Խաբված բնակիչների փաստարկներն՝ ընդդեմ «ՎՏԲ-Հայաստան» բանկի արդարացումների

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն հայտնել էինք, որ Հայաստանում ավելի քան 1500 ընտանիք զոհ է գնացել նոր, այսպես կոչված, բանդայի խաբեությանը: Վարդան Ավետիսյան անունով մի անձնավորություն, ով այս պահին գտնվում է հետախուզման մեջ, խաբելով Ջրաշեն գյուղի 35 ընտանիքների, նրանց անունով ապառիկ է ձևակերպել, ինչի մասին բնակիչները տեղեկացել են «ՎՏԲ-Հայաստան» բանկից ստացված ծանուցագրերից:

Այստեղ նշված է եղել, թե «Կոմպարտ» ՍՊԸ-ի միջոցով իրենք համակարգիչներ են վերցրել և պետք է մարեն կուտակված գումարները: Իսկ Armlur.am-ի գրավոր հարցմանն ի պատասխանն՝ բանկը հայտնել է, որ 2013 թվականի հունիսից «Կոմպարտ» ՍՊԸ-ի հետ չի համագործակցում:

Նշենք, որ հոդվածի հրապարակումից անմիջապես հետո, մեր խմբագրություն զանգահարեց բանկի աշխատակիցներից մեկը՝ նշելով հետևյալը. «Դուք դիմել եք մեզ մասնավորապես հետևյալ հարցումով.«Խնդրում ենք պարզաբանել` ինչպես է ստացվել, որ առանց քաղաքացիների ներկայության, սակայն նրանց անվամբ ապառիկի ձևակերպում է իրականացվել ՎՏԲ-Հայաստան Բանկում»: Ճշտելու համար` կոնկրետ ինչ հաճախորդի մասին է խոսքը, մենք խնդրել ենք տրամադրել մեզ տեղեկատվություն հաճախորդի մասին: Ձեր կողմից գրավոր տեսքով մեզ ուղարկվել է մեկ հաճախորդի մասին տեղեկություն, սակայն դուք խոսում էիք 35 ընտանիքների մասին (կայքում հրապարակված տեսանյութում նույնպես խոսվում է 35 ընտանիքների մասին)»:

Armlur.am-ի խմբագրությունը հայտնում է, որ մեզ հետ զրույցում բանկի աշխատակցուհին խնդրել էր տրամադրել գոնե մեկ բնակչի տվյալ, ոչ թե բոլոր 35 ընտանիքների անդամների տվյալները: Բնականաբար, մենք տրամադրել ենք բնակիչներից միայն մեկինը: Սակայն ի պատասխան բանկի հիշյալ պարզաբանմանը հրապարակում ենք մեզ դիմած բոլոր տուժածների անձնագրային տվյալները:

tuzhacner

Ի դեպ բանկն, ավելի ուշ ուղարկած պարզաբանման մեջ նշում է նաև, որ ամենայն պատասխանատվությամբ հայտարարում է, թե հարցման մեջ ներառված հաճախորդն անցել է բանկում սահմանված բոլոր ընթացակարգերը, այնուհետև ստացել վարկը: Իհարկե, բանկը նշում է վարկի մասին, սակայն խոսքն առանց մեզ դիմած բնակչի ներկայության նրա անվամբ ապառիկի ձևակերպման մասին է, սակայն սա հարցի մյուս կողմն է: Այստեղ առավել ուշագրավ է այն, թե ինչու մեր հարցման պատասխանի մեջ բանկը չէր նշել, որ հաճախորդը անցել է սահմանված ընթացակարգերը և նյութի հրապարակումից հետո միայն որոշեց նշել այդ մասին:

Բանկը հայտնում է նաև, որ իրավիճակը պարզելու համար վարկառուն կարող է մոտենալ նշված բանկի ցանկացած մասնաճյուղ և ստանալ հետաքրքրող տեղեկությունը, սակայն մեզ դիմած բոլոր բնակիչներն՝ առանց բացառության հայտնում են, որ դիմել են բանկին պարզաբանումներ ստանալու համար, իսկ բանկը ի պատասխան ասել է, թե խնդիրը պետք է լուծվի իրավապահ մարմինների և այն անձնավորության հետ, ով իրենց ներքաշել է այս ամենի մեջ:

Տեղեկացնենք, որ սա բանկի հետ կապված նմանատիպ միակ պատմությունը չէ: Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարան վարույթ է ընդունվել քրեական գործն այն մասով, թե ինչպես 34 մարդկանց վստահությունը չարաշահելով ՝ «ՎՏԲ-Հայաստան» բանկում ձևակերպվեցին սպառողական վարկեր՝ 225-250 հազար դրամի չափով:

Այսպես, ըստ մեղադրական եզրակացության՝ 57-ամյա Մարտիկ Սարգսյանը հանցավոր համաձայնության է եկել Արմավիրի մարզի 31-ամյա բնակչուհի Հերմինե Թովմասյանի հետ: 2013 թվականի հուլիսի 12-ից մինչև 18-ը նրանք իրենց ծանոթների ու ազգականների՝ Արարատի, Արմավիրի, Լոռու, Սյունիքի մարզերի շուրջ 34 քաղաքացիների վստահությունը չարաշահել ու «ակցիայի» են հրավիրել՝ կեղծ խոստումներ տալով, թե «Վիվասելը» 20-30 հազար դրամ է բաժանում՝ որպես սոցիալական օգնություն:

Դյուրահավատ քաղաքացիները հրավիրվել են Էջմիածին քաղաքում գործող «Արման Տոնոյան» ԱՁ-ի էլեկտրատեխնիկայի խանութ-սրահ: Այնտեղ «սոցիալական օգնություն» ստանալու հույսով եկած քաղաքացիների անձնագրերի հիման վրա, առանց նրանց գիտության, կատարվել են համակարգիչների, դյուրակիր համակարգիչների ու պլանշետների ապառիկ վաճառքի գործարքներ:

Ապրանքներ ձեռք բերելու համար հիշյալ միամիտ քաղաքացիներին «ՎՏԲ Հայաստան» բանկի կողմից տրամադրվել են սպառողական վարկեր՝ 225-250 հազար դրամի չափով, այդ գումարները փոխանցվել են խանութի հաշվեհամարին:

Որպես «սոցիալական օգնություն»՝ տուժող քաղաքացիների մի մասին վճարվել է 20-30 հազար դրամ, և քաղաքացիները շնորհակալ լինելով՝ հեռացել են ու գոհ են մնացել մինչև այն օրը, երբ բանկից վարկի ու տոկոսների մարման պահանջ են ստացել:




Լրահոս