ՀՀ հյուսիսարեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հուլիսի 14-ին ծանր վիրավորված եւ հուլիսի 23-ին զինվորական հոսպիտալում մահացած 19-ամյա Արթուր Մուրադյանը դպրոցն ավարտելուց հետո ընդունվել էր ԵՊՀ՝ թուրքագետ դառնալու նպատակով։ Այս մասին այսօր «Եռաբլուր» զինվորական պանթեոնում Արթուրի հուղարկավորության ժամանակ ասաց Արթուրի հարազատներից Վահրամ Պողոսյանը։
«Այն հարցին, թե ինչու ես ուզում դառնալ թուրքագետ, ասում էր՝ պետք է ուսումնասիրեմ ու հասկանամ, թե ինչու է այդ ազգից կողմից հարյուրավոր տարիներ թշնամանք մեր ազգի նկատմամբ։ Սրանք պատահական խոսքեր չեն, նրա արյան մեջ էր, որովհետև 105 տարի առաջ Արթուրի նախապապերը կորցրել էին մոտ 50 հոգուց կազմված իրենց գերդաստանը, և մնացել էին երկուսը, որոնք հինգ տարի շարունակ պայքարեցին իրենց ազգի համար։ Սիրելի Արթուր, դու այսօր ընտրեցիր այդ ճանապարհը, քո պատանեկան տարիները նոր էին լրացել, նոր էիր ոտք դրել երիտասարդության շեմին, բայց ընտրեցիր հավերժանալու ճանապարհը, կեցցես, Արթուր»,– ասաց նա։
Հուղարկավորությանը մասնակցում է ՀՀ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:
Հիշեցնենք, որ Տավուշում հուլիսի 14-ին ՀՀ հյուսիսարեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում ծանր վիրավորում ստանալուց հետո կյանքի համար գրեթե 10-օրյա պայքար մղած եւ հուլիսի 23-ին զինվորական հոսպիտալում մահացած 19-ամյա Արթուր Մուրադյանը Երեւանի Մալաթիա վարչական շրջանից էր, 6 ամսվա զինծառայող։