Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյան երեկ հայտնեց, որ այս տարի միասնական քննության արդյունքում գերազանց (18 և ավելի միավոր) գնահատական ստացած, բայց բուհ չընդունված վեց դիմորդի առաջարկվել է իրենց դիմում-հայտերի հաջորդ կրթական ծրագրերին համապատասխան լուծումներ, որին համաձայնություն է տվել 4 դիմորդ:
Նախ նշենք, որ այս տարի միասնական քննություններին մասնակցել է 11648 դիմորդ: Դրական գնահատական ստացել է 9372 դիմորդ, որից բարձրագույն ուսումնական հաստատություններ հիմնական փուլով ընդունվել է 8706 դիմորդ:
Թափուր տեղերի համար հայտարարված մրցույթի արդյունքով ընդունվել է 472 դիմորդ, չի ընդունվել 49-ը:
Արդյունքում՝ դրական գնահատական ստացած ու բարձրագույն ուսումնական հաստատություններ միասնական քննությունների արդյունքում չընդունված դիմորդների թիվը 223 է, որոնք հնարավորություն ունեն սեպտեմբեր ամսին հեռակա ընդունելության ժամանակ պահպանելով իրենց գնահատականները դիմել բուհեր:
Սակայն նկատենք, որ վերջին օրերին բողոքի ակցիաներ էին իրականացնում բարձրագույն ուսումնական հաստատություններ չընդունված դիմորդների ծնողները: Բանն այն է, որ դիմորդների ծնողները բողոքում էին, թե տեղյակ չեն եղել, որ նախապատվությունը տրվելու է միայն առաջին հայտին, ոչ թե դիմորդի ստացած գնահատականին: Արդյունքում, բարձր գնահատական ստացած բազմաթիվ դիմորդներ բուհ չեն ընդունվել: Փաստորեն այս տարի առաջին անգամ ընդունելության մրցույթն անցկացվել է հայտի միայն առաջին տողով նշված մասնագիտության գերակայությամբ:
Մանրամասները՝ տեսանյութում