Կասեցումներ՝ Երևանում և մարզերում․ ԱԱՏՄ-ն այսօր ևս շարունակել է ժամանակավոր արգելք կիրառել համավարակի տարածումը կանխելու նպատակով սահմանված անվտանգության կանոնների խախտումներ թույլ տված տնտեսավարողների հանդեպ։
Ստուգայցերի վիճակագրությունը փաստում է՝ խախտումները զգալիորեն նվազել են, ըստ այդմ՝ նվազման կայուն միտում են գրանցում նաև կասեցումները։ Երևանում այսօր կասեցված տնտեսավարողների թվում են «Քանաքեռի Կարի Ֆաբրիկա» ՍՊԸ-ն, «Ֆաբերլիկ Զակավկազյե» ընկերությունը, «Շոկո» և «Նոութ.ԱՄ» խանութները և ոչ միայն։
ԱԱՏՄ տարածքային կենտրոնների աշխատանքային խմբերն այսօր Գյումրիում և Կապանում ևս գործունեության արգելք են սահմանել․ կասեցվողները մարզերում բացառապես անհատ ձեռնարկատերեր են։ Սա մեկ անգամ ևս փաստում է, որ խախտումներ ներկայում թույլ են տալիս առավելապես փոքր տնտեսավարողները։ Խոշոր բիզնեսն արդեն առավել կանոնակարգված մոտեցում է ցուցաբերում կորոնավիրուսի տարածումը կանխելուն ուղղված կանոնների պահպանման հարցում:
Այսուհանդերձ, առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինն ուժեղացված ստուգայցերը շարունակում է նույն տեմպով, քանի դեռ համավարակի տարածման ռիսկերը շարունակում են բարձր մնալ։ Դրանք այսօր ընթացել են Դիլիջանում եւ Իջևանում։
Դիլիջան քաղաքում ԱԱՏՄ տեսուչները դիտարկել են շուրջ 40 տնտեսավարողի գործունեություն՝ մթերային, հագուստի, տնտեսական խանութներում, դեղատներում և այլն: Անվտանգության նորմերի խախտումներ չեն արձանագրվել: Իջևանում դիտարկված շուրջ 70 տնտեսավարողից 6-ի կասեցման միջնորդություն կներկայացվի պարետատուն: Դրանց մոտ հիմնականում արձանագրվել են ախտահանման լուծույթների ու ջերմաչափման գրանցամատյանների հետ կապված թերացումներ. դրանք կամ ճիշտ չեն լրացվել, կամ ընդհանրապես բացակայել են:
Պարետի սահմանած անվտանգության բոլոր կանոնները դիտարկվում են ամենայն խստությամբ, քանի որ դրանց համակցված պահպանման դեպքում միայն կարելի է բացառել վիրուսի տարածման հավանականությունը։ ԱԱՏՄ-ն մեկ անգամ ևս հորդորում է խստորեն պահպանել ՀՀ պարետի որոշումներով սահմանված անվտանգության նորմերը: