Հակակոռուպցիոն մարմիններ ստեղծելով՝ մենք մեծ պայքար կմղենք ապօրինի գույքի վերադարձման եւ պետականացման դեմ. պատգամավոր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ արդարադատության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքների և հարակից օրենքների նախագծերի փաթեթը: Ըստ այդմ առաջարկվում է ստեղծել մասնագիտացված հակակոռուպցիոն դատարան՝ առնվազն 25 դատավորի թվակազմով, որոնցից 20-ը կքննեն ՀՀ քրեական օրենսգրքի 6-րդ հավելվածով նախատեսված կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ գործերը:

Առաջարկվում է նաև ստեղծել մասնագիտացված վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան՝ առնվազն 10 դատավորի թվակազմով։ Ըստ նախագծերով առաջարկվող փոփոխությունների՝ Վճռաբեկ դատարանում քրեական պալատը գործելու է 8 դատավորի թվակազմով, իսկ քաղաքացիական և վարչական պալատը՝ 13 դատավորի թվակազմով։

Armlur.am-ը այս եւ Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակի մասին զրուցել է ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սերգեյ Ատոմյանի հետ:

-Պարո՛ն Ատոմյան, արդեն հայտնի է, որ Սահմանադրական դատարանի դատավորի երկու թեկնածու կա, ի դեմս Վահրամ Ավետիսյանի եւ Երվանդ Խունդկարյանի, ի՞նչ կարծիք ունեք նրանց մասին, կարծում եք նրանք այն թեկնածուներն են, որոնց պետք էր առաջադրել:

Սահմանադրական դատարանում ճգնաժամ կար, եւ այդ հարցը պետք է շատ արագ լուծել: Առաջադրվել են թեկնածուներ, որոնց պետք է ընտրի խորհրդարանը, կընտրի, թե չի ընտրի, դա ես չեմ կարող ասել, դրան պետք է սպասել, որպեսզի ամեն ինչ պարզ դառնա:

-Բայց Դուք ճանաչում եք այն երկու թեկնածուներին, որոնց առաջադրել են, ի՞նչ դիրքորշում ունեք Դուք նրանց մասին:

Չեմ ճանաչում, իրենց անձամբ չգիտեմ, ընդհանուր առմամբ դրական տեղեկություններ եմ լսել:

-Ձեր խմբակցությունը անցած շաբաթ հանդիպում է ունեցել Վահրամ Ավետիսյանի հետ, ի՞նչ կարծիք կազմեցիք նրա մասին, արդյո՞ք նրան կընտրեք որպես Սահմանդրական դատարանի դատավոր:

Նորմալ կարծիք եմ կազմել, ընթացքում կհասկանանք, ընտրությունը դեռ չի կայացել, քվեարկության օրն ամեն ինչ կհստակեցվի, այժմ որեւէ բան ասելը շուտ է, չեմ կարող որեւէ բան ասել: Խորհրդարան երբ գա, այդ ժամանակ ավելի շատ հարցեր կուղղենք, կհասկանանք , այն ժամանակ քիչ էր հանդիպման ընթացքը: Աժ-ում ավելի շատ ժամանակ կլինի հարցեր ուղղելու, պատասխաններ իմանալու համար: Դրանից հետո, կարծիք կկազմենք:

-ՀՀ արդարադատության նախարարությունը հայտարարել է, որ հանրային քննարկման է ներկայացրել «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքների և հարակից օրենքների նախագծերի փաթեթը: Ըստ այդմ առաջարկվում է ստեղծել մասնագիտացված հակակոռուպցիոն դատարան: Դուք ի՞նչ դիրքորոշում ունեք այդ դատարանի ստեղծման վերաբերյալ:

Պետք է քննարկվի, հասկացվի, թե ինչի մասին է խոսքը, պրակտիկորեն այն ինչ է տալու, տրամաբանությունն այն է, որ այդ դատարանի ստեղծմամբ բավականին շատ հարցեր լուծումներ կգտնեն: Հակակոռուպցիոն մարմիններ ստեղծելով՝ մենք մեծ պայքար կմղենք ապօրինի գույքի վերադարձման եւ պետականացման դեմ: Մենք հույսեր ունենք, որ այդ դատարանների միջոցով կկարողանանք վերականգնել արդարությունը, լուծել կոռուպցիոն  խնդիրները: Իմ կարծիքով, երբ այդ մարմինները ստեղծվեն, սկսեն իրենց բնականոն աշխատանքներն իրականացնել, տարիներ առաջ թալանած մեր ապօրինի գույքերը հետ կվերադարձվի պետական բյուջե, որի միջոցով էլ պետությունը կկարողանա առաջացած խնդիրներին լուծում տալ: Ես կարծում եմ, որ մենք առաջիկայում այդ հարցում բավականին լուրջ առաջընթաց ենք ունենալու:

Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ




Լրահոս