ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նիկոլ Փաշինյանի վրա անձրեւանոց նետած կնոջ գործով դատարանը վճիռ է կայացրել․ ոչնչացնել գործիքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վայոց Ձորի մարզում վարչապետ Նիկոլ Փաշինյանի վրա անձրեւանոց նետած կնոջ գործով դատարանը վճիռ է կայացրել: Ոչնչացնել ապացույցը` անձրեւանոցը:

2023 թվականի ապրիլի 10-ին Նիկոլ Փաշինյանը Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր համայնք այց էր կատարել: Մալիշկա բնակավայրում ժամը 13:15-ի սահմաններում նոր կառուցված 8-րդ, 14-րդ և Կենտրոնական փողոցների խաչմերուկին նրան էր մոտեցել 48-ամյա մի կին։ Վերջինս 48-ամյա Նարինե Ասատրյանն էր, որը Քաշաթաղի շրջանից տեղահանվածներից է, նա թշնամուն հանձնված Քարեգահի գյուղի բնակիչներից է, բազմազավակ մայր։
Արդյունքում Նարինեն Նիկոլ Փաշինյանի ուղղությամբ անձրևանոց էր նետել՝ այդպիսով իր բողոքն արտահայտել Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականության դեմ:

«Իհարկե, այն ամենը, ինչ արել եմ՝ չեմ փոշմանել, ես ամեն ինչի պատրաստ եմ։ Ինքս հանգիստ ու համբերատար բնավորություն ունեմ, բայց եթե հարցը վերաբերում է իմ հայրենիքին, ինձանից չար մարդ չի լինում, այո, ինչ ասել եմ, իմ խոսքի տերն եմ»,- նշել էր Նարինե Ասատրյանը։

Նա վստահ է, եթե բոլորն իրենց դժգոհությունն արտահայտեին այն քաղաքականության դեմ, որը վարում էր օրվա իշխանությունը, ապա Արցախն այսօր ամբողջովին Ադրբեջանի կողմից չէր օկուպացվի։
«Ես, մեր Բերձորից սկսած, մինչև հիմա պայքարում եմ։ Երբ Բերձորը պիտի հանձնեին թշնամուն, Վիտալի Բալասանյանը եկել էր այնտեղ, նույն բախտին էլ ինքն է արժանացել՝ ուղղակի ռուսները դեմս կտրեցին։ Ես մտածելու որևէ բան չունեմ, իրենք թող մտածեն»,- նշել էր մեր զրուցակիցը։

Կատարվածից հետո գործի անցան իրավապահները։ ՀՀ քննչական կոմիտեն Վայոց ձորում տեղի ունեցած միջադեպից հետո Նարինե Ասատրյանին մեղադրանք էր առաջադրել Քրեական օրենսգրքի 44-452-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով, որը նախատեսում է ազատազրկում 2-5 տարի: Նախաքննության ավարտից հետո քրեական գործն ուղարկվել է Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան: Նարինե Ասատրյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել երկրից չբացակայելը։

Արդյունքում շուրջ մեկ տարի տեւած քննությունից հետո այս տարվա ապրիլի 16-ին դատավոր Միքայել Գրիգորյանը կայացրել է որոշում:

Նարինե Նորիկի Ասատրյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 44-452-րդ հոդվածի 3-րդ նախատեսված հանցանքի կատարման մեջ և նրա նկատմամբ պատիժ նշանակել ազատազրկում՝ 2 տարի ժամկետով:

ՀՀ քրեական օրենսգրքի 84-րդ հոդվածի կիրառմամբ՝ Նարինե Ասատրյանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառել՝ սահմանելով փորձաշրջան 2 տարի ժամկետով՝ վարքի նկատմամբ վերահսկողությունը դնել ՀՀ արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայության վրա։

Նարինե Ասատրյանին պարտավորեցնելով՝ առանց դատապարտյալի վարքագծի նկատմամբ վերահսկողություն իրականացնող իրավասու մարմնի համաձայնության չլքել Հայաստանի Հանրապետության տարածքը, բնակության վայրը փոխելու դեպքում դատապարտյալի վարքագծի նկատմամբ վերահսկողություն իրականացնող իրավասու մարմնին սեղմ ժամկետում հայտնել իր նոր բնակության վայրի հասցեն:

Նարինե Ասատրյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը` բացակայելու արգելքը թողնել անփոփոխ` մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը։
Դատավճռի օրինական ուժի մեջ մտնելուց հետո Նարինե Ասատրյանի` ՀՀ պետական սահմանի հատման արգելափակումը վերացնել։

Դատավճռի օրինական ուժի մեջ մտնելուց հետո քրեական գործով իրեղեն ապացույց ճանաչված՝ Նարինե Նորիկի Ասատրյանի անձնական խուզարկությամբ վերացված բալագույն անձրևանոցը, ոչնչացնել:

Քնար Մանուկյան




Լրահոս