ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻՆ ԴԻՄԱՎՈՐԵՑԻՆ ԱՄՈԹԱՆՔՆԵՐՈՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս հինգշաբթի եւս կառավարության շենքի առաջ դատարկ չէր, մարդիկ կրկին հավաքվել էին հայրենի նախարարներին իրենց ծայրահեղ ծանր վիճակի մասին տեղեկացնելու համար, սակայն այս անգամ ոչ ոք չբարեհաճեց ներկայանալ:Կառավարությունը երեկ առանձնապես ներկայանալի չէր: Նախարարությունների մեծ մասը փոխնախարարների դեմքերով էր ներկայացված: Նախարարներից ոմանք, հավանաբար դեռեւս Հայաստանի անկախության 20-ամյակի տոնակատարության ազդեցության տակ լինելով,  չէին բարեհաճել ներկայանալ կառավարության նիստին, իսկ ոմանք էլ եկել էին ուղղակի ներկա գտնվելու համար:Մինչ գործադիրն «իր գործն» էր անում, դրսում ժողովուրդը կրկին բարձրաձայնում էր այն, ինչ մտածում է նախարարների մասին. «Լափողնե՛ր, անկախություն եք նշում, բայց ժողովուրդն անկախ չէ: Մեզ կոտորում եք, իսկ դուք ձեր վզերն եք հաստացրել: Մեր օրին պետք է ընկնեք, որ իմանաք… ամո՛թ»: Այս խոսքերն ակտիվորեն հնչում էին այն ժամանակ, երբ նախարարներն ինքնագոհ դուրս էին գալիս կառավարության շենքից:Կրպակատերերը, իրենց սեփականության իրավունքի համար պայքարող ժողովուրդը, թոշակառու օդաչուներն ու «Սեւազգեստ մայրեր» նախաձեռնության անդամները ցանկանում էին իրենց սրտի խոսքը փոխանցել պատասխանատու գերատեսչությունների ղեկավարներին, սակայն երկար սպասելուց հետո միայն մի քանի նախարարներ` գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը, բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը, արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը, կապի եւ տրանսպորտի նախարար Մանուկ Վարդանյանը դուրս եկան ու գլուխները «կախ», առանց աջ-ձախ նայելու արագ հեռացան: «Դե սրանց ի՞նչ ասենք, սրանք հեչ»,-արձագանքեցին ներկաները: «Երեւի հետեւի դռնով «ծլկել» են»,-համոզմունք հայտնեց ակցիայի մասնակիցներից մեկը, որից հետո որոշվեց հեռանալ` ակնկալելով, որ հաջորդ անգամ կկարողանան «բռնացնել» նախարարներին: Չնայած սրան, մարդիկ շարունակում են հույս չունենալ: Զոհված զինծառայողներից մեկի ծնողը դժգոհեց. «Որ հանդիպում ենք, ի՞նչ: Նախարարն ասում ա` հանձնարարական կտամ, ու ոչ մի արդյունք էլ չի լինում: Սրանց ասելն էլ արդեն օգուտ չի»: Մի խոսքով, մեր երկրում անգամ նախարարները չեն կարողանում «հարց լուծել», ինչն արդեն արձանագրել են նաեւ ՀՀ շարքային քաղաքացիները:ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս