Կապիտալ հիմնանորոգման աշխատանքներ՝ Աբովյանում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կոտայքի մարզի Աբովյան համայնքում մեկնարկել են համայնքի գլխավոր ճանապարհի՝ Հանրապետության պողոտայի կապիտալ հիմնանորոգման աշխատանքները:

Այս մասին հայտնել է Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը։

«Ուրախությամբ եմ փաստում, որ այս տարի սուբվենցիաների տրամադրման նպատակով Կառավարության կողմից հաստատված ծրագրերի շարքում են Աբովյան քաղաքի երկու գլխավոր ճանապարհների և Սահմանադրության հրապարակի հիմնովին վերանորոգման ծրագրերը՝ շուրջ 650 մլն ՀՀ դրամ ծրագրային բյուջեով: Տեղում ծանոթացա իրականացվող շինարարական աշխատանքների ընթացքին»,- գրել է Պետրոսյանը։

2020 թվականի սուբվենցիոն ծրագրի արդյունքում ամբողջությամբ հիմնանորոգվելու է Աբովյան քաղաքի Հանրապետության պողոտան՝ 1,2 կմ ճանապարհահատված:

Կատարվելու են ամբողջական ասֆալտապատման, հիմնաքարերի նորոգման ու փոխարինման, ջրահեռացման համակարգի նորոգման և կահավորման աշխատանքներ: Ծրագրի արժեքը 284 805 790 ՀՀ դրամ է, որից 45 %-ը հատկացվելու է պետական բյուջեի միջոցներից, 55 %-ը՝ համայնքապետարանի:

Մեկ այլ սուբվենցիոն ծրագրով նախատեսվում է ամբողջությամբ ասֆալտապատել Աբովյան քաղաքի Հատիսի պողոտան: Ընդհանուր 369 821 260 ՀՀ դրամ ծրագրային արժեքվ՝ 45-55% համաֆինանսավորմամբ:

Ճանապարհաշինական աշխատանքների արդյունքում հիմնանորոգվելու է նաև Աբովյան քաղաքի Սահմանադրության հրապարակը:

«Շինարարական աշխատանքներն իրականացնող ընկերություններից ակնկալում եմ սահմանված ժամկետներին համապատասխան և որակյալ աշխատանքներ»,- գրել է Կոտայքի մարզպետը։




Լրահոս