմերթի հետ, իսկ երեկոյան Հայաստանի խորհրդարանական պատվիրակությունը կմասնակցի Բեռլինի մեծ համերգասրահում կայանալիք Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյակին նվիրված տոնական համերգին եւ պաշտոնական ընդունելությանը:
Աժ նախագահն այցելեց Յոհաննես Լեփսիուսի տուն-թանգարան
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ