ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՄԱՍԸ ԿՕՏԱՐՎԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարությունն իր երեկվա նիստում որոշում կայացրեց Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության Պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացված, պետական սեփականություն հանդիսացող, Արաբկիր, Օրբելու փողոց 23 հասցեում գտնվող 9905.21 քառ. մետր ընդհանուր մակերեսով շենք-շինությունները եւ դրանց զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար հատկացված 3.302955 հեկտար մակերեսով եւ 0.004359 հեկտար մակերեսով բաժնային սեփականություն հանդիսացող հողամասն օտարել մրցույթով:

 

ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը նշեց, որ դա զինվորական հիվանդանոցի շենք-շինություն է. «Որոշում է կայացվել այն ներկայացնել աճուրդի նպատակով, որ այնտեղ կառուցվի հյուրանոցային համալիր: Ներդրողների կողմից կներկայացվեն առաջարկություններ, եւ տեղի կունենա մրցույթը: Այս պահին գույքը գնահատվում է մոտ 7,716 մլրդ դրամ՝ դրան գումարած  83 մլն դրամ հողամասային կադաստրային արժեքը: Օրբելի փողոցի վրա հյուրանոցային համալիր կառուցելու հնարավորություն է ստեղծվում»,-ասաց Պապիկյանը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ կատակով արձագանքեց. «Այնքան էլ կենտրոնում չի, բայց տենց էլ կարելի է ասել»: Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ասաց, որ ճիշտ չէ, որ գույքը վաճառում ենք, բայց այդ նույն գույքը գրավ ենք պահում, դա նվազեցնում է ներդրումային գրավչությունը: Նրա խոսքով՝ պարզապես պետք է նկարագրվի, թե ինչ է լիենլու այն դեպքում, եթե ներդրողն իր պարտավորությունները չկատարի:

Վարչապետն էլ արձագանքեց. «Անտրամաբանական է, մարդը գալիս գույքը ձեռք է բերում, մենք ասում ենք՝ չենք տալիս քեզ: Չի կարող տենց բան լինի: Մարդը պետք է հնարավորություն ունենա ըստ անհրաժեշտության գրավադրել, միջոցներ ներգրավել, որ իր ներդրումները կատարի»:

Վարչապետի աշխատակազմի ղեկավար էդուարդ Աղաջանյանը նշեց, որ խնդիրը քննարկել է պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանի հետ:

«Երբ մենք վերջին հինգ գույքը հանել ենք մրցույթի, տրամաբանությունն այն է, որ գույքն օտարման ենթարկվում է որոշակի պայմաններով, եւ դրանց իրականացման վրա որոշակի վերահսկողության լծակ պետք է ունենա Պետգույքի կառավարման կոմիտեն, եւ այդ լծակը գրավն է, բայց դա չի բացառում, որ տվյալ գույքը ձեռք բերողի կողմից կարող է եւս գրավադրվել բանկում: Բաբայանը հավաստիացրեց, որ եթե նման խնդիր կա, ապա այն կլուծվի, եւ խնդիրը կարող է լուծվել պայմանագրի շրջանակներում»,-ասաց նա:

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը նշեց, որ ստացվում է տարօրինակ պրակտիկա: «Ես էլ տեղյակ չէի փաստորեն, որովհետեւ պայմանների կատարումը այլ մեխանիզմներով կարող ենք ապահովել»,-ասաց նա եւ նշեց, որ եթե նման պրակտիկա կա, ներդրողների համար կբարդացնի պրոցեսը, եւ պետք է վերանայել դա:

Էդուարդ Աղաջանյանը նշեց, որ Տիգրան Ավինյանի նկարագրած սցենարները սպառիչ չեն, եւ ռիսկերը ավելի լայն են: Ամեն դեպքում, նա ասաց, որ իրենց դիրքորոշումը միանշանակ է, որ ձեռք բերողը հնարավորություն ունենա գրավադրել այն, ապա ավելացրեց, որ Նարեկ Բաբայանը կներկայացնի առաջարկներ:

Վարչապետն ասաց, որ հիմա գույքեր են հանել մրցույթի, եւ պետք է շուկայի արձագանքը լսեն: Սուրեն Պապիկյանն առաջարկեց հանել հարցը օրակարգից եւ մյուս նիստին դնել քվեարկության, սակայն վարչապետը նշեց, որ դրա կարիքը չկա, ընթացակարգային հարցերը կլուծեն: Նախագիծն ընդունվեց:

 

 

ՃԱՆԱՊԱՐՀԱՇԻՆՈՒԹՅՈՒՆ Է ԸՆԹԱՆՈՒՄ

Տավուշի մարզի  Դիլիջան քաղաքում սուբվենցիոն ծրագրի շրջանակներում ընթանում են Դիլիջանի թիվ 3 եւ թիվ 6 մանկապարտեզների հիմնանորոնոգման աշխատանքները։ Սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում ընթացքի մեջ են նաեւ Դիլիջան քաղաքի ներհամայնքային ավտոճանապարհների վերանորոգման աշխատանքները։ Դիլիջան համայնքի ղեկավար Արմեն Սանթրոսյանն այդ կապակցությամբ հրավիրել է խորհրդակցություն, ուր ճանապարհաշինարարների հետ քննարկվել է սուբվենցիոն ծրագրերով իրականացվող ներհամայնքային ճանապարհների վերանորոգման աշխատանքների ընթացքը:  Խորհրդակցությունում  նշվել է, որ աշխատանքներն ընթանում են նախատեսված ժամկետներին համապատասխան: Համայնքի ղեկավարը հայտարարել է, որ  մրցույթներում հաղթած  կազմակերպությունների  ներկայացուցիչներին  ներկայացրել է  իր նկատառումները կատարված աշխատանքների վերաբերյալ՝ հույս հայտնելով, որ շինարարական  աշխատանքները կկատարվեն որակով եւ կավարտվեն պահանջված, պայմանագրերով սահմանված  ժամկետներում:

 

ԳՈՂԱՑԵԼ Է ՄԵԾ ՔԱՆԱԿԻ ԾԽԱԽՈՏ

Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Իջեւանի նստավայրում ընթանում է Տավուշի մարզի Իջեւան քաղաքի բնակիչ, 1987թ. ծնված  Հրանտ Վարդանի Պողոսյանի դատավարությունը։ Նրան մեղադրանք է  առաջադրվել այն բանի համար, որ  2020թ.  մայիսի  7-ին՝  ժամը 01: 30-ի սահմաններում, ուրիշի գույքը գաղտնի հափշտակելու դիտավորությամբ մետաղյա ձողով  բացել է  Իջեւան քաղաքի Գանինի  փողոցում  գտնվող Վարդուհի Մարկոսյանին պատկանող խանութ-կրպակի դուռը եւ այնտեղից  գողացել  ընդհանուր 374 հազար  ՀՀ դրամ արժողությամբ տարբեր տեսակի ծխախոտներ։ Հրանտ Պողոսյանին մեղադրանք է առաջաադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով («Գողությունը, որը կատարվել է խոշոր չափերով՝ պահեստարան կամ շինություն ապօրինի մուտք գործելով»)։

Սույն քրեական հոդվածով բնութագրվող արարքը պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից  հազարապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ 2-5 տարի ժամկետով։ Հրանտ Պողոսյանի նկատմամբ խափանման միջոց է ընտվել չհեռանալու մասին ստորագրությունը։

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ




Լրահոս