Արթուր Մեսչյանն աշխատանքից ազատման դիմում է գրել․ նա կհեռանա՞ մինչ հոկտեմբեր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանի պաշտոնավարման ժամկետը մոտենում է ավարտին: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը՝ արձագանքելով լուրերին, թե Մեսչյանը հեռանում է:

Քաղաքապետը հիշեցրեց՝ իր պաշտոնավարման հենց սկզբից Արթուր Մեսչյանը հայտարարել է, որ գալիս է մոտ 2 տարի ժամկետով և այդ ժամկետը մոտենում է ավարտին:

«Բնական է՝ երբ հեռանա, սեփական դիմումի համաձայն պետք է հեռանա: Այսօր նա պաշտոնավարում է, երբ գա հեռանալու ժամանակը, կհայտարարվի, այդտեղ գաղտնի բան չկա: Նա իր պաշտոնավարման առաջին օրերից ասել է այդ մասին, որ այս օրը երբ գա, հարց չառաջանա»:
Հիշեցնենք, որ Արթուր Մեսչյանը Երևանի գլխավոր ճարտարապետ էր նշանակվել 2018 թ հոկտեմբերին, և քաղաքապետի նշած երկու տարին լրանում է հենց հոկտեմբեր ամսին։ Չնայած այն հանգամանքին, որ Արթուր Մեսչյանը պետք է պաշտոնավարի դեռևս 2 ամիս, ArmLur.am-ը տեղեկացավ, որ նա, այնուամենայնիվ, աշխատանքից ազատման դիմում է գրել։ Եվ , ամենայն հավանակնությամբ , Երևանի գլխավոր ճարտարապետը չի սպասի ժամկետի ավարտին ու ժամանակից շուտ կհեռանա։
Նշենք, որ այսօր ամբողջ օրը փորձել ենք զրուցել Արթուր Մեսչյանի հետ, սակայն մեր հեռախոսազանգերը մնացել են անպատասխան։




Լրահոս