Լոռու մարզում ավելացել են դատարան ուղարկված քրեական գործերը. Դատախազություն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Լոռու մարզի դատախազությունում կատարված ամփոփման համաձայն՝ 2020թ. առաջին կիսամյակում ՀՀ Լոռու մարզի դատախազության դատախազների դատավարական հսկողության կամ ղեկավարման ներքո գտնված վարույթներով առերևույթ կոռուպցիոն դեպքերով հարուցվել է 33 քրեական գործ։

Հայտնաբերված կոռուպցիոն դեպքերից 5-ն արձանագրվել է կրթության, 14-ը՝ տեղական ինքնակառավարման, 4-ը՝ ճանապարհների կառուցման, 1-ը՝ բանկային, 1-ն՝ առողջապահության, 2-ը՝ սոցիալական ապահովության պետական և բժշկասոցիալական ծառայության ոլորտներում, 2-ը՝ պետական ոչ առևտրային կազմակերպություններում կատարված կոռուպցիոն հանցավոր դրսևորումների առթիվ, իսկ 4-ը վերաբերում է իրավապահ մարմինների պետական ծառայություն իրականացնող անձանց կողմից առերևույթ հանցագործությունների կատարմանը:
2020թ. առաջին 6 ամիսների ընթացքում քննված քրեական գործերով 42 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում, որոնցից՝ համայնքների 4 ղեկավար և 1 աշխատակից, դպրոցների և քոլեջի 6 տնօրեն, 3 փոխտնօրեն և 4 աշխատակիցներ, «Լոռի» ջրօգտագործողների ընկերության տեղամասի 1 տնօրեն և 1 աշխատակից, ՍՊԸ 1 տնօրեն և 2 աշխատակիցներ, հիմնադրամի 1 տնօրեն, ՀՈԱԿ-ի 1 տնօրեն, բժշկասոցիալական հանձնաժողովի 1 նախագահ և 3 անդամներ, ՎՊՄՀ 1 ամբիոնի վարիչ, 12 քաղաքացի:

Նշված ժամանակահատվածում մեղադրական եզրակացությամբ դատարան է ուղարկվել 4 անձի վերաբերյալ 3 քրեական գործ: Կոռուպցիոն բնույթի հանցագործությունների վերաբերյալ դեպքերով հարուցված քրեական գործերով նախնական պարզվել է պետությանը պատճառված 260.905.234 ՀՀ դրամի չափով նյութական վնաս, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ (183.499.500 ՀՀ դրամ) ավելի է շուրջ 42%-ով: Նշված վնասից 23.588.605 ՀՀ դրամը Լոռու մարզի դատախազության անմիջական գործուն ներգրավվածությամբ վերականգնվել է, իսկ մնացած մասը վերականգնելու ուղղությամբ գործադրվել է համապատասխան քրեադատավարական գործիքակազմ: Բռնագանձումը պատշաճ ապահովվելու համար նախաքննության ընթացքում մեղադրյալներին պատկանող գույքի վրա դրվել է արգելանք:

2020թ. 6 ամիսների ընթացքում կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեպքերով նախապատրաստված նյութերի և հարուցված քրեական գործերի շրջանակներում հանցագործության պատճառների ու նպաստող պայմանների, ինչպես նաև հայտնաբերված պետական շահերի խախտումները վերացնելու նպատակով ներկայացվել են տարբեր խնդիրների վերաբերյալ 4 միջնորդագրեր:

Մարզի դատախազությունը լայնածավալ գործունեություն է ծավալել նաև նաև պետական շահերի պաշտպանության ոլորտում: Այս գործառույթի շրջանակներում կատարվել կամ կատարվում են 34 ուսումնասիրություններ՝ որոնք ընդգրկում են պետական սոցիալական ապահովագրության և սոցիալական ապահովության, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության, անտառների պահպանության, համայնքի ղեկավարների կողմից օրենքին հակասող հողամասեր տրամադրելու գործընթացին: Այս ուսումնասիրությունների արդյունքում հարուցվել է 6 քրեական գործ:

Բացի այդ, պետական շահերի պաշտպանության շրջանակներում դատարանում ավարտված 1 քաղաքացիական գործով բավարարվել է Լոռու մարզի դատախազության կողմից ներկայացված 148.595.000 ՀՀ դրամի չափով քաղաքացիական հայց: Կատարողական թերթիկն ուղարկվել է ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայություն և վերջինիս միջնորդության հիման վրա պարտապանին պատկանող բաժինն առանձնացնելու և դրա վրա բռնագանձում տարածելու պահանջի վերաբերյալ Լոռու մարզի դատախազության կողմից ներկայացվել է քաղաքացիական հայց։

Լոռու մարզի դատախազությունը և քրեական հետապնդման մյուս մարմինները լուրջ արդյունքներ են արձանագրել քրեական գործերը՝ դատարան ուղարկելու ելքով ավարտելու ոլորտում: Մասնավորապես, եթե 2019թ. առաջին կիսամյակում դատարան էր ուղարկվել 75 քրեական գործ՝ 110 անձի վերաբերյալ, ապա 2020թ. նույն ժամանակահատվածում դատարան է ուղարկվել 156 քրեական գործ (շուրջ 108%-ով ավելի) 168 անձի վերաբերյալ (շուրջ 52%-ով ավելի):




Լրահոս