Ջրաշեն համայնքի ղեկավարի կողմից առերևույթ կատարված չարաշահումների դեպքերի առթիվ հարուցված քրեական գործն ընդունվել է վարույթ․ Քննչական կոմիտե

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ Ջրաշեն համայնքի ղեկավարի կողմից առերևույթ կատարված չարաշահումների բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ Քննչական կոմիտեն։

Նյութերի նախապատրաստմամբ տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Լոռու մարզի Ջրաշեն համայնքի ղեկավարը, իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, պաշտոնավարման ընթացքում թույլ է տվել չարաշահումներ:

Մասնավորապես՝ համայնքի ղեկավարը, համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի օգտագործման հաշվին իր ընտանիքի համար լրացուցիչ եկամուտներ ապահովելու շահադիտական դրդումներից ելնելով, համայնքին սեփականության իրավունքով պատկանող 0,24 հա մակերեսով հողատարածքը վարձակալության է հանձնել հորը, որը հետագայում նույն հողամասը, կնքված պայմանագրով, ամսեկան 80.000 ՀՀ դրամ վարձավճարով, վերավարձակալության է տվել հեռահաղորդակցական գործունեությամբ զբաղվող ընկերությանը:

Արդյունքում, մինչև 2020թ. հուլիս ամիսն ընկած ժամանակահատվածում, նախնական տվյալներով, ստացել է ընդհանուր 14. 000.000 ՀՀ դրամ վարձավճարի տեսքով շահույթ, ինչի հետևանքով էական վնաս է պատճառվել Ջրաշեն համայնքի իրավունքներին և օրինական շահերին՝ համայնքին զրկելով նշված հողամասի օգտագործման դիմաց եկամուտ ստանալու հնարավորությունից։

Բացի այդ, նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է նաև, որ նույն համայնքի ղեկավարը մեկ այլ պայմանագիր էլ՝ հողամասի առուվաճառքի վերաբերյալ, կնքել է որդու հետ, որով համայնքային սեփականություն հանդիսացող 0,1 հա մակերեսով հողամասը սեփականության իրավունքով հատկացրել է որդուն ու վերջինիս միջոցով, նշված հողամասը, ամսական 100.000 ՀՀ դրամ վարձավճարի դիմաց, վարձակալության է հանձնել հեռահաղորդակցական գործունեությամբ զբաղվող մեկ այլ ընկերության, որի արդյունքում, մինչև 2020թ. հուլիս ամիսն ընկած ժամանակահատվածում, հողամասի օգտագործման դիմաց, նախնական տվյալներով, ստացել է ընդհանուր 18.000.000 ՀՀ դրամ վարձավճարի տեսքով շահույթ։

Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերն առերևույթ պարունակում են համայնքի ղեկավարի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու հատկանիշներ՝ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով, որն ըստ ենթակայության ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն և ընդունվել վարույթ:

Կատարվում է նախաքննություն:




Լրահոս