Ֆրանցիսկոս Պապը հայ- ադրբեջանական սահմանին խաղաղություն հաստատելու կոչ է արել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հռոմի Ֆրանցիսկոս Պապը կիրակնօրյա Մարիամյան աղոթի ավարտին, Սուրբ Պետրոսի հրապարակում հավաքված հավատացյալներին ուղղված ողջույնի խոսքում անդրադարձել է ՄԱԿ-ի ընդհանուր զինադադարի կոչին և այդ համատեքստում խոսել Տավուշի սահմանագոտու վերջին իրադարձությունների մասին։

Ինչպես հաղորդում է «Արմենպրեսը»՝ վկայակոչելով Վատիկայի ռադիոն, Հռոմի Պապն, ի մասնավորի ասել է․ «Առանձնահատկորեն և մտահոգությամբ եմ հետեևում վերջին օրերում Կովկասի տարածաշրջանում տեղի ունեցած զինյալ բախումներու սրացմանը՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև»։ Հռոմի քահանայապետը հույս է հայտնել, որ միջազգային հանրության հանձնառությամբ՝ երկոսության ու բարի կամքի միջոցով հնարավոր կլինի խնդրի խաղաղ լուծմանը հասնել, հանուն ժողովուրդների բարօրության։

Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները հուլիսի 12-ին՝ ժամը 12:30-ի սահմաններում, ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձ էին կատարել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենան, վերադարձել էին իրենց դիրք: Ժամը 13:45-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները կրկնել էին հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը՝ կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել էին հայկական կողմից և, կորուստներ կրելով, հետ շպրտվել: Ավելի ուշ ադրբեջաբական կողմը վերսկսել էր հրետակոծությունը՝ թիրախավորելով քաղաքացիական ենթակառուցվածքներ: Հայ-ադրբեջանական սահմանին հուլիսի 18-ի լույս 19-ի գիշերը, նաև առավոտյան պահպանվել է հարաբերական անդորր։




Լրահոս