ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վճռաբեկ դատարանի նախագահ Երվանդ Խունդկարյանի՝ Սահմանադրական դատարանի դատավոր դառնալու ցանկությունն անակնկալ է եղել շատերի համար: Նրա առաջադրման հարցը քննարկվելու է այսօր Դատավորների ընդհանուր ժողովի նիստում: Երվանդ Խունդկարյանի հավակնությունների ու իրադարձությունների հնարավոր զարգացումների մասին «Ժողովուրդ» օրաթերթին մանրամասներ են հայտնի դարձել: Նկատենք, որ մինչեւ այժմ, որպես դատական համակարգի թեկնածու, նշվում էին Վարչական դատարանի դատավոր Լիանա Հակոբյանի, Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արման Կուրեխյանի անունները, սակայն վերջին պահին փոփոխություններ են եղել, եւ վերջիններս խաղից դուրս են եկել՝ իրենց տեղը զիջելով ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահին: Մեր տեղեկություններով՝ Խունդկարյանն ինքնակամ է որոշել առաջադրվել որպես թեկնածու, եւ նաեւ դա է պատճառը, որ իր որոշումն անակնկալ է եղել, ասել է թե՝ չի խորհրդակցել գործընկերների հետ քայլն անելուց առաջ: Միեւնույն ժամանակ դատական համակարգում չեն բացառում այլ զարգացումներ եւս: Բանն այն է, որ այժմ Սահմանադրական դատարանում առկա է ոչ միայն երեք դատավորի թափուր տեղ, այլ այդ կառույցը չունի նաեւ նախագահ, եւ երեք անդամներին Ազգային ժողովի կողմից ընտրելուց հետո բոլոր անդամները պետք է նիստ անեն եւ արդեն իրենց միջից ընտրեն ՍԴ նախագահ: Հասկանալի է, որ Վճռաբեկ դատարանի նախագահ Երվանդ Խունդկարյանի պես իրավաբանական գիտելիք ունեցող անձը չէր պայքարի ՍԴ շարքային անդամ լինելու համար, եւ ենթադրվում է, որ հենց նա էլ կընտրվի որպես Սահմանադրական դատարանի նախագահ: Միեւնույն ժամանակ ընդգծենք՝ «Ժողովուրդ» օրաթերթը իր հուլիսի 29-ի համարում գրել էր, որ սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամները չեն կարողանում համաձայնության հասնել Վճռաբեկ եւ Սահմանադրական դատարանների միավորման եւ Գերագույն դատարան ստեղծելու հարցի շուրջ: Ու հիմա քննարկումներ են ընթանում այն տարբերակի շուրջ, որ Գերագույն դատարան այդպես էլ չի ստեղծվի, քանի որ անիմաստ է այժմ ՍԴ անդամներ ընտրելն ու մեկ տարի անց կառույցը կրկին քանդելը: Հավելենք նաեւ, որ չի բացառվում՝ Երվանդ Խունդկարյանի՝ ՍԴ անդամ ընտրվելուց հետո Վճռաբեկ դատարանի նախագահ դառնա Վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ Լիլիթ Թադեւոսյանը՝ նախկին դատախազ Զելիմ Թադեւոսյանի դուստրը։ Վերջինս «Մարտի 1»-ի գործով կալանավորված մի շարք անձանց գործերով հանդիսացել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազ:

 

 

«Ժողովուրդ» օրաթերթին մանրամասներ են հայտնի դարձել կառավարության կողմից առաջադրված Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու Վահրամ Ավետիսյանի եւ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամների միջեւ երեկ տեղի ունեցած դռնփակ հանդիպումից: Մեր տեղեկություններով՝ հանդիպումը բավականին լարված է անցել՝ տեւելով մոտ երեք ժամ: Գրեթե բոլոր պատգամավորները հարցեր են ուղղել Ավետիսյանին, նույնիսկ քաղաքական բնույթի հարցեր՝ պարզելու համար, թե, օրինակ, մինչեւ այժմ ընտրություններ կեղծվել են, թե ոչ, կամ ինչպես է նա վերաբերվում քաղաքական գործընթացներին: Գրեթե բոլոր հարցերին Վահրամ Ավետիսյանը տվել է շատ կարճ եւ, այսպես ասած, խուսափողական պատասխան: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ հանդիպման ժամանակ պատգամավորները նաեւ հետաքրքրվել են իր հորից՝ Դավիթ Ավետիսյանից, որը եղել է «Մարտի 1»-ի մի քանի գործերով որոշումներ կայացնողը: Սակայն Վահրամ Ավետիսյանը հայտարարել է, թե իր հոր արարքներում որեւէ բացասական բան կամ շահերի բախում չի տեսնում: Նշենք, որ թեեւ ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը «Իմ քայլի» շատ պատգամավորների մոտ բացասական լոբբինգ է արել, որպեսզի չընտրեն Ավետիսյանին, այնուամենայնիվ,  երեկ շատ պատգամավորներ  հասկացել են, որ վերջինս վճռական է տրամադրված, եւ ետքայլ այլեւս չի լինելու: Նշենք, որ իշխող խմբակցության ներսում կան նաեւ պատգամավորներ, որոնք դրական են տրամադրված Ավետիսյանի հանդեպ, կան նաեւ չեզոքներ, որոնց համար միեւնույնն է, թե կառավարությունը ում կառաջարկեր. իրենք հաստատ կքվեարկեն:

 

 

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը երեկ ՀՀ Դատական դեպարտամենտ էր ներկայացրել Բարձրագույն դատական խորհրդի անդամի թեկնածուներ Ստեփան Կարոյի Միքայելյանի եւ Գոռ Գագիկի Հակոբյանի վերաբերյալ կազմված բարեվարքության եզրակացությունները: Սակայն ուշագրավ է, որ երեք թեկնածուներից հանձնաժողովը ստացել է միայն երկու թեկնածուի կողմից լրացված բարեվարքության հարցաթերթիկը։ Եվ, ահա, թեկնածուների վերաբերյալ բարեվարքության եզրակացությունները ներկայացնելիս համապատասխան անձանց եւ մարմիններին ԲԴԽ-ն ներկայացրել է երրորդ թեկնածուի՝ Սուրեն Անտոնյանի կողմից բարեվարքության հարցաթերթիկ չներկայացնելու փաստի մասին։ Եվ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ երրորդ թեկնածու Սուրեն Անտոնյանը հայտնել է, թե ներկայացված հարցաթերթիկում եղել են այնպիսի հարցեր, որոնց ինքը պարզապես չի ցանկացել եւ նպատակահարմար չի համարել պատասխանել: Նշենք, որ մինչեւ այս Սուրեն Անտոնյանը հանդիսանում էր ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ վարչական պալատի դատավոր։ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ Սուրեն Անտոնյանին այս տարի կանչել էին ԲԴԽ՝ հարցաքննության՝ կապված նրա կողմից կաշառք վերցնելու ենթադրյալ փաստի հետ:

 

 

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս օրերին տուրիստական ոչ մի ընկերություն չի աշխատում, եւ շատ քիչ տուրօպերատորներ կան, որ գործում են, եւ դրանք էլ զբաղվում են ներքին տուրիզմով: Սակայն պարզվում է, որ ներքին տուրիզմով զբաղվող ընկերությունների մեջ այս ընթացքում ստեղծվել է լուրջ մրցակցություն, արդյունքում գներն են նվազում: «Պեգաս Թրավել Քլաբ» տուրիստական կազմակերպության տնօրեն Ռուզաննա Հակոբյանը «Ժողովուրդ» օրաթերի հետ զրույցում նշեց, որ դա բերում է շուկայի քայքայման: «Իմ ընկերությունը տարիներ շարունակ զբաղվել է, օրինակ, արտագնա տուրիզմով, հիմա դա չկա, սահմանը փակ է: Այսինքն՝ իմ ընկերության եկամուտը 0 է, նույնն է նաեւ ներգնա տուրիզմով զբաղվողների դեպքում. իրենք դրսից զբոսաշրջիկ էին բերում, բայց այսօր օտարերկրյա քաղաքացիների մուտքը արգելված է ՀՀ»,- նկատեց տուրընկերության տնօրենը:  Հավելենք, որ օրեր առաջ խորհրդարանում զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչները հանդիպում են ունեցել պատգամավորների հետ եւ սրտատրոփ սպասում են ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից զբոսաշրջության ոլորտի համար մշակվող պետական աջակցության ծրագրին:




Լրահոս