«Միսս Հայաստան 2000» Իրինա Թովմասյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ այս անգամ անկեղծ զրուցել է դուստրերի հետ հարաբերությունների, հայր եւ դուստր փոխահարաբերության, նրանց դաստիարակության եւ ոճի մասին:
-Իրինա՛, կապը Ձեր եւ Ձեր դուստրերի հետ ինչպիսի՞ն է:
-Միանգամից կարող եմ ասել, որ խստություն ասվածն ինձ համար չէ, ես չեմ կարողանում նրանց վրա բարկանալ, թեկուզ շատ անհրաժեշտ պահերին: Օրինակ, երբ ասում եմ այսօր ցուրտ է , լողավազան մտնել չի կարելի, բայց նրանք պնդում են ու լողանում, հասկանում եմ, որ այդպես նրանք իմունիտետ են ձեռք բերում, կամ երբ դեղ չեն ուզում խմել, նորից հասկանում եմ, որ այդպես նրանք կոփվում են, օրգանիզմը փորձում է ամրանալ: Ես շատ ուրախ եմ, որ նրանք ունեն իրենց կարծիքը ևկարողանում են ազատ արտահայտվել: Ես չէի ցանկանա, որ անեին այն, ինչ միայն ես եմ ասում: Իմ եւ աղջիկներիս հետ փոխահարաբերությունները շատ ընկերական են, իսկ մեծ աղջկաս՝ Մեգգի հետ, առավելեւս:
– Իսկ Ձեր ամուսնու եւ երեխաների հետ կապն ինչպիսի՞ն է , սովորաբար աղջիկներն առավել մտերիմ են լինում հայրիկների հետ:
-Ամուսնուս հարաբերությունները երեխաների հետ կարելի է ասել իդեալական են: Իմ պատկերացմամբ՝ ամենաիդեալակնն են, որովհետեւ մեզ մոտ չկան ձեւականություններ, հայրիկի մոտ չի կարելի սա անել, չի կարելի սա ասել: Մենք շատ թեթեւ, շատ հանգիստ հարաբերությունների մեջ ենք, եւ երեխաներիս ուշքը գնում է իրենց հայրիկի հետ ժամանակ անցկացնելու համար: Նրա հետ խաղալ, գիշերը նույնիսկ նրա գրկում քնել: Ամբողջությամբ Ֆիլմերում տեսած կամ գրքերում կարդացածն է, թե հայրիկն աղջիկների համար լրիվ ուրիշ է, եւ ես դա փաստում եմ : Շատ-շատ ուրիշ են, քանի որ նրանց կապը շատ ուժեղ է, եւ ավելացնեմ, որ նրանք շատ նման են իրենց հայրիկին, աչքերի գույնով, մազերով , դիմագծերի մեջ էլ կան նմանություններ, եւ չէր կարող ուղղակի այլ կերպ լինել, քանի որ բնավորության մեջ էլ կան նմանություններ:
-Դաստիարակության հարցում ի՞նչն եք ավելի շատ կարեւորում:
-Դաստիարակության մեջ առաջնահերթ են ինձ համար առողջ փոխհարաբերությունները, սերը, բարի վերաբերմունքը դեպի երեխաները: Ես չեմ սիրում, երբ անընդհատ բարկանում են, պատժում են… Ես սիրում եմ, երբ սիրում են իրար, համբուրում են, գրկում են: Ամեն ինչը հասկացնելով, բացատրելով են տեղ հասցնում երեխաների մոտ: Բարկանում եմ շատ հազվադեպ դեպքերում, դե երեւի առանց դրա չի լինի, բայց ամենակարեւորն ինձ համար այն է, որ լինենք նրանց համար լավ ընկեր: Համենայնդեպս ես իմ մեծ դստերը՝ Մեգգիին այդպես եմ դաստիարակել, նա այդպես է մեծացել, արդեն 17 տարեկան մեծ աղջիկ է ,եւ ես տեսնում եմ, որ ես չեմ սխալվել: Հուսամ, որ փոքրիկների հարցում էլ նույն կերպ կլինի:
-Իրինա՛, Ձեզ հետ միասին երեխաներին խնամում են նաեւ դայակները: Մեր օրերում այնքան վստահություն չկա դայակների հարցում…
– Երեխաներն ունեն դայակներ, նրանք մեր տատիկներն են, մեր տան անդամներն են: Մենք շատ սիրում ենք միմյանց, նույնիսկ դայակների ընտանիքների անդամների հետ շատ ջերմ հարաբերությունների մեջ ենք, նրանց երեխաների հետ են փոքրերս ընկերություն անում, այնպես, որ մեր դայակները մեր գանձերն են:
-Սովորաբար տան փոքր երեխաները միշտ խանդով են վերաբերվում ավագներին: Ձեր դեպքում ինչպե՞ս է:
-Մեծ դստերս փոքրերը չեն խանդում, ճիշտ է նմանակում են, բայց բացարձակ չեն խանդում : Մեգգին իրենց համար կարծես՝ Աստված լինի, ինչ ասի, այդպես էլ անում են, նույնիսկ երբ ինձ չեն լսում ,Մեգգին է գալիս օգնության, եւ վերջ՝ ամեն ինչ ընկնում է տեղը, նրանք Մեգգին շատ են վստահում եւ նրա խոսքը իրենց համար կարեւոր ու ճիշտ է: Փոքրերի հետ ընկերություն անելու համար դեռ վաղ է, քանի որ տարիքային մեծ տարբերություն կա, բայց այն որ նրանց փոխհարաբերությունները շատ ստացված ու ճիշտ են, դրանում վստահ եմ:
-Իրինա՛, երբեւէ չե՞ք մտածել տղա երեխա ունենալու մասին:
-Երբեւիցե չեմ մտածել տղա երեխա ունենալու մասին, քանի որ մենք միշտ մտածել ենք երեխա ունենալու մասին , եւ այդ մտածելակերպը, երեխաներին տարբերակելն, ըստ սեռի շատ սխալ է, շատ տգեղ է: Երեխան մնում է երեխա, կարեւորը առողջ լինի: Մենք մեր օրերում տեսնում ենք , թե ինչքան շատ են խնդիրները երեխաների առողջության հետ կապված, ծնվում են հիվանդ երեխաներ: Ծնողը ուղղակի բարոյական իրավունք չունի մտածելու սեռի մասին, իհարկե, մտածել կարելի է, բայց հատուկ պլանավորելը սխալ է: Ավելի լավ է մտածել միայն առողջ երեխա ունենալու մասին: Կարող են սեռի մասին միայն երազել մտքում, բայց դրանից զատ քայլեր չձեռնարկել: Ես սիրում եմ իմ աղջիկներին, եւ ոչ մի աղջկաս չեմ փոխի նույնիսկ հազար տղայի հետ, բայց եթե լինեին տղա, նույնը կանեի նաեւ նրանց դեպքում: Ինձ համար երեխան երեխա է:
– Իսկ երեխաների հագուստների ընտրության մեջ առավել նախապատվությունը ինչի՞ն եք տալիս:
-Երեխաների հագուստներն ընտրում են իրենք, նույնիսկ փոքրիկներս են արդեն սկսել ինքնուրույն ընտրել: Արդեն ունեն իրենց ձեւավորված ճաշակը, նախասիրությունները, ճիշտ է դեռ վաղ է, տարիների ընթացքում նոր կձեւավորվի, բայց այս պահի դրությամբ նրանք շատ լավ գիտեն, թե ինչ է իրենց հարկավոր: Փորձում ենք նրանց հետ համաձանեցնել, իսկ դե մեծ աղջկաս մասին, արդեն խոսք չկա:
Զրուցեց Լիդա Եղիազարյանը