Բարձրագույն որակավորման հանձնաժողովն անվավեր է ճանաչել Տնտեսագիտական համալսարանի նախկին ռեկտոր Դիանա Գալոյանի՝ տնտեսագիտության դոկտորի գիտական աստիճանը: Այսօր լրագրողների հետ զրույցում Գալոյանը նշեց, թե երբ ԲՈԿ նախագահը տվել է անվավերության հայցի հրամանը, ինքը դա վերադասության կարգով բողոքարկել է նախարարություն: Գալոյանի խոսքերով, Սմբատ Գոգյանն ինքնիրավչությամբ է զբաղվել, ինքը վստահ է, որ իր բողոքի արդյունքները դրական են լինելու և ինքն էլ պահպանելու է գիտական աստիճանն ու կոչումը:
ArmLur.am-ի հետ զրույցում ԲՈԿ նախագահ Սմբատ Գոգյանը հակադարձեց Դիանա Գալոյանին՝ ասելով, թե ինքնիրավչությամբ չի զբաղվել: «Ինձ վերադասի հրաման պետք չէր, որ ինչ-որ որոշում կայացնեի: Փետրվարից ես նախարարի առաջադրանք ունեի: Դիանա Գալոյանը սխալ է ասել. երեկ նիստ ենք արել վարույթի շրջանակներում, ինքը դրան չէր ներկայացել, մենք հիմնավորել ենք, որ Վճռաբեկ դատարանի որոշում կա, որ վարչական վարույթ հարուցելը վարչական ակտ չէ, որի վրա կիրառվել է սահմանափակումը», – նշեց նա:
Հարցին՝ իր բողոքն արդյոք արդյունք կունենա, քանի որ ասում է՝ բողոքի արդյունքները դրական են լինելու, ինքը պահպանելու է գիտական աստիճանն ու կոչումը, Գոգյանը նկատեց. «Կապրենք, կտեսնենք: Եթե ես համարեի, որ խախտում եմ անում, չէի անի»:
Ն.Հ.