ԱԱՏՄ ղեկավարն ԱՀԿ ներկայացուցիչների հետ քննարկել է ընթացիկ աշխատանքային հարցեր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Առողջապահության համաշխարհային կազմակերպության հայաստանյան գրասենյակի նախաձեռնությամբ՝ ԱՀԿ միջազգային առաքելության շրջանակներում աշխատանքային քննարկում են ունեցել ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանը, ԱՀԿ Հարավային Կովկասի արտակարգ իրավիճակների պատրաստվածության ծրագրերի համակարգող Վասիլի էսենամանովը եւ ԱՀԿ հայաստանյան գրասենյակի արտակարգ իրավիճակների ծրագրերի պատասխանատու Նունե Դոլյանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինը․

«Հանդիպման ընթացքում հանգամանալից անդրադարձ է կատարվել հատկապես արտակարգ դրության շրջանում տեսչական մարմնի ուժեղացված ռեժիմով աշխատանքներին, դրանց ընթացքում արձանագրված հարցերին եւ վերջինների լուծման ուղղությամբ հրատապ ձեռնարկված քայլերին։

Էսենամանովին հետաքրքրող հարցերին ի պատասխան՝ Ավագյանը մանրամասներ է ներկայացրել երկրի ներսում տարվող ուժեղացված ստուգայցերի, արձանագրվող արդյունքների, սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետերում տարվող աշխատանքների վերաբերյալ։

Տեղեկացվել է, որ ծանրաբեռնված գրաֆիկով հանդերձ՝ հընթացս լուծվում են տեսչականի տեխնիկական վերազինման հարցեր, «Զվարթնոց» ՍԲՀԿ-ի աշխատակիցների թիվը կրկնապատկվել է, ձեռք է բերվել նոր տեխնիկա, ստանձնած նոր գործառույթի շրջանակում երկիր մուտք գործողների տվյալները մուտքագրվում է միանգամից «Արմեդ» էլեկտրոնային համակարգ։

Անդրադարձ է կատարվել բժշկական թափոնների հավաքման եւ ոչնչացման խնդրին, ինչն ակնառու է դարձել այս ընթացքում։

Կողմերը մտքեր են փոխանակել ընթացիկ աշխատանքային այլ հարցերի շուրջ եւս»,- ասված է հաղորդագրության մեջ։




Լրահոս