ԹԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԿԵՆՏՐՈՆԻՑ ԳՆԱՑԵԼ ԵՆ ԱԺ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունելության կարգից բողոքող դիմորդներն ու նրանց ծնողները երեկ առավոտից բողոքի ակցիա էին  իրականացնում Գիտության եւ թեստավորման կենտրոնի  շենքի մոտ, ապա երթով շարժվել են դեպի ՀՀ Ազգային ժողովի շենք:

 

Նշենք, որ նրանք բողոքում էին, որ իրենց զավակները բարձր բալեր են հավաքել՝ 16-17, սակայն չեն ընդունվել, մինչդեռ ավելի ցածր բալ հավաքածներն ընդունվել են:

Դիմորդներից մեկի հոր խոսքով՝ իր որդին առաջին հայտով դիմել է Իրավաբանության ֆակուլտետ, զուգահեռ  մի քանի հայտերով եւս դիմել է, ստացել է 15.75 միավոր եւ չի ընդունվել: Նրա խոսքով՝ եղել են դիմորդներ, որոնք 18 եւ ավելի միավոր են ստացել, 4-5 հայտով դիմել, սակայն կրկին չեն ընդունվել:

«Սա Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարութան սխալ ռազմավարությունն է, որովհետեւ այդ նախարարությունն առաջին հերթին պետք է մտածի հայ երիտասարդի կիրթ լինելու մասին, որպեսզի Հայաստանում կրթությունն ավելի բարձր մակարդակում լինի: Շատ ֆակուլտետներում 7.5 միավոր ստացածներն ընդունված են, ես չեմ ասում, որ ավելի բարձր ստացածներն ու իմ տղան գնան նրանց տեղում նստեն, ոչ, բայց թող նախարարը Կառավարության նիստում հարց բարձրացնի, որ բարձր միավորներ ստացած դիմորդների համար տեղեր ավելացվեն, դրանից պետությունը միայն շահում է»,-  ներկայացրել է նա:

Դիմորդի ծնողը նշել է, որ հեռախոսազանգ է ունեցել ԿԳՄՍ նախարարության աշխատակցի հետ, որը նրան պատասխանել է՝ խնդրի լուծման տարբերակներ կան: Ըստ նրա՝ ամբողջ խնդիրն այն է, որ ԳԹԿ-ն չի նշել միավորների շեմը, նա պնդել է՝ եթե միավորների շեմ նշված լիներ, շատերը չեն դիմի՝ հաշվի առնելով իրենց ունակությունները:

«Պատկերացնո՞ւմ եք բուհ չընդունվածների ապրումները, ԿԳՄՍ-ի սխալ քաղաքականության, սխալ ռազմավարության պատճառով կոտրված երիտասարդներ ենք տեսնում»,- նշել է նա: Ծնողի խոսքով՝ մտնելու է Գիտության եւ թեստավորման կենտրոն՝ խնդիրը բարձրաձայնելու համար:

Դիմորդներից մեկի մայրը եւս նշել է, որ հարցի լուծումն այն պետք է լինի, որ տեղեր պետք է ավելացվեն: Նա ներկայացրեց, որ իր որդին ԵՊԲՀ-ի դիմորդ է, 14.5 միավոր է ստացել, իր առաջին հայտով դիմած ֆակուլտետ չի ընդունվել, սակայն մյուս հայտերով եւս չի ընդունվել, մինչդեռ ավելի ցածր միավորներ ստացած դիմորդներն արդեն ընդունվել են:

Նրա որդին նշել է, որ սթրեսի մեջ է եղել, ԳԹԿ-ից ոչ մի պատասխան չի ստացել: «Ավելի ուշ պատասխան ստացա, որ Բուժֆակ չեմ ընդունվել, նշված էր՝ Ձեր դրական միավորով կարող եք դիմել այլ համալսարանների թափուր տեղերի համար: Այդ համալսարանները պետական չեն, ես ցանկանում եմ պետական համալսարանում սովորել, որպեսզի իմ դիպլոմը պետական լինի, որպեսզի կարողանամ համապատասխան աշխատանք գտնել:

Սա իրավական թույլատրելի նորմերի խախտում է, իմ իրավունքների ոտնահարում, բացի նրանից, որ ես մեծ սթրես եմ տարել»,- ասել է դիմորդը եւ նշել, որ իրենց պետք է ԳԹԿ-ն լսի, որը չի անում: «Մի՛ կոտրեք մեր սերունդներին, թողեք՝ մտածեն, որ առաջ են գնում, ոչ թե հետ»,- նշել են բուհ չընդունված դիմորդների ծնողները՝ հավելելով, որ կրթական համակարգի այս փոփոխությունները ավելորդ լարվածություն եւ սթրես են առաջացնում երիտասարդների համար:

 

 

ԿԱՊՏԱԿԱՆԱՉ ՋՐԻՄՈՒՌՆԵՐՆ ԱԿՏԻՎԱՑԵԼ ԵՆ

Շրջակա միջավայրի նախարարության մասնագիտական ստորաբաժանումներն ամենօրյա ուշադրության կենտրոնում են պահում Սեւանա լճում կապտականաչ ջրիմուռների ակտիվացման խնդիրը։ Կապտականաչ ջրիմուռների ակտիվություն է դիտարկվում ինչպես Մեծ Սեւանի, այնպես էլ Փոքր Սեւանի հատվածներում։

Արձանագրվել է, որ լճում կապտականաչ ջրիմուռների ինտենսիվ աճի եւ ջրի որակի անկման հիմնական պատճառները դեռ ձմռանից սկսած լճի ջրի բարձր ջերմաստիճանն է ու լճում ֆոսֆորի բարձր տոկոսը: 2019-ին մեկնարկած Սեւանի ափամերձ անտառածածկ հատվածների մաքրման աննախադեպ ծավալների շնորհիվ այս տարի լճում ֆոսֆորի կոնցենտրացիան անհամեմատ նվազել է։ Նախորդ տարվա ընթացքում ափամերձ հատվածներից մաքրվել է շուրջ 100 հեկտար անտառածածկ տարածք։ Դրան զուգահեռ, սկսվել են Սեւանա լճի ափամերձ հատվածներում 1901,5 մետր նիշից ցածր գտնվող, ապամոնտաժման ենթակա շենք-շինությունների քարտեզագրման եւ գույքագրման աշխատանքները։ Համայնքապատկան շենք-շինությունները կապամոնտաժվեն պետական միջոցներով։ Մասնավոր շենք-շինությունների սեփականատերերին արդեն իսկ ուղարկվել են համապատասխան ծանուցումներ՝ իրենց պատկանող շինությունները սեփական միջոցներով ապամոնտաժելու համար։

 

 

ԿԼԻՆԻԿԱԿԱՆ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐԸ՝ ԱՆՎՏԱՆԳ

SARS-CoV-2 կորոնավիրուսի դեմ բրիտանական պատվաստանյութի նախնական կլինիկական փորձարկումները ցույց են տվել, որ այն անվտանգ է, քիչ կողմնակի էֆեկտներ է առաջացնում եւ նպաստում է կայուն իմունային պատասխանի մշակմանը: Հետազոտության արդյունքները հրապարակվել են The Lancet ամսագրում, որոնց մասին հակիրճ հաղորդվում է MedicalXpress-ում հրապարակված հաղորդագրության մեջ:

2020 թվականի ապրիլի 23-ից մայիսի 21-ը անցկացված հետազոտությանը մասնակցել է 18-ից մինչեւ 55 տարեկան 1077 առողջ մեծահասակ, որոնք COVID-19-ով հիվանդ չէին: Պատվաստանյութը ներարկելուց հետո՝ 14 օր անց, բոլոր կամավորների մոտ դիտվել է Ձ-բջջային պատասխան, իսկ 28 օր հետո արդեն կորոնավիրուսի դեմ հակամարմիններ են արտադրվել: Սակայն առայժմ հայտնի չէ, թե կորոնավիրուսի դեմ հակամարմինները որքան երկար կպահպանվեն պացիենտների օրգանիզմում: Կատարյալ դեպքում պատվաստանյութը պետք է COVID-19-ի դեմ պաշտպանություն ապահովի նվազագույնը 6 ամիս, այդ թվում՝ տարեցների եւ քրոնիկ հիվանդություններով պացիենտների մոտ:

Պատվաստանյութի ներարկումից հետո կողմնակի էֆեկտները քիչ են եղել: Մասնագետները դրանց թվում նշում են հոգնածությունը, գլխացավորը, մկանային ցավերը, ներարկման տեղում ցավը, տկարությունը, սարսուռը եւ բարձր ջերմությունը: Ընդ որում՝ կամավորների մոտ, որոնք նաեւ պարացետամոլ են ընդունել, կողմնակի էֆեկտներն ավելի թույլ էին: Դրանից բացի, դեղամիջոցը չի ազդել պատվաստանյութի իմունածնության վրա:

Բրիտանական պատվաստանյութը շիմպանզեի ChAdOx1 մոդիֆիկացված ադենովիրուսն է, որն արտադրում է SARS-Cov-2-ի մեջ պարունակվող S-սպիտակուց եւ առանցքային դերակատարում ունի կորոնավիրուսով բջիջների վարակվելու գործում: Ադենովիրուսն առաջացնում է սովորական մրսածություն, բայց այս դեպքում այն թուլացված է եւ չի կարող մարդու մոտ հիվանդություն հարուցել:

 

662 ՄԱՀ

Հուլիսի 21-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 35254 դեպք, որոնցից 24206-ն` առողջացած, 662-ը՝ մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 10171 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 148180 թեստավորում: Այսպիսով՝ ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 273 նոր դեպք եւ 704 առողջացած։

Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 75 (տղամարդ), 64 (տղամարդ), 71 (կին), 65 (տղամարդ), 83 (տղամարդ), 92 (կին), 94 (կին), 85 (կին), 83 (կին), 80 (տղամարդ), 63 (տղամարդ) եւ 89 (կին) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։ Նախորդ օրն արձանագրվել է մահվան 6 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 215 է:

 

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ճանապարհային ոստիկանության փոխանցմամբ՝ տրանսպորտային միջոցների երթեւեկության հապաղումներից եւ հնարավոր խցանումներից խուսափելու նպատակով Երեւան քաղաքի Շինարարների փողոց-Արզումանյան փողոց եւ Հալաբյան փողոց-Արզումանյան փողոց խաչմերուկների հատվածներում 2020 թվականի հուլիսի 22-ին կկատարվի երթեւեկության կազմակերպման փոփոխություն։ Փոփոխության արդյունքում նշված խաչմերուկների տրանսպորտային միջոցների երթեւեկության թողունակության բարձրացման նպատակով Շինարարների եւ Հալաբյան փողոցների վերոնշյալ խաչմերուկներին հարակից հատվածներում կարգելվի տրանսպորտային միջոցների կանգառը։

 

ԿԱՐՃԱՏԵՎ ԱՆՁՐԵՎՆԵՐ

Հայաստանի շրջանների մեծ մասում հուլիսի 22-ին սպասվում են կարճաժամկետ անձրեւ եւ ամպրոպ: Ամպրոպի ժամանակ օդրեեւութաբանները կանխատեսում են հյուսիսարեւմտյան քամու ուժգնացում՝ մինչեւ 20-25 մ/վ: Առանձին հատվածներում կարկուտ կտեղա։ Առաջիկա 2 օրվա ընթացքում օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով: «Հայպետհիդրոմետ»-ի փոխանցմամբ՝ Երեւանում գիշերը եւ երեկոյան ժամերին սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում մինչեւ 20-22 մ/վ: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +21 +23, վաղը ցերեկը՝ +30 +32 աստիճան:

 




Լրահոս