ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Արթուր Գրիգորյանն այսօր տոնում է ծննդյան 62-ամյակը: ArmLur.am-ը Արթուր Գրիգորյանից հետաքրքրվել է, թե ինչպես է կոմպոզիտորն անցկացնելու ծննդյան տարեդարձը:
«Օրվա հետ կապված ոչ մի պլաններ չունեմ, ոտքս մի քիչ վնասվել է ու ընդհանուր օրն անցկացնելու եմ իմ ամառանոցում, ընտանիքիս անդամների ու, եւրեւի թե, ընկերներիս հետ»,-նշում է նա:
Արթուր Գրիգորյանը մեզ հետ զրույցում ընդգծում է, որ միայն մեկ ցանկություն ունի, որ ավարտին հասցվեն Երգի պետական թատրոնի դահլիճի վերանորոգման աշխատանքները, եւ թատրոնը նորից վերաբացվի:
«Շատ ձգձգվեց գործընթացը, իհարկե դա մեծ գումարների հետ է կապված, չգիտեմ, թե ինչպես կլինի : Շատ ոգեւորող է եւ շատ ուրախ եմ, որ իմ մասին նորմալ ռեպորտաժներ էին պատարաստվել , հեռուստաընկերություններով առավոտյան շնորհավորեցին»,- հավելում է Արթուր Գրիգորյանը:
Հավելենք, որ Արթուր Գրիգորյանը սովորել է Երևանի Տիգրան Չուխաջյանի անվան երաժշտական դպրոցի դաշնամուրային, այնուհետև՝ կոմպոզիցիայի դասարանում, 1975-1979 թվականներին՝ Երևանի Ռ. Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում: 1981-1983 թվականներին և 1987 թվականից դասավանդել է «Հայհամերգ» էստրադային ստուդիայում։ 1983-1984 թվականներին աշխատել է Գեղագիտության ազգային կենտրոնում: 1984-1991 թվականներին սովորել է Մոսկվայի թատերական արվեստի պետական ինստիտուտի ռեժիսուրայի ֆակուլտետում։ 1985-1988 թվականներին եղել է «Պոպուլյար» ՎԳԱ-ի երաժիշտ։ 1992 թվականին նշանակվել է Հայաստանի Ազգային ֆիլհարմոնիկ գործակալության նախագահ, մինչ 1994 թվականը ղեկավարել է Հայաստանի պետական ջազ նվագախումբը: 1994 թվականից հիմնադրել և ղեկավարում է Հայաստանի Երգի պետական թատրոնը: 1995-1998 թվականներին եղել է Երևանի Երիտասարդական պալատի տնօրենը։ 2001 թվականից հանդիսանում է Հայաստանի Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամ, 2009 թվականից՝ խորհրդատու։
Հեղինակել է «Այո», «777», «Ասուպ», «Ընծա» մրցանակաբաշխությունները, «Հենց այսպես», «Տես» հեռուստահաղորդումները, «Կանաչ գոտի», «Արցախի ձայներ» նախագծերը, Հայաստանի «Զաքյան» ֆոնդի հովանավորչական ամենամյա հեղինակ-կատարողների մրցանակաբաշխությունը։ Նախաձեռնել և ղեկավարել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի էստրադային կուրսը։ Հեղինակել է բազմաթիվ երգեր, մանկական մյուզիքլներ, մասսայական միջոցառումներ, փառատոներ, թեմատիկ և էստրադային համերգներ:
Լիդա Եղիազարյան