ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայաստանում հանգիստը՝ թանկարժեք հաճույք. ինչ գներ և պայմաններ են առաջարկում հյուրանոցները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արտաքին աշխարհի հետ կապ չկա, սահմանները փակ են, զբոսաշրջիկների ելումուտն էլ՝ արգելված: Համավարակով պայմանավորված շարունակում է տուժել զբոսաշրջային ոլորտը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նախորդ նիստում նշել էր, որ մինչեւ զբոսաշրջային սեզոնի ավարտը Հայաստանում միջազգային թռիչքները չեն վերականգնվի: Այս սահմանափակման մեջ վարչապետը փորձել էր նաեւ լավ բան գտնել` այն անվանելով Հայաստանի նոր անկյունները բացահայտելու հիանալի հնարավորություն: Չէ որ այս օրերին տուրիստական ոչ մի ընկերություն չի աշխատում, եւ շատ քիչ տուրօպերատորներ կան, որ գործում են, եւ դրանք էլ զբաղվում են ներքին տուրիզմով:

Նաեւ՝ ներքին տուրիզմով զբաղվող ընկերությունների մեջ այս ընթացքում ստեղծվել է լուրջ մրցակցություն, արդյունքում գներն են նվազում: Բայց եթե մտադիր եք կորոնավիրուսային այս պայմաններում ամառային հանգիստն անցկացնել Հայաստանում, ապա պետք է արագ կողմնորոշվեք վայրն ընտրելու հարցում: Մեր հանրապետության, մեղմ ասած, թանկարժեք հյուրանոցներում ու հանգստյան տներում այս օրերին արդեն գրեթե բոլոր տեղերը պատվիրված են: Եթե ազատ տեղեր կան, ապա բավականին թանկ են: Կոտայքի մարզը, հատկապես Ծաղկաձորը, Աղվերանը, Հանքավանը, համեմատաբար պասիվ են եղել այս տարվա մայիս, հունիս եւ հուլիս ամիսներին։ Դա պայմանավորված է կորոնավիրուսով, որովհետեւ այդ քաղաքների հյուրանոցներում էին գտնվում նաեւ ինքնամեկուսացված անձինք:

Անգամ հուլիսին ծաղկաձորյան հյուրանոցները նվազեցրին սակագները: Բայց այս օրերին ArmLur.am-ը հեռախոսազանգեր է ստանում քաղաքացիներից, որ հյուրանոցների սեփականատերերն այս օրերին ակտիվություն են նկատել եւ բարձրացրել են ծառայությունների գները: ArmLur.am-ը փոքրիկ ուսումնասիրության ընթացքում պարզեց, որ Աղվերանի  «Արարատ» հանգստյան տանը մինչեւ օգոստոսի 19-ը ազատ համարներ չկան: Աղվերանի մյուս՝ «Արթուրս» հանգստյան տանը մեկ օրվա երկտեղանոց համարի արժեքը երկու անձի համար կազմում է 34 հազար դրամ. արժեքի մեջ մտնում է միայն նախաճաշ: Եթե 2 գիշեր եւ ավել եք ցանկանում մնալ, ապա գինը նվազում է 3000 դրամով՝ դառնալով 31 հազար դրամ: Ի դեպ, Աղվերանի «Կրիստալ» եւ «Լիլիթ»  հանգստյան տներում եւս ազատ համարներ չկան: Սեւանի «Նոյ լենդ» հյուրանոցի երկտեղանոց մեկ քոթեջի արժեքը կազմում է 33 հազար դրամ, գնի մեջ ներառված է միայն նախաճաշը:

Իսկ ահա Սեւանի «Գլաձոր»-ի մեկ քոթեջի արժեքը կազմում է 25 հազար դրամ: Սեւանի «Կապույտ Սեւան» հանգսյան տան երկտեղանոց համարի արժեքը կազմում է 22 հազար դրամ գնի մեջ ներառված է միայն նախաճաշը: Իսկ ահա նույն հանգստյան տան քոթեջի արժեքը 100 հազար դրամ: Դիլիջանի «Թեժ լեռ»-ում, «Քոզի հաուս»ում եւս ազատ համարներ չկան:

Հավելենք, որ օրեր առաջ խորհրդարանում զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչները հանդիպում են ունեցել պատգամավորների հետ եւ սրտատրոփ սպասում են ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից զբոսաշրջության ոլորտի համար մշակվող պետական աջակցության ծրագրին:

Մանրամասները՝ տեսանյութում

Սյունէ Համբարձումյան




Լրահոս