ՆՈՐ ՄԵՂԱԴՐԱՆՔ՝ ԴԱՏԱԽԱԶԻ ՏՈՒՆԸ ԹԱԼԱՆՈՂԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գլխավոր դատախազությունում հատկապես կարեւոր գործերով քննության նկատմամբ հսկողության վարչության պետի տունը  գողության փորձ  կատարած անձին նոր մեղադրանք է  առաջադրվել:

Մասնավորապես, Սամվել Հասանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2020 թվականի մայիսի 19-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, Վանաձոր քաղաքի Հայքի հրապարակում վիճաբանության ժամանակ երկու անգամ դիտավորությամբ հարվածել է էդգար Ղուլյանին, ծեծի է ենթարկել նրան՝ պատճառելով ֆիզիկական ցավ:

Բացի այդ, նա 2020 թվականի մայիսի 19-ին՝ ժամը 21:35-ի սահմաններում, Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծի 34 շենքի մոտ, ծառայողական պարտականությունները կատարելու հետ կապված, քաշքշել է ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Վանաձոր քաղաքի Տարոնի բաժնի պարեկապահակետային ծառայության դասակի ոստիկան, ոստիկանության համազգեստով ծառայություն իրականացնող Սահակ Պողոսյանին, բռունցքներով դիտավորությամբ մի քանի հարվածներ է հասցրել նրա մարմնի տարբեր մասերին, առողջության համար գործադրել ոչ վտանգավոր բռնություն, համազգեստից քաշել ֊պոկել ծառայողական տարբերանշանը եւ դիմել է փախուստի: Վերջինս կալանավորված է:

Նկատենք, որ Հասանյանը առաջին անգամ չէ, որ հայտնվել է իրավապահների տեսադաշտում. նա 2019 թվականին փորձել էր թալանել Գլխավոր դատախազության հատկապես կարեւոր գործերով քննության նկատմամբ հսկողության վարչության պետ Արսեն Մարտիրոսյանի բնակարանը:

2020 թվականի ապրիլի 15-ին «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ Գլխավոր դատախազի մտերիմ, դատախազության հատկապես կարեւոր գործերով քննության նկատմամբ հսկողության վարչության պետ Արսեն Մարտիրոսյանի բնակարանի թալանի գործը մտել է դատարան: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ դատախազի բնակարանի թալանի գործով մեղադրյալի աթոռին են հայտնվել 4 անձ` Սամվել Հասանյանը, Գեւորգ Մանուկյանը, Անդրանիկ Առաքելյանը եւ Արմեն Հարությունյանը։ Նրանցից կալանքի տակ է գտվում միայն Սամվել Հասանյանը:

Հիշեցնենք, որ 2019 թվականի հունվարի 11-ին Աղայան փողոցի 74/1 շենքի բնակարաններից մեկում կատարված գողության ահազանգով դեպքի վայր շտապած ոստիկանները նկատել էին, որ 4 հոգի Mercedes մակնիշի 34 ՏZ 783 համարանիշի ավտոմեքենայի մեջ իրեր տեղադրեցին ու դիմեցին փախուստի: Հետապնդել էին Mercedes-ին եւ կարողացել էին կանխել Mercedes-ի հետագա փախուստը եւ 4 անձի բերման էին ենթարկել ոստիկանության Տարոնի բաժին: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ բնակարանը, որը ցանկացել էին թալանել, պատկանել է այդ օրերին Լոռու մարզի դատախազ Արսեն Մարտիրոսյանին: Սակայն ուշագրավ է, որ դատախազի մարզային կացարանում գողերի համար հարմար շատ իրեր չէին գտնվել:

Ի դեպ սա այն գործն է, որի քննությունից ամեն կերպ խուսափում էր դատախազ Արսեն Մարտիրոսյանը` լինելով «օրենքի մարդ»: Նա ՀՀ քննչական կոմիտեի կողուղարկ մից ված հրավեր-ծանուցումներով հարցաքննության չէր ներկայանում եւ որեւէ պատճառաբանություն չէր էլ ներկայացնում: Ու այս գործով հիմա դատավոր Սուսաննա Գզոգյանը պետք է որոշում կայացնի:

Հիշեցնենք, որ Արսեն Մարտիրոսյանն այն դատախազն է, որը, այսպես ասած, սուրբ հարաբերությունների մեջ է գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հետ եւ 2019 թվականի օգոստոսի 22-ին ազատվեց Լոռու մարզի դատախազի պաշտոնից եւ նշանակվեց Գլխավոր դատախազությունում հատկապես կարեւոր գործերով քննության նկատմամբ հսկողության վարչության պետ: Ավելին, ի նշան Արթուր Դավթյանի հավատարմության՝ Մարտիրոսյանը նշանակվեց ՀՀ երկրորդ նախագահ Սերժ Սարգսյանի դեմ հարուցված քրեական գործով մեղադրող դատախազ: Ավելին՝ Մարիտրոսյանը Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրով Դատախազության աշխատողի օրվա կապակցությամբ օրինականության եւ իրավակարգի ամրապնդման գործում ներդրած ավանդի համար պարգեւատրվել է Մխիթար Գոշի մեդալով:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

ԵՐԵԽԱՅԻ ՎԱՃԱՌՔ

Ոստիկանության Արտաշատի բաժնում ստացված տվյալներն իրացնելով՝ նույն բաժնի եւ քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները համատեղ ձեռնարկած միջոցառումներով նորածին երեխայի վաճառքի դեպք են բացահայտել։ Հուլիսի 16-ին ոստիկանության Արտաշատի բաժին հրավիրված Բերքանուշ գյուղի բնակչուհու հետ տարված բացատրական աշխատանքի շնորհիվ պարզվեց, որ արտամուսնական կապից հղիանալուց հետո նա Արտաշատի բկ-ի բժշկուհիներից մեկի հետ ձեռք է բերել պայմանավորվածություն, համաձայն որի՝ ծննդաբերությունից հետո նույն բժշկական կենտրոնի մանկաբարձուհու օժանդակությամբ երեխային 2000 դոլարի դիմաց հանձնել երեւանաբնակ ամուսինների։ Պայմանավորվածության համաձայն՝ ծննդաբերությունից հետո՝ հուլիսի 13-ին, բժշկական կենտրոնի մոտ կինը նորածին երեխային հանձնել է երեւանցի մի կնոջ, որը նրան վճարել է 50 000 դրամ։ Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ։ Բժիշկը, մանկաբարձուհին եւ երեւանաբնակ ամուսնինները հայտնաբերվել են, ներկայացվել նախաքննական մարմին ու ձերբակալվել։

 

ՀԵՏԱՁԳԵԼ Է

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Աննա Դանիբեկյանը հետաձգել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների պաշտպանների միջնորդության հարցի լուծումը, որը վերաբերում էր դատարանում հարցաքննության համար վկաների ցուցակում մի շարք անձանց ներառմանը։ «Դատարանը գտնում է, որ միջնորդությունների լուծումը պետք է հետաձգել մինչեւ գործում առկա բոլոր ապացույցների հետազոտումը»,- նշել է դատավորը։ Գործով անցնում են նաեւ 2008 թվականին Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Սեյրան Օհանյանը, 2008-ին ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Յուրի Խաչատուրովը եւ 2008-ին Հայաստանի նախագահի աշխատակազմի ղեկավար, Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գեւորգյանը։

 

 

ԲԵՐՄԱՆ Է ԵՆԹԱՐԿՎԵԼ

Ոստիկանության ՔՈ գլխավոր վարչության ծառայողները Երեւանի Հովսեփ Էմինի փողոցից բերման են ենթարկել ՌԴ քաղաքացի Մարատ Մ.-ին, որը հետախուզվում է ՌԴ Վորոնեժի մարզի իրավապահների կողմից՝ ՌԴ քրեական օրենսգրքի 105-րդ հոդվածի (Սպանությունը) մեղադրանքով: Հայտնաբերման մասին հայտնվել է ՀՀ գլխավոր դատախազություն եւ հետախուզումը նախաձեռնողին: Խափանման միջոցը՝ կալանք:

 

 

ԿԴԱԴԱՐԵՑՆԻ ՊԱՇՏՈՆԱՎԱՐՈՒՄԸ

ՀՀ ՔԿ Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Մարտունու քննչական բաժնում քննված քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների համակցությամբ հիմնավորվել էր, որ Գեղարքունիքի մարզի Վաղաշեն համայնքի գործող ղեկավար Ա. Սուվարյանը 2015-2017թթ. ընթացքում, ընդհանուր 85 աշխատանքային օր չհաճախելով աշխատանքի եւ գտնվելով ՀՀ տարածքից դուրս, որպես աշխատավարձ ստացել է ընդհանուր 952.445 ՀՀ դրամ գումար` յուրացնելով իրեն վստահված խոշոր չափերով այդ գումարը:

Բացի այդ, Արթուր Սուվարյանը 2014-2016թթ. իր ստորագրությամբ եւ կնիքով հաստատել է համայնքապետարանի հաշվեկշռում գտնվող GAZ 31105 մակիշի ավտոմեքենայի տեխնիկական սպասարկման եւ ծառայությունների մատուցման վերաբերյալ կեղծ տեղեկություններ պարունակող թվով հինգ կատարողական ակտեր: Դրանց հիմքով «Մարտունու ավտոտեխսպասարկման կայան» ԲԲ ընկերությունը նշված ավտոմեքենայի տեխնիկական սպասարկման եւ ծառայությունների մատուցման համար Վաղաշենի համայնքապետարանից փոխանցված 1.150.000 ՀՀ դրամին համարժեք վերանորոգել է նրա անձնական օգտագործման TOYOTA LAND CRUISER 4.5 մակնիշի ավտոմեքենան: Այդկերպ պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ համայնքի ղեկավարի կողմից յուրացվել է համայնքի բյուջեից իրեն վստահված խոշոր չափերով նշված գումարը:

Նախաքննությամբ հիմնավորվել էր նաեւ, որ Ա. Սուվարյանը 2017թ. հունվարից 2018թ. օգոստոս ամիսներն ընկած ժամանակահատվածում ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի Մարտունու սոցիալական աջակցության տարածքային գործակալությունում որպես նպաստառու հաշվառված եւ նպաստ ստացող Վաղաշեն գյուղի բնակիչ Կ. Սուվարյանին փաստացի աշխատանքի է ընդունել որպես համայնքապետարանի վարորդ եւ աշխատանքի դիմաց ամսական վճարել աշխատավարձ՝ առանց վերջինիս որպես աշխատող գրանցելու: Այդկերպ նա օժանդակել է Կ. Սուվարյանին նույն գործակալությունից խաբեության եղանակով կատարելու խոշոր չափերով՝ ընդհանուր 712.500 դրամ գումարի հափշտակություն:

Վերոնշյալ առերեւույթ հանցավոր արարքները կատարելու համար Ա. Սուվարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով, 314-րդ հոդվածի 1-ին մասով եւ 38-178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով:

Նույն քրեական գործով ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 3-րդ կետերով եւ 38-314-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրանք է առաջադրվել նաեւ «Մարտունու ավտոտեխսպասարկման կայան» ՍՊԸ-ի տնօրեն Ա. Հակոբյանին՝ Վաղաշեն համայնքի ղեկավարի կողմից պաշտոնեական կեղծ փաստաթուղթ հանդիսացող կատարողական ակտերի կազմմանը, դրանց հիման վրա համայնքի բյուջեից խոշոր չափերով՝ 1.150.000 դրամի յուրացում կատարելուն օժանդակելու համար:

 




Լրահոս